«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է 12 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Երեք հայ շախմատիստներ մրցանակակիրների թվում են

Ալբենայում ավարտվեց տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում բավականին լավ հանդես եկան հայ շախմատիստները: Նրանցից երեքը դարձան մրցանակակիրներ:

Ավարտական տուրից առաջ 5 հայ շախմատիստներ հավակնում էին խաղարկվող մեդալներին: Մեծ հաջողության հասավ մինչեւ 12 տարեկանների մրցաշարի մասնակից Հայկ Մարտիրոսյանը: Ավարտական տուրից առաջ նա 6,5 միավորով 4 շախմատիստների հետ գլխավորում էր աղյուսակը: 9-րդ տուրում նշված հնգյակից հաղթանակ տոնեց միայն Հայկըՙ սեւերով պարտության մատնելով Ալեքսեյ Սարանային: Այդ հաղթանակի շնորհիվ Մարտիրոսյանը վաստակեց 7,5 միավոր ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 7 միավորով 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Նիկիտա Մորոզովն ու Սեմյոն Խանինը:

Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Հովհաննես Գաբուզյանը, որը հանդես էր գալիս մինչեւ 16 տարեկանների մրցաշարում: Ավարտական տուրում նա ոչ¬ոքի խաղաց Կասպեր Դրոզդովսկու հետ ու 7 միավորով գրավեց 2-րդ տեղը: Հայ շախմատիստը գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Դավիթ Անտոնին եւ Կանան Իզաթին: Չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Ալեքսանդր Բորտնիկը, որը հաղթելով Դավիթ Անտոնին, վաստակեց 7,5 միավոր: Հաջող խաղաց նաեւ Կարեն Գրիգորյանըՙ 6 միավորով զբաղեցնելով 9-րդ տեղը:

Հայաստանից 3-րդ մրցանակակիրը Մարիա Գեւորգյանն է: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում ավարտական տուրում Մարիան մրցեց իրենից կես միավոր ավելի ունեցող առաջատարիՙ Դիանա Բացիուի հետ: Միայն հաղթանակի դեպքում Մարիան չեմպիոնուհի կհռչակվեր: Սակայն հաղթել չհաջողվեց: Գրանցվեց ոչ¬ոքի, որի արդյունքում Մարիան 7 միավորով ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալով: Արծաթե մեդալը նվաճած Մերի Արաբիձեն եւս 7 միավոր էր վաստակել ու Մարիային գերազանցեց լրացուցիչ գործակիցների շնորհիվ:

Մինչեւ 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայկ Վարդանյանը ոչ¬ոքի խաղալով Դանի Ռազնիկովի հետ, 6,5 միավորով գրավեց 9-րդ տեղը: 10-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Սամվել Տեր¬Սահակյանը, որը հաշտություն կնքեց Նիկոլայ Բարտնիկի հետ: Չեմպիոնի տիտղոսը 7 միավորով նվաճեց շվեդ Նիլս Գրանդելիուսը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ Մարչել Կանարեկից եւ Վադիմ Մոիսեենկոյից:

Վատ հանդես չեկավ նաեւ Մանուել Պետրոսյանը, որը 6,5 միավորով մինչեւ 14 տարեկանների մրցաշարում գրավեց 8-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4