«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2011-09-23 | #169, 2011-09-24 | #170, 2011-09-27


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ

Հայ ընտանիքը հրաժարվում է վերադառնալ Հայաստան

ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր է փոխանցվել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան եւ նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում: Այս մասին երեկ հայտնեցին ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախ նշենք, որ միջազգային պրակտիկայում սա բավական ընդունված կարգ է, երբ ռազմագերիները կամ հակառակորդ կողմ անցած քաղաքացիական անձինք հրաժարվում են վերադառնալ իրենց հայրենիք` պահանջով իրենց հանձնել որեւէ երրորդ երկիր: Թե ինչո՞ւ պետք է երիտասարդ զինվոր Ռոման Հուսեյնովը հրաժարվի վերադառնալ Ադրբեջան, թողնենք մտորելու հարեւան երկրի գերագույն գլխավոր հրամանատարին ու պաշտպանության համակարգին առհասարակ: Նշենք միայն, որ երբ այս տեղեկատվությունը հրապարակվեց, ադրբեջանական «գրեթե պաշտոնական» 1news.az-ը հրապարակեց` «Ադրբեջանում պահվող 8 հայ գերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան» վերտառությամբ տեղեկությունը: Բացի նրանից, որ սա` «եթե մեկ ադրբեջանցի չի ուզում վերադառնալ Ադրբեջան, ապա 8 հայաստանցիներ չեն ցանկանում վերադառնալ Հայաստան» ոճի տեղեկություն է, այն հետաքրքրական է մի քանի այլ առումներով: Ինչպես գիտենք` Ադրբեջանում այս պահին պահվում են, համենայն դեպս, պաշտոնական տվյալներով, իրոք 8 գերիներ, նրանցից 3-ը` ռազմագերի: Գեւորգյան ընտանիքի մասին «Ազգը» գրել է դեռեւս անցյալ տարվա հունվարի համարներում. ընտանիքի հայր Եղիշե Գեւորգյանը իր կնոջը` Ռուզաննային, որդիներին` Ալֆրեդին ու Պետրոսին, ինչպես նաեւ դստերը` Գայանեին, հայտնի չէ` վերջիններիս կամքով, թե հակառակը, «Երազ» մակնիշի մեքենայով անցյալ տարվա հունվարին, խախտելով ՀՀ պետական սահմանը տարել էր Նախիջեւան: Եղիշե Գեւորգյանը Հայաստանում բազմակի անգամ դատված է, այժմ էլ` հանցագործության մեջ կասկածյալ: Հետեւաբար ամենեւին էլ պատահական չէ, որ վերջինս չպետք է ցանկություն հայտնի վերադառնալ Հայաստան: Այլ հարց է ընտանիքը. եթե հավատանք ադրբեջանական աղբյուրին, ապա նրանք նույնպես ցանկություն են հայտնել տեղափոխվել ոչ թե Հայաստան, այլ երրորդ երկիր, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի Անհայտ կորածների ու ռազմագերիների պետական կոմիտեի քարտուղար Շահին Սայըլովը: Այս տեղեկության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս. երբ կարդում ենք տեղեկության վերնագիրը` «Ադրբեջանում պահվող 8 հայ գերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան», ապա ստացվում է, որ նույն տեղեկության մեջ պետք է ստանանք դրա մասին վկայություններ հենց ութից: Սակայն տեղեկության մեջ նման բան պարզապես գոյություն չունի. ընդամենն այն, որ Գեւորգյան ընտանիքը չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Իսկ հայ ռազամագերիներ Օհան Հարությունյանի եւ Գեւորգ Թովմասյանի հետագա ճակատագիրը մնում է դեռեւս անհայտ: Վերջիններս, ի տարբերություն ադրբեջանցի երիտասարդ զինվոր Ռոմանի, անգամ ադրբեջանական աղբյուրի տեղեկատվությամբ, որեւէ ցանկություն չեն հայտնել Հայաստան չվերադառնալու առնչությամբ:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4