«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2011-09-23 | #169, 2011-09-24 | #170, 2011-09-27


ՔԱՂԱՔԱՊԵՏՆ Է՞Լ Է ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ

Հասարակական տրանսպորտի աշխատանքներում հսկողություն սահմանելու նպատակով այսօրվանից ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Երեւանի քաղաքապետարանը կանցկացնի մոնիտորինգ` մասնակցությամբ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների: Մոնիտորինգի ընթացքում, որը կտեւի մեկ շաբաթ, կլսեն նաեւ քաղաքացիների դժգոհություններն ու մտահոգությունները:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է, որ մոնիտորինգի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու քաղաքային տրանսպորտի տեխնիկական եւ քանակական վիճակին, սպասարկման որակին: Նման նախաձեռնությունն իհարկե ողջունելի է: Հասարակական տրանսպորտին ծանոթանալու նպատակով խորհուրդ կտայինք մոնիտորինգ իրականացնողներին Մաշտոցի պողոտայի Կապույտ մզկիթի կանգառից փորձել հասնել Ավան: Առնվազն 45 րոպե ստիպված կլինեն կանգնել կանգառումՙ սպասելով 59-ի ժամանմանը: Գործնականում գրեթե չի գործում 110 համարը: Մեքենաներն այնքան քիչ են, որ մարդիկ ստիպված են ժամերով սպասել կանգառում: Դրա համար էլ այդ գծից պարբերաբար օգտվողները հրաժարվել են 110-ից, նախընտրելով մի քանի կանգառ քայլել եւ մեկ այլ տրանսպորտով հասնել տուն կամ աշխատավայր: Փորձեք հատկապես երեկոյան ժամերին, օրինակՙ Խանջյանից հասարակական տրանսպորտ նստել եւ հասնել Ավան կամ Էրեբունի: Բաց կթողնեք մի քանի երթուղային տաքսի, հետո մի 50 րոպե կանգառում սպասելուց հետոՙ կգա պակաս ծանրաբեռնված երթուղային, ու դուք ոտքի վրա կանգնած կհասնեք տուն:

Քաղաքապետարանից ստացված հաղորդագրությունից չհասկացանք` քաղաքապետ Կարեն Կարապետյանն է՞լ է մասնակցելու մոնիտորինգին: Եթե այո, ապա առաջարկում ենք, որ նա էլ օգտվի իր որոշումից: Երեկոյան աշխատանքից հետոՙ 8-ին կամ 9-ին նստի հասարակական տրանսպորտ, հասնի ավտոկայան եւ այնտեղից մերձքաղաքային տրանսպորտով գնա Էջմիածին, Գառնի կամ Աշտարակ:

Խորհրդակցության ժամանակ Մարգարյանը տեղեկացրել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում քաղաքամերձ երթուղայիններին հատկացված կանգառագոտիներից դուրս կայանելու համար կազմվել է 7 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է ապահովել մայրաքաղաքի բոլոր դպրոցներին եւ մանկապարտեզներին հարակից փողոցների հետիոտն անցումների գծանշումը: Հսկողություն կսահմանվի ստորգետնյա անցումների ու քաղաքային շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղությամբ: Այս հարցում քաղաքապետարանին կաջակցի առողջապահության նախարարությունը, համատեղ ստուգայցեր կկազմակեպվեն: Փոխքաղաքապետն անդրադարձել է նաեւ թափառող շների հարցին եւ հանձնարարել է, որ «Յունիգրաֆ իքս» ընկերությունը միջոցառումներ ձեռնարկի խնդիրը լուծելու: Հիշեցնենք, որ վերոնշյալ ընկերությունը հսկայական գումարներ է ստանում քաղաքապետարանից, որպեսզի թափառական շներին ստերջացնի, բայց իրականում նրանց սպանում են: Այդ մասին բազմիցս ահազանգել են բնակիչները, կենդանասերները, բազմիցս գրել է նաեւ «Ազգ»-ը, սակայն ոչինչ էլ չի փոխվել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4