«Հույս ունենք, որ Թուրքիայի եղբայրական աջակցությամբ մոտ ժամանակներս վերջ կտրվի մեր հողերի օկուպացիային», Անկարայում ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը:
Տառացիորեն դրա հաջորդ օրը ՄԱԿ-ի ամբիոնից Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարել ԼՂ հարցի չկարգավորվածությունը: Սա, անշուշտ, Թուրքիայի «եղբայրական աջակցությունն» է Ադրբեջանին: Բայց արդյոք ամեն ինչ այդքան միանշանա՞կ է:
Բաքվում Թուրքիայի դեսպան Քըլըջն ուղղակի բաց տեքստով ակնարկել է, որ Ադրբեջանը պետք է վերանայի Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը: Ասվածին որեւէ պաշտոնական արձագանք ադրբեջանական կողմից դեռեւս չի հետեւել: Դրա փոխարեն, ինչպես շատ դիպուկ նկատել է «Զերկալո»-ի քաղաքական մեկնաբանը, իշխանություններից վերահսկվող լրատվամիջոցներում հայտնվել են հրապարակումներ, որոնք «կսմիթներ» են պարունակում Թուրքիայի հասցեին:
Ստեղծվել է շատ հետաքրքրական իրավիճակ: Մի կողմից Ադրբեջանը ջանադրաբար Թուրքիայից գրեթե պահանջում է ԼՂ հարցը «համարել նաեւ իրենը եւ կատարել քայլեր», մյուս կողմից, սակայն, պաշտոնական Բաքուն միջազգային ատյաններում չի հավասարակշռում իր դիրքորոշումն Անկարայի հետ: Մասնավորապես, թուրք- ադրբեջանական հարաբերություններում փորձաքար է դարձել Կիպրոսի խնդիրը: Ադրբեջանը հրապարակայնորեն չի պաշտպանում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության դատը»: Իհարկե, պատճառը հասկանալի է: Բաքուն չի ճանաչել նաեւ Կոսովոյի անկախությունը, չնայած այդ հարցում Թուրքիայի դիրքորոշմանը:
Բայց «խաղը» չի կարող անվերջ տեւել. թուրքական կողմը կարծես հասկացնում է, որ մտադիր չէ իր ազգային-պետական շահերն ստորադասել Ադրբեջանի քմահաճույքներին:
Այս իմաստով որքանո՞վ է այս պահին Թուրքիային ձեռնտու ԼՂ հարցը «համարել իրենը»: Խոսքն, իհարկե, իրական նպատակադրվածության, այլ ոչ թե դրա վերաբերյալ դիվանագիտական հայտարարությունների մասին է: Ունի՞ Թուրքիան երաշխիք, որ ԼՂ «հարցի լուծումից հետո» Ադրբեջանը կսկսի «մարել պարտքերը»:
Ընդհանուր տպավորությունն այն է, որ Էրդողանի կառավարությունը նման վստահություն չունի: Ավելին, ԼՂ հարցն այսօր այն բացառիկ հնարավորությունն է, որ Թուրքիային Ադրբեջանի հետ հարաբերություններում պահում է «ավագ եղբոր» դերում: Եվ եթե հարցի չկարգավորվածության դեպքում Բաքուն սեփական հավակնություններն ավելի էական է տեսնում, քան «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, ապա վաղը կարող է ավելի լուրջ «խաղեր տալ»:
Եվ թերեւս հենց այդ պատճառով է, որ իր հերթին թուրքական կողմն էլ տեղեկատվական արտահոսքեր է կազմակերպում: Օրերս թուրքական լրատվամիջոցներից մեկը տպագրել է նախկին նախագահ Դեմիրելի հուշերը, որտեղ նա անդրադարձել է Հեյդար Ալիեւի կրկին իշխանության գալու հարցին եւ անառարկելիորեն վկայել, որ հենց ինքն է Էլչիբեյին համոզել հեռանալ: Ակնարկն, ինչպես ասում են, բավական թափանցիկ է:
Այդուհանդերձ, թուրք-ադրբեջանական հարաբերություններում փոխադարձաբար առաջադրվող նախապայմաններն առավելապաշտական են. Թուրքիան, որքան էլ մեծ լինի ցանկությունը, տվյալ աշխարհաքաղաքական իրավիճակում չի կարող ուղղակի միջամտել ԼՂ հարցի ադրբեջանանպաստ կարգավորմանը, իր հերթին Ադրբեջանն անզոր է վերանայել կապերն Իսրայելի կամ բարդացնել շփումներն Իրանի հետ, ինչը որ ակնկալում է Էրդողանի կառավարությունը:
Ստացվում է «փակ շրջան», որից ելք կարող էր լինել հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը: Եթե Իլհամ Ալիեւը բութ համառությամբ հակառակը չպնդեր: Իսկ գուցե Էրդողանի ուզածն այն է, որ վերջինս վերանայի՞ իր պատկերացումները: Դա արդեն լրջագույն մարտահրավեր կլիներ հայկական դիվանագիտությանը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ