«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2011-09-21 | #168, 2011-09-23 | #169, 2011-09-24


ԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ՄԻԿԱՅԻ» ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԻՄԵՐԸ

Վաղը Սլովենիայի Ռոգաշկա Սլատինա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Այն ռեկորդային է մասնակից թիմերի քանակով: Առաջնության պարգեւները կվիճարկեն տղամարդկանց 65 եւ կանանց 12 թիմեր:

Հայաստանը կներկայացնեն կանանց եւ տղամարդկանց «Միկա» թիմերը: Տղամարդկանց «Միկա» թիմն իր միջին վարկանիշով (2623) 9-րդն է մասնակից 65 ակումբների շարքում: Թիմի կազմում ընդգրկվել են Գաբրիել Սարգսյանը (2663), Արման Փաշիկյանը (2616), Տիգրան Պետրոսյանը (2636), Զավեն Անդրեասյանը (2616), Ավետիք Գրիգորյանը (2608), Հրանտ Մելքումյանն (2600) ու Ռոբերտ Հովհաննիսյանը (2556):

Կանանց «Միկա» թիմն իր վարկանիշով (2496) զիջում է միայն նախորդ խաղարկության չեմպիոն Մոնտե Կառլոյի (2519) եւ AVS (2514) թիմերին: Թիմի մարզական պատիվն այս անգամ կպաշտպանեն Էլինա Դանիելյանը (2521), հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալին (2513), չինացի Չժու Չենը (2485), որը ներկայացնում է Քաթարը, եւ Լիլիթ Մկրտչյանը (2463):

Շվեյցարական մրցակարգով անցկացվելիք մրցաշարերում կխաղացվի 7 տուր: Տղամարդկանց մրցումները կանցկացվեն 6, կանանցըՙ 4 խաղատախտակների վրա: Յուրաքանչյուր թիմում թույլատրվում է հայտավորել 8 շախմատիստի եւ 5 շախմատիստուհու: Ինչպես տեսնում եք, «Միկայի» կանանց թիմում ընդամենը 4 շախմատիստուհիներ են ընդգրկված, ուստի նրանց հարկ կլինի առանց հանգստանալու հնարավորության խաղալ բոլոր 7 պարտիաներում:

Տղամարդկանց մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 31 հազար եվրո է, կանանցըՙ 8 հազար: Տղամարդկանց մրցաշարի հաղթողը կստանա 12400 եվրո, 2-րդ մրցանակակիրըՙ 6200, 3-րդըՙ 4650 եվրո: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւներ կստանան լավագույն 6 թիմերը: Կանանց մրցաշարի հաղթողը կպարգեւատրվի 4000 եվրոյով, 2-րդ մրցանակակիրըՙ 2000, 3-րդըՙ 1200 եվրոյով: 4-րդ տեղը զբաղեցրած թիմը կստանա 800 եվրո:

«Միկայի» կանանց թիմը Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցում է 2005-ից: Թիմի ամենամեծ նվաճումը 2006-ին Ֆուեգենում չեմպիոնի տիտղոսին արժանանալն է: Այդ տարի թիմի հաղթանակում իրենց ներդրումն ունեցան Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը, Մայա Չիբուրդանիձեն եւ Նինո Խուրցիձեն: «Միկան» տոնեց 5 հաղթանակ, 2 հանդիպում ավարտեց ոչ-ոքի:

2007-ին եւ 2010-ին «Միկայի» կանանց թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Անցյալ տարի Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացած մրցաշարում թիմի կազմում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանն ու Հարիկա Դրոնավալին:

«Միկայի» տղամարդկանց թիմը եվրոգավաթներին մասնակցում է 2008-ից: Առայժմ ամենամեծ հաջողությանը թիմը հասել է 2009-ին Օհրիդումՙ դառնալով Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոն: Այդ տարի թիմի կազմում հանդես էին եկել Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանն ու Զավեն Անդրեասյանը:

Իսկ ահա անցյալ տարի թիմը 49 մասնակիցների մեջ գրավեց 11-րդ տեղը: «Միկան» հավակնում էր մեդալների, սակայն ավարտական երկու տուրերում պարտվեց ու զրկվեց մրցանակային տեղից: Թիմի կազմում էին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանն ու Աշոտ Անաստասյանը:

Հուսանք, որ վաղը մեկնարկելիք առաջնությունում «Միկայի» երկու թիմերն էլ հաջող ելույթներ կունենանՙ շարունակելով հայկական շախմատի հաղթական հիանալի ավանդույթները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4