«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2011-09-21 | #168, 2011-09-23 | #169, 2011-09-24


ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՇԵՑԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ

Տոնական հանդերձանք հագած Լոռու մարզի Ալավերդի քաղաքը վաղ առավոտից ընդունում էր հյուրերի, որոնց թվում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, պաշտոնատար այրեր, պատգամավորներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուրիշներ:

Ալավերդու մշակույթի պալատում հյուրերին ընդունում էր քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Օրվա հոբելյանական միջոցառումները մի քանիսն էին: Գլխավոր միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին, իսկ մյուսներըՙ Ալավերդու «Թումանյանական աշխարհ» թերթի 80-ամյակին, «Վալլեքս» խմբի ընկերությունների 20-ամյակին եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի հիմնադրման 240-ամյակին նվիրված «Պղնձե քաղաքի պատմություն» գրքի շնորհանդեսն էր: «Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում իրենց գործունեությունը սկսել են անցյալ դարի 90-ականներին: Խմբի առաջին խոշոր ներդրումային ծրագրի իրականացմամբ վերստեղծվեցին Ալավերդու կիսավեր վիճակում հայտնված պղնձաձուլական գործարանի որոշ արտադրական հզորություններ եւ վերսկսվեց անզուտ պղնձի արտադրությունը Հայաստանում:

Հոբելյանական հանդիսությունը բացվեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի օրհնության, շնորհավորանքի խոսքերով. «Մեր հանրապետությունը 20 տարեկան է, այո, այդպես է, սակայն իսկության իմաստով անկախության գիտակցությունը 1000-ավոր տարիներ մեր մեջ արմատավորված է, ասել է թե հայ մարդու մեջ երբեք չի կորել, չի ոչնչացվել անկախության գաղափարը ու մշտապես մաքառել է հարյուրավոր տարիներ: Եվ ահա այդպիսի ծանր, դժվար ճանապարհ անցնելուց հետո արդեն 20 տարի անկախ ենք, որի համար շատ ծանր կորուստներով, արյունով, ավերներով վճարեցինք»: Շնորհավորելով ներկաներին, Սրբազանը մաղթեց ամուր պահել նյութական ու մշակութային արժեքները, «տեր կանգնելու գիտակցությունը ձեւավորենք յուրաքանչյուր քաղաքացու մեջ, որպեսզի երկիրը զորանա: Ես տերն եմ այս երկրի...»:

Այնուհետեւ ելույթներ ունեցան մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, «Արմենիան Քոփըր փրոգրամ» ՓԲԸ Ալավերդու տարածաշրջանային տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը, անդրադառնալով անկախության անցած ճանապարհին ու նաեւ ձեռքբերումներին:

Վալերի Մեջլումյանը հայտարարեց. «Մինչեւ 2013 թվականի վերջը կաշխատեցնենք նախ Հայաստանի ամենամեծ տնտեսական ծրագրերից մեկըՙ Թեղուտի հանքավայրերը: Այսօր աշխատանքները ընթանում են մեծ թափով եւ շուրջ 700 հոգի ներգրավված են այդ ծրագրում: Արդեն տեղ են հասել ծանր սարքավորումներ, որոնք օգտագործվում են բաց հանքի աշխատանքները ընդարձակելուն: Ընթանում են փորձնական աշխատանքներ: Իսկ հիմնական աշխատանքների ժամանակ Հայաստանի արտահանման ծավալները միանգամից կավելանան 200-250 միլիոն դոլարով: Դեռ կան շատ դժվարություններ ու լուրջ խոչընդոտներ: Բայց ես համոզված եմ, որ համատեղ աշխատելով մարզի ու երկրի ղեկավարության հետ, մեր ծրագիրն առաջ կտանենք: Եվ այդ ճանապարհին անհրաժեշտ է մի քանի կարեւոր քայլեր անել: Առաջինըՙ Ալավերդիում ծծմբաթթվի տեղամասի կառուցումը, որը մեծ գումարների ներդրում է պահանջում, նաեւ ծծմբաթթվի պահանջարկի շուկայի փնտրտուքը»:

Տոների առթիվ հոբելյարներին ողջունեցին մարզում անցկացված անկախության սերնդի մաղթանքների մրցույթում հաղթած 20 պատանիներ, որոնք էլ «Վալլեքս»-ի կողմից արժանացան մրցանակների: Ալավերդու պղնձաձուլական գործարանի հիմնադրման 240-ամյակին նվիրված «Պղնձե քաղաքի պատմությունը» գրքի շնորհանդեսի ընթացքում կազմողներն ու հեղինակները անդրադարձան հատորին, որտեղ բացի արխիվային լուսանկարային տարեգրությունից երկլեզու (հայերեն, անգլերեն) ներկայացված է Հայաստանում մետաղաձուլության սկզբնավորման, Ալավերդիում պղնձաձուլական գործարանի հիմնադրման, Ալավերդի քաղաքի ձեւավորման ու զարգացման պատմությանը: Գրքի օրինակները նվիրեցին բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ կազմվել եւ անդրանիկ պատմական խոշորածավալ հանրագիտարանային արժեք ու նշանակություն է ստացել հրատարակությունը: Ի դեպ, գիրքը վաճառքի ենթակա չէ եւ կնվիրաբերվի բուհերի, դպրոցների, մարզերի գրադարաններին ու ոլորտի կառույցներին: Միջոցառումների շարքը ավարտվեց Ալավերդի քաղաքի կենտրոնական հրապարակում տոնական համերգով ու շքեղ հրավառությամբ:

«Ազգ»-ը խնդրեց պրն Մեջլումյանին պարզաբանել, թե ինչպիսի բնապահպանական շրջակա միջոցառումներ են իրականացվում գործարանի ծխնելույզից շրջակա միջավայր արտանետվող գազերի, ծծմբային անհիդրիդի որսման շուրջը: Արդեն գործարանի ծխնելույզը 780 մ բարձրությունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձրության վրա, որտեղ տեղադրվել է 20 մետր բարձրությամբ եւ 3 մետր տրամագծով ծխնելույզ, ասաց պրն Մեջլումյանը: Նախկինՙ 100 մետր բարձրությամբ ծխնելույզի համեմատությամբՙ արտանետումները տեղի են ունենալու ծովի մակարդակից 218 մ-ով ավելի բարձր տեղից: Գազերի տեղափոխումը նախկին ծխնելույզի հարթակից իրականացվելու է նոր կառուցվող մոտ 918 մետր երկարությամբ նախածխանցքով, որն էլ կնվազեցնի քաղաքի եւ հարակից բնակավայրերի վրա գործարանի արտանետումների ազդեցությունը:

Իհարկե, այդ կարծիքին չէր հայտնի բնապահպան Հակոբ Սանասարյանը, որ «Ազգ»-ի հետ զրույցում ասաց, որ դրանք միայն խաբեություն են, եւ շարունակելու են օդը աղտոտել, մարդկանց ու միջավայրին վնասելով: «Ես չեմ ուզում այս տոնական օրը փչացնել, բայց եւ չեմ պատրաստվում լռել», ասաց նա:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Ալավերդի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4