ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին մի քանի օրերի համաշխարհային եւ տեղական սրընթաց զարգացումները ի հայտ բերեցին նոր իրողություններ, որոնք, հասկանալի է, մեր երկրի գլխավոր քաղաքական խաղացողները, ունեցած տեղեկատվության պարագայում, վաղուց ի հայտ բերած պիտի լինեին` խաղալով դրանց շրջանակում, չնայած իրենց համակիրներին այլ բան էին ասում կամ հասկացնում:
Մասնավորապես դրանցից երկու իրողություն կարող է փոխել իրավիճակը եթե ոչ Հայաստանի քաղաքական էլիտայի շրջանակում (քանի որ մեր քաղաքական վերնախավի համար այստեղ նորություն չպիտի լինի այս իմաստով), գոնե քաղաքական-հասարակական խմբերի գործելակերպում: Առաջինը հայ-թուրքական արձանագրությունների վերադարձն է Թուրքիայի խորհրդարանի օրակարգ, երկրորդը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկը, որպեսզի վարչապետ Վլադիմիր Պուտինը 2012 թվի նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրվի: Առաջինը մշտական խոսելու նյութ կդառնա նախընտրական գոտի մտած մեր բոլոր քաղաքական ուժերի համար, թեեւ կարգավորման ռեսուրս որպես այդպիսին, հավանաբար տարիներով գուցե չլինի:
Վերջինը, սակայն, պայթող ռումբի երեւույթն ունեցավ ոչ միայն ռուսական քաղաքական վերնախավի մեջ, այլեւ Հայաստանի քաղաքական վերնախավում: Մինչ այդ նկատենք, որ առնվազն ակնհայտ է, որ աշխարհի եւ մեր տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը` Ռուսաստանը, արդեն հիմիկվանից կենտրոնանում է իր երկրի ամենագլխավոր երկու իրադարձությունների երկուսի` դեկտեմբերի 4-ի խորհրդարանական եւ 2012 թվականի մարտի 5-ի նախագահական ընտրությունների վրա:
Այդպիսով, ե՛ւ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ե՛ւ տարածաշրջանային շահերի առումով շատ ու շատ խնդիրների լուծման դերակատար, առայժմ ակտիվ գործողություններից ձեռնպահ մնալով, մինչեւ չհանգուցալուծի իր երկրի այս ամենախոշոր իրադարձությունները:
Այս առումով, մեր տարածաշրջանի մյուս հզոր աշխարհաքաղաքական խաղացողը` Միացյալ Նահանգները, որքան էլ իր շահերից բխեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կամ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, այս երկու ուղղություններով նույնպես ստիպված կլինի խիստ ակտիվ չդրսեւորվել, միայն պրոֆիլակտիկան կպահպանի, քանի որ չգրված օրենքներով եւ էթիկայի առումով ինքը եւս չի խանգարի մյուս գերտերության գլխավոր խնդիրների լուծմանը. նախ որ` ավելի շատ զբաղված կլինի այս գերտերության մեջ իր լոբբիինգներով եւ մինի շահերի որոնմամբ, գոնե առաջնայնությունների պահպանմամբ կամ գոնե դրանք չկորցնելով` նոր իշխանությունների ձեւավորմանը դիմակա, եւ ապա` նույն խնդիրը նրա համար ծագելու է եկող տարի նոյեմբերին, Օբամայի ընտրությանը, երբ Ռուսաստանից տարածաշրջանային խնդիրներին խառնվելու տեսակետից գոնե ակնկալելու է պարիտետ:
Այնպես որ, ինչպես ավելի վաղ գրել էինք, մեր տարածաշրջանի շատ սուբյեկտներ, այդ թվումՙ Հայաստանը, գոնե մինչեւ տարեվերջ հիանալի ժամանակ են ստանում իրենց ներսի կարեւոր խնդիրները լուծելու, ներքաղաքական համաձայնությունների եւ պայմանավորվածությունների ձեռքբերման համար: Իսկ թե Պուտինի գալով ո՞ւմ համար ի՞նչ դուռ է բացվում կամ այդ ի՞նչ խուճապ է սկսվել տարբեր ռանգի ու գույնի մեր լրատվամիջոցներում, սա այլ խոսակցության նյութ է, քանի որ մի մասն արդեն «զարկեց-հասավ Դիարբեքիր», թե հեսա Քոչարյանն է վերադառնալու, հեսա Սերժի դիրքերն են թուլանում, Սերժը գնալու է Մոսկվա, Քոչարյանն է գնացել արդեն 23-ին Մոսկվա, որ պայմանավորվեն Պուտինի հետ եւ այլն, մերոնք մի պահ կորցրել էին հանգիստ վերլուծելու կարողությունը...
Այս իրադարձությունների տեսակետից եթե դիտարկենք Տեր-Պետրոսյանի վերջին ելույթները, եւ համակիրներին տաքացնել փորձելով` հանրահավաքի կանչելն ու հաջորդ հանրահավաքին ինչ-որ խայծ գցելով հետաքրքրություն ստեղծելը, սրանք կարելի է տեղավորել վերը նկարագրվածի շրջանակում, քանի որ ով-ով` նա գոնե այս զարգացումներին անկասկած տեղյակ էր կամ սպասում էր: Ընդհանրապես` ի սկզբանե երկխոսելու-չերկոսելու ՀԱԿ առաջնորդի գործելակերպը միտված է եղել հավանաբար մինչեւ որեւէ ընտրություն ընտրազանգված պահպանելու «ծանր եւ պատասխանատու» գործին. իրենք ասում են արտահերթ, սակայն, քանի որ պարզ է` ոչ մի արտահերթ էլ չի լինելու, ուրեմն` հերթական ընտրություն: Շատ, շատ դժվար գործ, քանի որ անկախ ամեն ինչից` Հայաստանում մի շատ զգալի ընտրազանգված միշտ օրվա իշխանությունների կողքին է (լինի դա Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի թե Սերժ Սարգսյանի): Ընդ որում` խոսքը փոքր թվի մասին չէ, քանի որ Հայաստանում զգալի թվով պաշտոնյաների, ինչպես նաեւ ապահովված շերտի մտերիմների եւ հարազատների, ապաքաղաքականացված նոր «էլիտայի» շահերը միշտ իշխանության հետ են, իսկ հեղափոխության ձգտում են սովորաբար փոքրամասնության մեջ գտնվող ընդդիմադիր քաղաքական շրջանակները եւ համեմատաբար փոքրաթիվ ոչինչ չկորցնողները: Մի կերպ ապրող ե ւ մեծամասնություն կազմող մեր հասարակական խմբերը, դժբախտաբար թե բարեբախտաբար, գերադասում են համբերել, սակայն չգնալ արկածախնդրության հետեւից: Այնպես որ, հասկանալի էր անգամ վեջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանի քաղաքական պահանջների խեղճությունը եւ քաղաքային առեւտրի, կրպակատերերի, մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի վերաբերյալ ոչ քաղաքական կետերի ներառումն այդ պահանջների մեջ` զուտ որպես մարդուժ հավաքագրելու մոտեցում որպես: Իսկ թե Ռուսաստանի ազդեցության թուլացման հետ կապված լոկալ միջոցառումներ մեր տարածարջանում Արեւմուտքը կանի՞, սա այլ խնդիր է` հաջողելու տեսակետից, քանի որ լոկալ միջամտություններին պատրաստ են նաեւ տարածաշրջանի երկրները, այդ թվումՙ Հայաստանը: Իսկ որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բացառիկ խաղադրույք է կատարել Արեւմուտքը` «ոչ օրինակարգ, կոռումպացված եւ հանցագործ համարված Սերժ Սարգսյանի վրա», առանց հաշվի առնելու նրան ուղղված հասարակական աջակցությունը, սա Տեր-Պետրոսյանն էր ասում ուրբաթօրյա հանրահավաքում, Տեր-Պետրոսյանի հանդեպ էլ նույն հասարակական աջակցությունը ուրբաթօրյա հանրահավաքում երեւաց. շատ «ուժեղ» աջակցություն էր, անգամ մի քանի հազարի չձգող: Այնպես որ` չարժե սեփական անձն առաջարկել Արեւմուտքին, եթե այն պահանջարկված չէ անգամ 6 հազար մարդու մոտ, իսկ հասարակության վրա մուննաթ գալ ու պահանջել, որ մյուս հանրահավաքներին մարդ ապահովելու խնդիրը լուծի, չարժե, քանի որ ոչ ոք համոզված չի կարող պնդել չպահանջարկվածի իրավացիությունը:
Ի՞նչ է մնում մեզ հայերիս, գլխավոր խաղացողների` ձեռքերը մի քանի ամսով սեփական պրոբլեմներով կապված լինելու պարագայում: Մենք, այնուամենայնիվ, առաջարկում ենք կոնսենսուս: Իշխանությունը պետք է քարը թափի փեշից եւ իր ապագան նախագծի առանց ալրաղացի լյովիկների, սեփական ախորժակը զսպելով ու հասարակության վիճակի բարելավմամբ զբաղվելով: Ընդդիմությունը պետք է քարը փեշից թափի եւ հաշվի առնելով իր իրական վարկանիշը, մտածի ոչ թե արտահերթ ընտրությունների մասին, այլ առաջարկի մի նախագիծ, որն ապագա խորհրդարանական իշխանության ձեւավորման պարագայում, իր տոկոսին համապատասխան, կարտացոլի իր հնարավորությունների ծիրը` ոլորտային պատասխանատվություններ ստանձնելու, եւ այդ ուղղությամբ հիմիկվանից ծրագրեր ներկայացնելու: Որովհետեւ Հայաստանն անցել է այն փուլը, որը տղերքով պայմանավորվածությունների արդյունքում իշխանություն են փոխում կամ հանձնում, հետո էլ իշխանությունը լցնում են սեփական «պոլիփետերով», դրա համար, նոր մարտահրավերներին, աշխարհի նոր տնտեսական փորձություններին դիմակա, Հայաստանն այլեւս ոչ ժամանակ, եւ ոչ էլ ռեսուրս ունի:
Մի անգամ գրել ենք` Արցախը Հայաստանի երեք նախագահների խաչն է, հիմա էլ ասում ենք, առհասարակ, Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրողությունների համար երեք նախագահներն էլ իրենց բաժին պատասխանատվությունն ունեն: Մենք, պատմահոր խոսքով, փոքր ածու ենք, եւ դարերով եկող երկպառակտության ոգին կերել է մեզ, ինչ-որ պահ, ինչ-որ մարդիկ պետք է հաղթահարեն այդ ոգին, եթե չենք ուզում ճզմվել աշխարհի ոտքի տակ: Սա ասում ենք` բացարձակապես հավատ չունենալով ընդդիմության ներկա առաջնորդի եւ ընդդիմադիր մի շարք լիդերների հանդեպ, սակայն այժմ անձնական համակրանքներն ու հակակարանքները հազարերորդական բան են, այնպիսի հրամայականներ կան, որ իքս պահի կարելի է ստեղծել գոնե մի քանի տարի իրար հանդուրժողներով Հայաստան, որը շատ մարտահրավերներ կհաղթահարի:
Հ.Գ.- Նախանձով կարելի էր հետեւել շաբաթավերջի ռուսական իրադարձություններին, երբ ՌԴ վարչապետն ու նախագահը (նախկին նախագահն ու նախկին վարչապետը) հանդուրժողականության դաս էին տալիս ե՛ւ սեփական երկրին, ե՛ւ այլ հայեցողներին, հատկապես նշելով, որ Մեդվեդեւի` «Միացյալ Ռուսաստանի» նախընտրական ցուցակը գլխավորելու եւ Պուտինին` 2012 թվականի նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրումը խոր մտածված նախագիծ է եղել, ի հեճուկս առավոտից երեկո Մեդվեդեւ-Պուտին հակասություններից խոսողների եւ անգամ Հայաստանում իրենց քաղաքականությունը այդ ենթադրյալ հակասության վրա կառուցողների: Չնայած` այս դեմարշին հենց ռուսական քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ հավան չեն..