«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻՆՙ ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA, նախագահ Գագիկ Գեւորգյան) հիմնվել է 14 տարի առաջ եւ իր շուրջն է համախմբել աշխարհի հայ ոսկերիչներին, միմյանցից սովորելու եւ իրար փոխանցելու հայ ոսկերչական դարավոր արվեստը: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին է նվիրվում AJA-ի Երեւանում անցկացվողՙ սեպտեմբերի 21-23-ը առաջին ցուցահանդեսը: Անդրանիկ ցուցահանդեսը իր տեսակի մեջ բացառիկ շքեղ, իսկ բովանդակությամբՙ բարեգործական ուղղություն ունեցող միջոցառում է, որին մասնակցում էին հայազգի 65 ոսկերիչներ ու ոսկերչական ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվումՙ ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, ՌԴ, Ֆրանսիա, Իտալիա, Թայլանդ, Լիբանան: Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ հայաստանյան ոսկերչական ընկերություննները: ՀՀ սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեց «AJA-ի դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողով: Իսկ տոնական զորահանդեսի ավարտից անմիջապես հետո, Մարիոտ-Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում հանրապետության նախագահի մասնակցությամբ բացվեց ցուցահանդեսը: AJA-ի նախագահ Գագիկ Գեւորգյանի ուղեկցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ ու նախարարների հետ շրջեցին ու հիացան հայ ոսկերիչների մտքի թռիչքով ստեղծված ոսկյա եւ գոհարեղեններից պատրաստված զարդերով, որոնցից յուրաքանչյուրը հաստատում էր, որ աշխարհում հայ ոսկերիչներն իրենց ուրույն տեղը եւ պահանջարկը ունեն:

Ոսկերիչ-ձեւավորող Սարգիս Սահակյանի գործերում զուգորդված են ինչպես ժամանակակից, այնպես էլ անցյալի, մասնավորապես Ֆաբերժեի տան, ոսկերչական դպրոցների լավագույն ավանդույթները եւ դրանցում առանձնակի ուշադրության արժանացավ «Հայաստան-Զատկի ձու» աշխատանքը, որը արված էր տաք եռագույն էմալով, զարդարված նռնաքարերով ու ագաթով: Հենց այդ մեկ օրինակ գործն էլ հեղինակը նվիրեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

  «Ազգը» զրուցեց AJA-ի նախագահ Գագիկ Գեւորգյանի հետ ու տեղեկացավ, որ այսօր կազմակերպությունն ունի մոտ 5000 անդամ աշխարհի 30 երկրներում: «Լինելով ամբողջ մարդկության 0,1 տոկոսը, հայերը 7 տոկոսն են ապահովում աշխարհի ոսկերչական ինդուստրիայում: Դա հզոր տոկոս է, էկոնոմիկայի ոչ մի ճյուղում մենք չունենք նման հաջողություն: Հայ ոսկերիչների աշխատանքները ոչ միայն նրանց ձեռքի շնորհքի, այլեւ հոգու եւ սրտի արդյունք են եւ հենց դրանով էլ հայերի աշխատանքները տարբերվում են մյուսներից: AJA-ն շուտով կբացի ոսկերչության ուսումնական կենտրոն ու աշխարհին կներկայանա նաեւ երիտասարդ դիզայներների մտքի թռիչքով: Հայ ոսկերիչների իրերը կրում են աշխարհի հայտնի մարդիկ, որոնց համար հայ ոսկերիչների ձեռքով պատրաստված յուրաքանչյուր զարդ դարձել է թալիսման», ասում էր պրն Գեւորգյանը:

Ուշագրավ էին Ռուբեն Հակոբյանի (Կալիֆոռնիա) ընկերության ներկայացրած ցուցանմուշները: Ինչպես տեղեկացրեց պրն Հակոբյանը, իր կազմակերպությունը Արիզոնայի հանքից գնում է գրեթե ողջ փիրուզը, տաշում ու զարդերի համար ամբողջ աշխարհին մատակարարում: Ընկերությունում աշխատում են միայն հայեր: Իսկ տարեկան մոտ 1,5 մլն կարատ փիրուզ քար են գնում ու շրջանառության մեջ դնում, որը զարդեր արտադրողների համար հիմնական հումքի աղբյուրն է:

Հետաքրքրական ու գրավիչ էին «Գրիգոր եւ Հարութ Եսայան» (Լիբանան) ընկերության արտադրած զարդերի նմուշները: Իսկ Բանգկոկի (Թայլանդ) Zorab Atelier de Creation ընկերության արտադրանքը կրում են աշխարհահռչակ երգիչներ, դերասաններ: Էլիզաբեթ Թեյլորը մշտապես իր զարդերը պատվիրել է այս ընկերությունում, պատմում էր Արսինե Իստամբովյանը «Ազգին» : Նրա ասելով, իրենց ընկերությունը մտել է աշխարհի 10 լավագույնների շարքը: «WasKOLL» ընկերությունը (Փարիզ), որի ներկայիս նախագահն է Սիրիլ Վասկոլ Գազանչյանը , ներկայացնում է հայ ոսկերչության 3-րդ սերունդը: Ադամանդի եւ գոհարեղենի հայտնի ընկերությունը հիմնել է Ավետիս Կեբենյանը (մոր կողմից պապը), իսկ հետո իր հորՙ Բյուզանդ Գազանչյանից ոսկերչությունը փոխանցվել է Գարեգին եւ Սիրիլ եղբայրներին, որոնք շարունակում են աշխարհում մեծ անուն ու ճանաչում բերած ընկերության արտադրանքըՙ ադամանդից, զմրուխտից ու գոհարեղենի այլ տեսակներից մեկական նմուշներ: Այդ եզակի գործերը գնում են Ֆրանսիայի ֆուտբոլիստները, դերասանները եւ նաեւ բիզնեսմենները, պատմում էր պրն Գազանչյանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4