«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ՊՐՈՖ. ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անցյալ դարի վաթսունական թվականներին աշխատանքային գործունեությունը ծավալած մտավորականությունը առանձնահատուկ էր իր աշխարհընկալմամբ: Ուսումնառության տարիներին հետպատերազմյան ժամանակաշրջանի զրկանքներն առատորեն ճաշակած այդ երիտասարդները ոչ միայն անկեղծորեն հավատում էին գործող հասարակարգի պայմաններում իրենց երկրի բարգավաճմանը, այլեւ պարզորոշ պատկերացնում էին այդ նպատակին հասնելու ճանապարհին իրենց սերնդին հատկացված վճռորոշ դերը: Նրանցից լավագույնները ուժ գտան ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին: Եվ այժմ, անդրադառնալով «վաթսունականների սերունդ» կոչվող երեւույթի թողած հոգեւոր եւ նյութական ժառանգությանը, կարելի է տարակուսել միայն, որ այդ ամենը մի սերնդի գործ է: Պրոֆեսոր Յուրի Վարդանյանը այդ սերնդին բնորոշ ներկայացուցիչներից է:

Ֆիզիկայի բնագավառում մի ողջ դար շարունակվող խոշորագույն հայտնագործությունների շարքը վաթսունական թվականներին էապես փոխել էր քաղաքակրթության պատկերը: Այդ ժամանակաշրջանում ասպարեզ մտած երիտասարդ գիտնականներից ոմանք, ոչ առանց հիմքի, գտնում էին, որ հասել է ժամանակը անդրադառնալու տիեզերքի ձեւավորման առեղծվածին: Երկրային պայմաններում բացահայտված բնության օրինաչափությունների ընդհանրացումը բացառապես ոչ երկրային պայմանների տիրույթ, ուր ջերմաստիճանը միլիոնավոր, իսկ նյութի խտությունը միլիարդավոր անգամներ գերազանցում է երկնայինը, թվում էր գայթակղիչ եւ շատ հեռանկարային: Եվ իրոք, համաձայն ընդունված կարծիքի, հենց աստղաֆիզիկայի ոլորտում կատարվեց անկենդան բնությանը նվիրված վերջին շրջանի առավել նշանակալից հայտնագործությունների զգալի մասը: Առանց չափազանցության կարելի է պնդել, որ այդ հետազոտողների շարքում իրենց արժանի տեղն ունեն նաեւ հայ աստղաֆիզիկոսները եւ նրանց թվում անշուշտ պրոֆեսոր Յու. Վարդանյանը:

Յու. Լ. Վարդանյանի գիտական գործունեության առաջին փուլի աշխատանքներից առավել կարեւորը, պրոֆ. Գ. Ս. Սահակյանի հետ համատեղ կատարված, բարիոնային աստղերի զանգվածի, շառավղի, կապի էներգիայի հաշվարկն ու ներքին կառուցվածքի հետազոտումն է: Պարզվեց, որ նախկինում անտեսված միջուկային փոխազդեցության հաշվառումը երկուսուկես անգամ մեծացնում է կայուն բարիոնային աստղերի առավելագույն զանգվածը եւ նրանց ընդերքում հիպերոնների առկայության հնարավորություն ստեղծում: Ստացված արդյունքների հիման վրա կարելի էր վստահորեն եզրակացություններ անել այդ ժամանակ դեռեւս չհայտնաբերված նեյտրոնային աստղերի հատկությունների վերաբերյալ:

Իր աշակերտների հետ համատեղ նա հանգամանորեն հետազոտել է սպիտակ թզուկների եւ նեյտրոնային աստղերի կայունության եւ բաբախող ճառագայթման հարցերը, հարաբերականության ընդհանուր տեսության շրջանակներում ուսումնասիրել է ջերմ գերխիտ աստղերի ներքին կառուցվածքը: Հիմք ընդունելով էներգիայի կորստի առավել կարեւոր նեյտրինային ուղիները եւ մակերեւույթից ջերմային ճառագայթումը, որոշվել է բարիոնային աստղերի եւ սպիտակ թզուկների սառչելու ժամանակը: Այնուհետեւ հետազոտվել են պտտվող գերխիտ աստղերի հավասարակշռության ու կայունության, պտույտի հետեւանքով սեղմված տատանվող նեյտրոնային աստղերի եւ սպիտակ թզուկների գրավիտացիոն ճառագայթման առանձնահատկությունները: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նեյտրոնային աստղերի թաղանթում ընթացող անհավասարակշիռ միջուկային ռեակցիաների հետազոտումը, որը կարող է հիմք հանդիսանալ ռենտգենյան պուլսարների ճառագայթման բացատրման համար:

Պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը շուրջ 130 գիտական աշխատությունների հեղինակ է: Այդ հետազոտությունների արդյունքները զեկուցվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում եւ մտել են գերխիտ երկնային մարմինների ֆիզիկային նվիրված արտասահմանյան հեղինակների հայտնի մենագրությունների մեջ:

Յու. Լ. Վարդանյանի ամբողջ աշխատանքային գործունեությունը կապված է Երեւանի պետական համալսարանի հետ, որտեղ բարձր գիտամեթոդական մակարդակով շարունակում է կարդալ տեսական ֆիզիկայի մի շարք ընդհանուր եւ հատուկ դասընթացներ: Նա հեղինակ է հայերեն հրատարակված «Էլեկտրադինամիկա» բուհական դասագրքի:

Պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը միշտ արձագանքել է հանրապետության տնտեսության զարգացման խնդիրներին: 1973-1979 թթ. նրա ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ Երեւանի պետական համալսարանում պատրաստվել են երիտասարդ մասնագետներ կառուցվող ատոմային էլեկտրակայանում աշխատելու համար: 1974-1983 թթ. եղել է «Միջուկային ֆիզիկայի», իսկ 1983-2000 թթ. «Ալիքային պրոցեսների տեսության եւ ֆիզիկայի» ամբիոնների վարիչը: Կազմակերպման օրերից (1975 թ.) մինչ այժմ պրոֆ. Յու. Լ. Վարդանյանը, որպես դեկան, ղեկավարում է համալսարանի առաջատար ստորաբաժանումներից մեկը` ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որն այդ տարիներին տվել է շուրջ երեք հազար բարձրորակ երիտասարդ մասնագետներ գիտության եւ արդյունաբերության այդ կարեւոր կիրառական ճյուղի համար: Այսօր էլ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում պատրաստվում են երիտասարդ մասնագետներ նորագույն կիսահաղորդչային տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության մասնագիտություններով, որոնք ներկայիս ոչ դյուրին պայմաններում պահանջարկ ունեն:

Բեղմնավոր գիտամանկավարժական եւ կազմակերպչական աշխատանքները Յու. Լ. Վարդանյանը համալսարանում միշտ զուգորդել է ակտիվ հասարակական գործունեության հետ: 1990-1995 թթ. նա եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ 1995-1999 թթ. Ազգային ժողովի պատգամավոր: Իր պատգամավորական գործունեության տարիներին նա միշտ ուշադրության կենտրոնում է պահել գիտությանը եւ կրթությանը վերաբերող հարցերը, օգնել համալսարանին մի շարք խնդիրների լուծման գործում:

Պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը հայտնի է իր սկզբունքայնությամբ եւ անաչառությամբ, վայելում է Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողության հարգանքը: Նա Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: Նրա գիտամանկավարժական եւ կազմակերպչական գործունեությունը բազմիցս բարձր գնահատականի է արժանացել համալսարանի ղեկավարության ու կրթության եւ գիտության նախարարության կողմից: Պարգեւատրվել է ԽՍՀՄ «Աշխատանքի արիության համար» մեդալով (1970) եւ ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (1980), ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով (1999), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2009) եւ ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալով (2009), ԵՊՀ երկու Ոսկե մեդալներով (2007 եւ 2010):

Շնորհավորելով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Յուրի Լազարի Վարդանյանի ծննդյան 75-ամյակը, մաղթում ենք նրան քաջառողջություն, հաջողություններ գիտական եւ աշխատանքային բնագավառներում ու ընտանեկան երջանկություն:

Ռ. Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, պրոֆեսոր
Ա. Հ. ՍԻՄՈՆՅԱՆ, ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4