Առաջին փուլի համար ընտրվել են կոնյակագործությունը, դեղարտադրությունը եւ ճշգրիտ ճարտարագիտությունը
Հայտնի ճշմարտություն է, որ առանց տնտեսության իրական հատվածիՙ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման, երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի լուրջ փոփոխություններ ակնկալել հնարավոր չէ: Խորհրդային շրջանում Հայաստանը ԽՍՀՄ ամենարդյունաբերական երկրներից էր, ինչը, սակայն, չես ասի հետխորհրդային շրջանի մասին: Անկախության առաջին տարիներին հայկական արդյունաբերության փլուզումը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ուներ: Նախկին տնտեսական կապերի խզում, երկաթուղային հաղորդակցության բացակայություն, որի հետեւանքով որոշ ճյուղեր տնտեսապես անարդյունավետ դարձան: Սրանք օբյեկտիվ պատճառներն էին: Սուբյեկտիվըՙ ՀՀՇ-ական իշխանությունների իրականացրած սեփականաշնորհման մոդելն էր, որն առավել շահավետ էր դարձնում մասնավորեցված գործարանների սարքավորումների մաս- մաս վաճառքը, քան աշխատեցնելը:
Թեեւ 90-ականների վերջերից արդյունաբերության առանձին ճյուղերիՙ (ադամանդագործություն, գյուղմթերքների վերամշակում) զարգացման ծրագրեր պետության կողմից իրականացվեցին, բայց արդյունաբերության զարգացման համալիր ռազմավարություն անցած 20 տարիների ընթացքում այդպես էլ չներկայացվեց: Կառավարության կողմից նման ծրագրի մշակման մասին անցյալ տարեվերջին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ ծրագիրը հիմնականում պատրաստ է եւ շուտով կդրվի շրջանառության մեջ: Ի՞նչ նպատակներ են դրված «Արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարության» մեջ եւ ի՞նչ կտան դրանք Հայաստանի արդյունաբերությանը: Այս հարցերի շուրջը զրուցեցինք էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանի հետ:
Ըստ Հայկ Միրզոյանի, Համաշխարհային բանկի աջակցությամբ էկոնոմիկայի նախարարության մշակած արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման քաղաքականության ռազմավարության նպատակը ոչ միայն արտահանման խթանումն է, այլ արտահանման զարգացումը: Այսինքն, պետությունը պետք է ոչ միայն արտահանմանն աջակցի, այլեւ արտահանման ուղղվածություն ունեցող արտադրության զարգացմանը:
Ռազմավարությամբ ընտրվել է արդյունաբերության 11 ճյուղ, որոնք ներկայացնում են վերամշակող արդյունաբերության ճյուղերը: Նպատակը տնտեսության արտահանելի հատվածի դիվերսիֆիկացիան է, վերջնական արտադրանք թողարկող արտադրանքի բաժնի ավելացումը: Այդ պատճառով էլ հանքահումքային արդյունաբերությունը այս ռազմավարության մեջ չի ընգրկվել: Ընտրված ճյուղերն ենՙ կոնյակագործությունը, գինեգործությունը, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղարտադրությունը, տեքստիլ արտադրությունը: Ծրագրվում է, որ 2015-ին, առանց հանքահումքային արտադրանքի, վերոնշյալ ճյուղերի ապրանքների արտահանումը պետք է կազմի 700-900 մլն դոլարՙ ներկայիս 385 մլն դոլարի փոխարեն:
Ռազմավարությունը, ըստ արդյունաբերության քաղաքականության վարչության պետի, մշակվել է 10 տարվա հեռանկարով: Առաջին փուլի համար ընտրվել է 3 ճյուղՙ կոնյակագործություն, դեղարտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն: Վերջինիս մեջ մտնում են գործիքաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրոնիկան, էլեկտրատեխնիկան: Հայկ Միրզոյանը պարզաբանում է, թե ինչո՞ւ են առաջին փուլի համար ընտրվել հենց այս ճյուղերը:
Կոնյակագործությունն արդեն իսկ արտահանման լուրջ ծավալներ եւ նաեւ լուրջ ներուժ ունի, բայց կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են արտահանման զարգացմանը: Դրանք պետք է վերացվեն:
Դեղարտադրությունը հեռանկարային ոլորտ է, եւ այստեղ գործող ընկերություններում ակտիվ ներդրումներ են կատարվում: Այստեղ նույնպես արտահանման սահմանափակման խնդիր կա, որպեսզի այն վերացվի, այդ ընկերություններում հարկ է ներդնել GMP համակարգը:
Ճշգրիտ ճարտարագիտության մեջ մտնող ճյուղերն ավելի գիտելիքահենք եւ հեռանկարային են: Սրանց ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մեր երկրի զարգացման հեռահար նպատակը գիտելիքահենք տնտեսություն ունենալն է:
«Ինչպե՞ս է պետությունն աջակցելու այս ճյուղերին» հարցին պատասխանելովՙ արդյունաբերության քաղաքականության վարչության պետն ասաց, որ պետական աջակցության գործքիքակազմը կլինի ընդհանրական, որը կվերաբերի բոլորին եւՙ ըստ ոլորտների: Կարողությունների զարգացում, հետազոտությունների մշակումների աջակցություն, Եվրոմիության շուկա մուտքի ապահովումՙ դրանք աջակցության ընդհանրական գործիքներ են, իսկ, օրինակ, GMP համակարգի ներդրման հարցը միայն դեղարտադրության ոլորտի համար է:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հավաստմամբ, ռազմավարությունը մշակելիս քննարկումներ են տեղի ունեցել տվյալ ոլորտները ներկայացնող ընկերությունների հետ, նրանց կարծիքները ընդգրկվել են գործողությունների ծրագրի մեջ: «Շատ կարեւոր է, որ այս ոլորտների ռազմավարությունը մշակվում եւ իրականացվում է դրանց ներկայացնող մասնավոր հատվածի հետ», շեշտեց Հայկ Միրզոյանը: Նա միաժամանակ նշեց, որ այս ոլորտներին տրված առաջնահերթությունը չի նշանակում, թե մյուսները մոռացվել են: Այս փուլի իրագործմանը զուգահեռՙ անցում է կատարվելու հաջորդ ճյուղերին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ