«Ընտրությունները ձեւականություն են, ամեն ինչ պարզ է, ամեն ինչ գրված է ու ամեն ինչ դոբրոյով է լինում», «Մամուլի ազգային ակումբում» «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում եւ համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջեւ» թեմայով քննարկմանն ասաց «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը :
Նրա գնահատմամբ` չսիրված կուսակցությունները մտնում են խորհրդարան, չհարգված մարդիկ դառնում են պատգամավոր: «Ժողովրդավարություն չկա», ասաց Կարապետյանըՙ հավելելով, որ կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը: Նրա մեկնաբանությամբ` ժողովուրդը մերվել է, պասիվ է, հետեւաբար արտահերթը միակ փրկությունն է, եթե անգամ կազմակերպվի հերթականից մեկ ամիս առաջ: «Դուք կարծում եք, որ Հանրապետականին ժողովուրդը սիրո՞ւմ է: Կզարմանամ, որ ՀՀԿ-ն ընտրություններում 18 կամ 20 տոկոս ձայն հավաքի: Ամեն ինչ գծված է», ասաց Կարապետիչը:
«Մեզ վստահում են», հակադարձեց հանրապետական Արտակ Զաքարյանը :
«Ինչի՞ն են վստահում, կաշառակերությա՞նը», հարցրեց Կարապետիչը:
Ի պատասխան Զաքարյանն ասաց, որ իրենք տարիների քրտնաջան աշխատանով են վաստակել ժողովրդի հարգանքն ու վստահությունը եւ հասել ներկայիս մակարդակին:
«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցելու: Սակայն այս անգամ ոչ թե «ում հետ», այլ «ինչի շուրջը» սկզբունքով:
Հովհաննես Մարգարյանն էլ, ներկայացնելով ՕԵԿ-ի օրեցօր աճող վարկանիշը, ասաց, որ իրենք կարող են արդար ու հանգիստ խղճով նայել տեսախցիկին:
Կարապետիչն էլ սարկազմով հավելեց, որ ՕԵԿ-ը ոչ միայն տեսախցիկին, այլեւ արբանյակին կարող է հանգիստ նայել: «Ժամանակները չեն փոխվել, էն ժամանակ գլադիատորներն էին ուրախացնում, հիմա էլ վիկդարչինյաններն են ուրախացնում», ասաց Կարապետիչը:
Քննարկման մասնակիցները խնդրեցին չկապել Ռուսաստանում քաղաքական կուրսի ենթադրյալ փոփոխությունները Հայաստանի ներքին կյանքի հետ: «Պուտինի վերադարձով արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է՞լ կվերադառնա մեծ քաղաքականություն» հարցին Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ եթե Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ապա այն ուժերը, որոնք իր կառավարման ժամանակահատվածում ծաղկել են կամ ունեցել են անձնական համակրանք, ապա անպայման կթեքվեն երկրորդ նախագահի կողմը: «Սխալ է որեւէ կապ տեսնել այդ զարգացումների միջեւ: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեն ռազմավարական հարաբերություններ եւ ոչ թե տրանսֆորմացվող հարաբերություններ», կարծիք հայտնեց Արտակ Զաքարյանը: Հովհաննես Մարգարյանն էլ չի հավատում, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունի Ռուսաստանի քաղաքական կուրսը: Մարգարյանը միայն ասաց, որ ՕԵԿ-ը չի մասնակցելու նախագահական ընտրություններին եւ սատարելու է Սերժ Սարգսյանին: «Քոչարյանն անպայման կվերադառնա», սա էլ Տիգրան Կարապետյանի տեսակետն է: «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չպետք է վերադառնա: Բացի դրանիցՙ նախագահների միջեւ մրցակցություն կա, եւ այդ առումով չեմ բացառում, որ Քոչարյանը կվերադառնա»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ