«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ՎԱԼԵՐԻ ԳԵՐԳԻԵՎ ԵՎ ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունն իր նշանակալից ձեռքբերումներով փառավորապես նշում է անկախության 20-ամյակը, մայրաքաղաքի երաժշտական կյանքն արձանագրեց իր պատմական համերգներից մեկը: Սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի մեծ դահլիճում հանդես եկավ Մարինյան հռչակավոր թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը աշխարհահռչակ դիրիժոր, հայ երաժշտության վաղեմի բարեկամ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: Մենակատարն էր այս տարի Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Ինչպես յուրաքանչյուր անգամ (մրցույթը հիմնվել է 1958 թվականին), այնպես էլ այս անգամ աշխարհում մեծ հեղինակություն վայելող այս մրցանակաբաշխությունը դժվարին էր, բարդ ու նաեւ արդարամիտ: Եվ Նարեկ Հախնազարյանի փայլուն հաղթանակը մեզ պարգեւեց մեծ հպարտություն եւ արժանապատվություն, մեկ անգամ եւս ապացուցելով մեր ժողովրդի ստեղծագործական կարողությունների չսպառվող ներուժը:

Մեր կողքին մեծացող երեխա էր Նարեկը, որին հաճախ կարելի էր տեսնել Երեւանի կոնսերվատորիայի միջանցքներում իր ծնողներին փնտրելիս: Իսկ ծնողները` Գայանե եւ Սուրեն Հախնազարյանները մեր բարձրագույն երաժշտական կրթօջախի վաստակաշատ մանկավարժներից էին: Հայրը` ջութակահար Սուրեն Հախնազարյանը տարիներ շարունակ երաժշտական հանրությանը ներկայանում էր որպես Կոմիտասի անվան հանրահայտ քառյակի երկրորդ ջութակահարը: Եվ նույնիսկ, երբ Նարեկի կրթությունը առավել նպատակային կազմակերպելու նպատակով ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա, Սուրեն Հախնազարյանը տարիներ ի վեր իր նվիրյալ գործունեությունը շարունակեց Կոմիտասի անվան քառյակում: Այժմ հայազգի ջութակահար Սուրեն Հախնազարյանը Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Մայրն էլ` Գայանե Հախնազարյանը դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ակադեմիայի քոլեջում:

Եվ ահա, Երեւանի կոնսերվատորիայի դասարաններում իր ծնողներին փնտրող Նարեկը շատ շուտ ճանաչվելով, որպես տաղանդաշատ պատանի սկսեց բարձրանալ կատարողական արվեստի խստաբարո, աշխատատար ու նաեւ հոգեւոր լիցքեր հաղորդող սանդղակներով: Մանկական անհոգ խաղերի փոխարեն երկարատեւ պարապմունքներ թավջութակի ճանաչված պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի դասարանում, ելույթներ, «Նոր անուններ» ծրագրի առանձնացող համերգատու, մրցույթներ, մրցանակներ, 2000 թվականից Մոսկվայի կոնսերվատորիայի սան (ուսուցիչ` Ա. Սելեզնյով), համերգներ աշխարհի հեղինակավոր դահլիճներում, հիացական կարծիքներ, փայլուն գրախոսություններ եւ 2008 թվականին «Նյու-Յորք թայմս» թերթի «Հասուն ֆենոմեն» բնութագիրը ստացած Նարեկ Հախնազարյանը 2011-ին հռչակվեց որպես Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին թավջութակահար:

Պատահական չէ, որ սեպտեմբերի 19-ի հայտարարված համերգը մեծ հետաքրքրություն առաջացրեց մայրաքաղաքում:

Վերադառնանք, ուրեմն այդ համերգին...

Ոչ միայն մասնագետ երաժշտի, այլեւ երաժշտասերի համար երազելի, ապա եւ գեղարվեստական իր ներգործությամբ երանելի մնացող համերգ:

Պետերբուրգի հռչակավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճի բազմահազար ունկնդրին հասցրեց երաժշտական այդ հզոր գործիքի հնչողական մեծ խորհուրդը. բազմագույն տեմբրերի միմյանց հակասող ու լրացնող հարմոնիան, որն ի զորու եղավ ստեղծել մտքի ու զգացմունքի միասնությամբ բացահայտվող կյանքի, ժամանակի, ստեղծագործական անհատի առաջ քաշած կեցության խնդիր-երեւույթների հնչյունային իմաստները: Սա, անշուշտ, իրականանում էր նվագախմբի յուրաքանչյուր խմբի անսամբլային անգերազանց կարողություններով: Մեզ համար, հատկապես, առինքնող էր պղնձյա փողայինների մասնագիտական բարձր որակը, որը կարեւոր բաղադրիչ է արտահայտչական ողջ համայնապատկերում:

Իսկ դիրիժոր-նվագախումբ փոխհարաբերությո՞ւնը... Ընդունված ձեւով ասել, թե նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր Վալերի Գերգիեւը, կարծում եմ, առնվազն սրբապղծություն կլինի: Դա մեծատաղանդ դիրիժոր Վալերի Գերգիեւի հարուստ ու բազմիմաստ ներքինով ձեռքերին հաղորդվող դինամիկայի եւ նվագախմբի երկխոսություն էր: Երկխոսություն, որն ունկնդրին հաղորդեց կատարվող բարդ ստեղծագործությունների (Ռ. Շտրաուս, Գ. Մալեր, Ռ.Վագներ) կոնցեպտուալ, գեղարվեստական հնչյունային ամբողջականի ողջ արտահայտչականությունը: Իրեն բնորոշ մատների թեթեւ շարժումներով աշխարհի ներկայիս մեծագույն դիրիժորներից մեկը նվագախմբին էր հասցնում յուրաքանչյուր հեղինակի ոճի անհատականության, նրա ապրած ժամանակի գեղարվեստական ուղղվածության իր ըմբռնումները: Իսկ դրանք 21-րդ դարի դինամիկայի շնչառությամբ ստեղծագործող մեծատաղանդ երաժշտի մեկնություններն են, որոնցում շաղկապված էին 19-րդ դարակեսի եւ 20-րդ դարասկզբի համաշխարհային երաժշտարվեստի մեծերի` Ռ. Վագների, Ռ. Շտրաուսի Գ. Մալերի, Կ. Սեն-Սանսի աշխարհընկալման, մտքի, զգացմունքների, նորի որոնումների, իրենց նույնպես հակասական ժամանակներում ճշմարտությանը մոտենալու միտումները: Այս որոնումներն ընթանում էին գեղարվեստական տարբեր ուղղությունների շրջանակներում` օպերային դրամայի հաստատման (Ռ. Վագներ «Նյուրնբերգյան մայստերզինգերներ», էքսպրեսիոնիզմի (Գ. Մալեր 4-րդ սիմֆոնիա, Ռ. Շտրաուս «Հերոսի կյանքը») եւ ուշ ռոմանտիզմի (Կ. Սեն-Սանսի թավջութակի եւ նվագախմբի նամար գրված 1-ին կոնցերտ ) երաժշտա-գեղագիտական համատեքստով: Եվ զարմանահրաշ դիրիժորն հնչեցնում էր յուրաքանչյուր հեղինակի խոր մտավոր ու հուզական շերտերով կերտած ամբողջականը:

Համերգի կենտրոնն, անշուշտ, Նարեկ Հախնազարյանի ելույթն էր, որը նվագեց Կամիլ Սեն-Սանսի թավջութակի եւ նվագախմբի համար գրած առաջին կոնցերտը: Ուշ ռոմանտիզմի թանձր, առողջ զգացմունքայնությամբ, անմիջական մեղեդայնությամբ առլեցուն ֆրանսիացի կոմպոզիտորի թավջութակի կոնցերտը երիտասարդ թավջութակահարը հնչեցրեց ազնվաբարո հուզականությամբ, խոր երաժշտականությամբ, համամասնորեն հարաբերակցելով քնարականն ու դրամատիկականը, մեծ վարպետությամբ հորինված դրանց անցումները: Այս ամենն անզուգական մենակատարն իրականացնում էր անթերի տեխնիկական վիրտուոզությամբ, որը նպատակ էր կոնցերտի հուզական աշխարհն իր բազմապլան ընդգրկումներով ցուցադրելու համար:

Սքանչելի էր մենակատար-դիրիժոր անսամբլային փոխհարաբերությունը: Սա նույնպես երկխոսություն էր, երկխոսություն թավջութակահարի եւ նվագախմբի միջեւ: Եվ բարձր պրոֆեսիոնալիզմից բացի, ունկնդրին հասնում էր դիրիժորի իսկական գորովանքը դեպի երիտասարդ, տաղանդավոր մենակատարը: Չեմ կարող այստեղ չասել, որ Գերգիեւի այդ վերաբերմունքի, հեռանկարային երիտասարդին առաջ մղելու պատրաստակամությունը, Նարեկն ունեցել է, դեռեւս տարիներ առաջ, Վաշինգտոնում, երբ հայաստանցի անվանի թավջութակահար, տաղանդի եւ բարձր երաժշտության իսկական գնահատող Ջոն Գեւորգյանի միջամտությամբ ծայրահեղ զբաղված Գերգիեւը վաշինգտոնյան իր համերգից հետո գիշերային երեք ժամվա ընթացքում ունկնդրել է Նարեկի նվագը, դառնալով նրա հոգեւոր հայրերից մեկը:

Ամսի 19-ի Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Նարեկ Հախնազարյանի նվագը գերագույնս ապացուցեց, թե որչափ արդարացիորեն է նա արժանացել Չայկովսկու միջազգային մրցույթի առաջին դափնեկրի կոչմանը: Եվ որչափ հպարտություն եւ ուրախություն է մեզ համար, որ մրցույթի հաղթանակի պարգեւներից է նաեւ աշխարհի տարբեր երկրներում, հեղինակավոր համերգասրահներում, տարբեր նվագախմբերի հետ հանդես գալու իրավունքը:

Կասկածից վեր է, որ շատ շուտով աշխարհի բարձրաճաշակ ունկնդիրը հայազգի անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կողքին կունենա նաեւ հայազգի անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանին ունկնդրելու լայն հնարավորությունը:

Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի սեպտեմբերի 19-ի` դասական երաժշտության բարձրագնա կատարումները, հիրավի, անմոռաց կլինեն մեր հիշողության համար:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4