«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ԿԱՅԱՑԱՎ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ «ՆՌԵՆԻ» ՓԱՌԱՏՈՆԸ

Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Նռենի» երգի միջբուհական ամենամյա փառատոնը: Թվով հինգերորդ մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Փառատոնին մասնակցում էին Երեւանի մի շարք պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ:

Նման փառատոնը հնարավորություն է տալիս տարբեր բուհերի միջեւ ստեղծել ավելի սերտ կապեր, ձեռք բերել շփման եզրեր, մասնակիցներին ընձեռում է փորձի փոխանակման հնարավորություն, եւ նպաստում ազգային երգը պահպանելուն` զերծ պահելով այն օտարածին տարրերից:

Փառատոնի մասնակիցները ներկայացրեցին ազգային, ժողովրդական, գուսանական, հայրենասիրական ժանրի երգեր: Որից հետո նախօրոք ընտրված ժյուրին որոշեց փառատոնի մրցանակակիրներին:

Ժյուրիի կազմում էին ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «3-րդ ալիք» հեռուստաալիքի տնօրեն, պրոդյուսեր, լրագրող Էլմիրա Արսենյանը, Լոս-Անջելեսի Մաշտոցի անվան համալսարանի պրոֆեսոր, ժողովրդական երգչուհի Մարգարիտ Շահինյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Արսո) եւ ժյուրիի նախագահ` կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը:

Սահմանված էին գնահատման հետեւյալ չափանիշները` լավագույն ձայն, լավագույն կատարում, որը կարող է լինել նաեւ նվագակցումը, եւ բեմարվեստ:

Ժյուրիի երկար քննարկումից հետո առաջին տեղը զբաղեցրեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանող Սյուզաննա Մելքոնյանը: Երկրորդ տեղը տրվեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան Դավիթ Խաչատրյանին, իսկ երրորդը` Մանկավարժական համալսարանի ուսանող Մհեր Գալստյանին:

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան եւս երկու մասնակից. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Էդգար Ավետիսյանը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Հասմիկ Առաքելյանը: Պատվավոր հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ստացան փառատոնի խորհրդանիշ համարվող նուռը եւ պատվոգրեր, իսկ մյուսները` շնորհակալագրեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4