«Օրհուս» կենտրոնում բնապահպանների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են Սեւանա լճի հարցն ու նրա փրկության համար առաջնահերթ միջոցառումների ծրագիրը: Բնապահպանները լճի վիճակը համարել են ծայրահեղ կրիտիկական: «Այլեւս չունենք «Սեւանա լիճ» անվամբ քաղցրահամ ջրի պաշար», ասել է 1981-1992 «Սեւան» ազգային պարկի տնօրեն Գագիկ Սուխուդյանը : Նրա մեկնաբանությամբ` նույնիսկ 70-ականների վերջերին, երբ Սեւանի ճահճացման գործընթացը ձեռք էր բերել սպառնալից բնույթ, անգամ այդ ժամանակ աղտոտվածություն չէր արձանագրվել: Մասնագետներն ահազանգում են, որ 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի փոխարեն սերունդները կժառանգեն թունավոր ճահիճ:
Լճին սպառնացող վտանգները բազմաթիվ են` ջրի կազմի փոփոխություն, ձկան անհետացում, լճի աղտոտում աղբով, կոյուղաջրով եւ արտադրական թափոններով: Բնապահպաններն ահազանգում են, որ տարիներ շարունակ խախտվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որովհետեւ «GeoProMining Gold», «Գեգամետ պլյուս», «Միկա ցեմենտ» հանքարդյունաբերական ընկերություններն անօրինական գործունեություն են իրականացնում եւ իրենց թափոնաջրերը լցվում են լիճը: Ակնհայտ է վերահսկողության բացակայությունը:
Առկա են պաշտոնական կառույցների իմիտացիոն գործունեություն եւ Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման համար տրամադրված բյուջետային դրամաշնորհային եւ վարկային միջոցների ոչ նպատակային ծախսում:
Բնապահպանների անհանգստության հիմնական պատճառը այն է, որ բնապահպանության նախարարությունը իր բոլոր կառույցներով, տարածքային կառավարման, էներգետիկ եւ բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունները գործնական որեւէ քայլ չեն ձեռնարկում լճի փրկության համար: «Օրենքներ են խախտվում, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Տպավորություն է ստեղծվում, որ Սեւանը բարձրաստիճան չինովնիկները դիտարկում են որպես եկամտի ստացման աղբյուր», արձանագրել են բնապահպանները:
Հ. Հ.