«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2011-09-23 | #169, 2011-09-24 | #170, 2011-09-27


ՈՒԶԲԵԿ ԼՐԱԳՐՈՂԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է «ՋՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ» ՈՒ ՀՆԴԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

35-ամյա Նադիր Ախմեդովը Նյու Դելի է եկել Ուզբեկստանից: Նա մեկն է այն 23 ուսանողներից, որոնք սովորում են Հնդկաստանի զանգվածային հաղորդակցության ինստիտուտում (IIMC): Բացի Նադիրից` այստեղ իրենց մասնագիտական կրթությունը շարունակելու նպատակով լրագրողներ են եկել նաեւ Աֆղանստանից, Կոնգոյից, Մեքսիկայից, Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Գանայից, Ֆիջիից, Լաոսից, Նեպալից եւ այլ երկրներից: Նադիր Ախմեդովի հետ ծանոթացանք հենց այս ինստիտուտում: Եթե Նադիրին տեսած չլինեի մահմեդականի գլխարկով ու չիմանայի` ծագումով Ուզբեկստանից է, չէի էլ մտածի, որ մահմեդական է: Կրոնական պատկանելությունը բնավ չի խանգարում նրան շփվել ու ընկերանալ նաեւ քրիստոնյաներիս հետ: Նրա խոսքով` Ուզբեկստանում ապրում են նաեւ տարբեր ազգությունների քրիստոնյաներ, այդ թվում եւ հայեր. «Ուզբեկներն ու հայերը հաղորդակցվում են ռուսերեն լեզվով»: Նադիր Ախմեդովը նշում է` Ուզբեկստանում կան նաեւ հայկական եկեղեցիներ, որոնցից մեկը, մայրաքաղաք Տաշքենդում է, մյուսը` Սամարղանդ քաղաքում: Իսկ Ուզբեկստանում ապրող հայերի թիվը հասնում է շուրջ 70 հազարի: Նադիրն անկեղծորեն խոստովանում է, որ Հայաստանի ու հայության մասին շատ բան չգիտի, փոխարենը սիրահոժար շարունակում է պատասխանել Ուզբեկստանին եւ ուզբեկ ժողովրդին վերաբերող հարցերին: Անդրադառնալով իր երկրում խոսքի ազատության հարցին` Նադիրը նշում է, որ Ուզբեկստանում եւս մամուլի լիարժեք ազատություն ասվածը գոյություն չունի: Նադիրն աշխատում է պետական լրատվամիջոցում` «Khabar» («Լուր») շաբաթաթերթում, որի շաբաթական տպաքանակը հասնում է 16 հազարի: 16 էջից բաղկացած թերթի 2 էջը տպագրվում է ռուսերեն, իսկ մնացածը` ուզբեկերեն լեզվով: Թերթը լույս է տեսնում Տաշքենդում: Զրուցակիցս հոդվածներ գրելուց զատ խմբագրում է նաեւ «Khabar»-ի լուրերի բաժինը: Նադիրի խոսքով` թերթն անդրադառնում է տարբեր թեմաների, սակայն այսօր Ուզբեկստանի մամուլին ու բնակչությանը հուզող հիմնական թեման հարեւան երկիր Տաջիկստանում նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումն է: Նադիրը բացատրում է, որ Ուզբեկստանի տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության համար մեծ նշանակություն ունեցող Ամուդարյա գետը հիմնականում սնվում է Տաջիկստանից հոսող Վախշա գետի ջրերով: Ուզբեկստանի բնակիչները մտահոգված են` նոր հիդրոէլեկտրակայանի ու ամբարտակի կառուցումից հետո դեպի Ամուդարյա ջրի հոսքը կդադարեցվի, եւ Ուզբեկստանի գյուղատնտեսությունը կկանգնի ճգնաժամի առաջ, փոխարենը Վախշայի ջրերով կշահագործվի տաջիկական հիդրոէլեկտրակայանը:

Նադիր Ախմեդովը տեղեկացնում է` Վախշայի վրա կառուցվող ամբարտակը, որի բարձրությունը նախագծված է շուրջ 350 մետր, իսկ տարողությունը` 3,13 միլիարդ խորանարդ մետր, լինելու է աշխարհի ամենաբարձր ամբարտակը: Ուզբեկստանի կառավարությունը դեմ է դրա կառուցմանը, սակայն Դուշանբեն հայտարարել է, որ ամբարտակն անկասկած կառուցվելու է: «Մեր երկրները գտնվում են սեյսմիկ գոտում, ուստի նման չափի հիդրոէլեկտրակայանի կառուցումը կմեծացնի երկրաշարժերի հավանականությունը», հավելում է Նադիր Ախմեդովը:

Այժմ Տաջիկստանն էլեկտրաէներգիա գնում է Ուզբեկստանից, բայց այս ամբարտակի ու հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո Տաջիկստանն էլեկտրաէներգիա գնելու կարիք այլեւս չի ունենա: «Տաջիկստանը նույնիսկ մտադիր է հետագայում էլեկրաէներգիա վաճառել այլ երկրների, օրինակ` Աֆղանստանին, Իրանին եւ այլն», ասում է զրուցակիցս:

Ամբարտակի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, ավելի ճիշտ` վերսկսվել են, քանի որ նախագծված է եղել դեռ Խորհրհրդային տարիներին: Նադիր Ախմեդովի փոխանցմամբ` ամբարտակի կառուցման համար ավելի քան 2 միլիարդ դոլար է անհրաժեշտ. «Սակայն Տաջիկստանի կառավարությունն այդ ծախսերը միայնակ հոգալ չի կարող»:

Ինչ վերաբերում է ուզբեկական կողմի կողմնորոշմանն ու ձեռնարկած քայլերին, Նադիրն ասում է` իրենց կառավարությունը պնդում է, որ ստեղծվի միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի խնդիրն ու անաչառ որոշում կկայացնի:

Ապա իր երկրի տնտեսական խնդիրներից վերադառնալով հնդկական իրականություն` զրուցակիցս ասում է, որ առաջին անգամ է Հնդկաստանում: Ինչպես ամեն մի նորեկի նրան եւս զարմացրել են տեղի սոցիալական ծայրահեղությունները, որոնք տեսնելու համար Դելիի փողոցներով մեկ անգամ շրջելն էլ բավական է: Հատկապես կենտրոնական փողոցների կանգառներում ու լուսացույցերի մոտ, երբ մեքենաներն ու ավտո-ռիկշաները (տեղի երթուղային տաքսիները, որոնք չունեն դուռ ու պատուհան եւ նախատեսված են միայն 3 հոգու համար) կանգ են առնում, մուրացկաններն ու շրջիկ առեւտրականներն առանց մեկ վայրկյան կորցնելու մոտենում են ուղեւորներին: Մուրացկան երեխաները գոնե 1 ռուփի ստանալու համար բառի բուն իմաստով պատրաստ են գլուխկոնծի տալ հենց փողոցի մեջտեղում: Նման թշվառության կողքին Նյու Դելիում, սակայն, նորաոճ ռեստորաններ,հյուրանոցներ, շքեղ խանութներ եւ հարուստներ կան:

Չնայած առկա հակադրություններին` Նադիր Ախմեդովը Հնդկաստանի մասին, ընդհանուր առմամբ, համակրանքով է խոսում: Ասում է` ամենից շատ հավանել է տեղի հուշարձաններն ու ճարտարապետությունը: Զրուցակիցս անգամ Հնդկաստանի անտանելի շոգից ու տոթից չի դժգոհում: Այս շոգ եղանակին` ամեն առավոտյան Նադիրը գնում է վազելու, հետո վերադառնում է հանրակացարան, բարձրանում շենքի տանիքն ու այնտեղ դիմավորում արեւածագը: Ապա երկար ժամանակ նստում է տանիքում եւ նայում հորիզոնին, իսկ թե ի՞նչ է մտածում այդ ժամանակ, խմբի ամենասակավախոս լրագրողը գերադասում է չպատասխանել:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Հնդկաստան, Նյու Դելի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4