Ֆրանսիայում կայացած «Գրքերի անտառ» փառատոնի ժամանակ «Հավերժ երիտասարդության» մրցանակի արժանացած (տե՛ս «Ազգի» սեպտեմբերի 6-ի համարը) լեգենդար ֆրանսահայ երգիչ-երգահան-դերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի «Օլիմպիայում» հայտնվելը նրա 55 տարվա բեմական կյանքի շարունակությունն էՙ հուրախություն բոլոր նրա երկրպագուների:
87 տարեկանում համերգների նոր շրջագայություն ձեռնարկելը խիզախություն է, բայց նաեւ մտահոգություն, «Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբՙ նա գիտակցում է, որ տարիքն իր հետքը թողնում է մարդկանց կյանքում:
«Եթե նստելու կարիք զգամ, նստելու եմ, եթե ոչՙ շարունակելու եմ կանգնած երգել: Հիշողությունս է մթագնում երբեմն, այնպես որ հանդիսատեսին ասելու եմՙ ներողամիտ լինի նման պարագաներում: Չեմ սիրում բարդացնել իրավիճակները, ես անկեղծ եմ իմ հանդիսատեսի հետ: Ամեն ինչ պատմել եմ նրան սկզբից մինչեւ վերջ: Շատ բանով եմ պարտական ֆրանսիական գրականությանը: Անհագ ընթերցող եմ, հսկայական քանակությամբ գրքեր եմ գնում եւ կարդում», նշում է նա, ավելացնելով, որ վերջին շրջանի իր կարդացած գրքերի թվում են ֆրանս-աֆղանացի հեղինակ Ատիկ Ռահիմիի եւ թուրք հեղինակների ստեղծագործությունները, ինչպես նաեւ Ավետարանն ու Ղուրանը:
«Օլիմպիայի» եւ հետագա համերգների համար նա պատրաստել է հատուկ ծրագիրՙ բաղկացած շատ հին, հին, բայց մշտապես սիրված եւ անշուշտ մի քանի նոր երգերից, որոնց թվում է ծիրանափողի (դուդուկի) ընկերակցությամբ կատարածը:
«Ինչպես ուրիշ արվեստագետներ, սիրում եմ անել բաներ, որ ուրիշները չեն արել: Դրանով ես ճանապարհ եմ հարթում ուրիշների համար», խոստովանում է լեգենդար երգիչը, որ 2008-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն:
Մինչեւ օրս նրա ձայնասկավառակներից ավելի քան հարյուր միլիոն է վաճառվել աշխարհով մեկ: Նկարահանվել է 60 ֆիլմերում:
Հայաստանի անկախությանը նվիրված իր ներկա համերգաշարի նախօրյակին նա մի նոր սկավառակ է թողարկել «Always» («Միշտ») վերնագրով, որտեղ ամփոփված են սիրո, պատերազմի, ցանկության եւ անցնող ժամանակի վերաբերյալ իր երգերը: Նա նաեւ թողարկել է հիշողությունների եւ խոհերի իր նոր գիրքըՙ «Մի դռնից մյուսը» խորագրով:
Սյսօր Փարիզի «Օլիմպիայում» Ազնավուրի համերգին ներկա է գտնվելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ Նյու Յորքից Երեւան վերադարձի ճանապարհին լինելու է Փարիզում:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ