Հայաստանի անկախության 20-ամյակին էր նվիրված ալպինիզմի եւ ժայռամագլցման հանրապետական ֆեդերացիայի խմբի իրականացրած վերելքը Արարատի գագաթը: Խումբը գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Ազիզբեկյանը: 10 հոգանոց խմբի կազմում էին «Սպիտակ» փրկարարական կենտրոնի 5 անդամները: Լեռան ստորոտում խմբին միացավ 10 հոգանոց սիրողական լեռնագնացների եւս մեկ խումբ եւ միասին հաջողությամբ իրականացվեց վերելքը:
Հայաստանի խորհրդանիշ համարվող բիբլիական Արարատ լեռան գագաթը նվաճելու գաղափարը վաղուց էր հասունացել: Լեռնագնացները նախապատրաստական փուլում վերելք էին իրականացրել Արագածի գագաթը: Եվ որոշվեց Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ գրոհել 5165 մետր բարձրություն ունեցող մեծ Մասիսի գագաթը: Խումբը վերելքը սկսեց սեպտեմբերի 19-ին: Վերելքը տեւեց 3 օր 2 միջանկյալ ճամբարներով: Դրանցից մեկը 3100 մետրի վրա էր, 2-րդըՙ 4100 մետրի: Սեպտեմբերի 21-ին լեռնագնացների խումբը բարեհաջող հասավ լեռան գագաթըՙ պարզելով Հայաստանի դրոշն ու ֆեդերացիայի լոգոտիպը: Վերջին տարիներին ալպինիզմի եւ ժայռամագլցման հանրապետական ֆեդերացիան մի շարք միջոցառումներ է կազմակերպել, որոնցից մեկն էլ վերելքն էր Արարատի գագաթը: Մինչ այդ նվաճվել էին Կազբեկի (Վրաստան), Էլբրուսի (Ռուսաստան) եւ Դեմավենտի (Իրան) գագաթները: