«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2011-09-23 | #169, 2011-09-24 | #170, 2011-09-27


ԻՆՔՆԱՏԻՊ ՈՒ ՏԱՔՈՒԿ ՄԻ ԱՇԽԱՐՀ

Կերպարվեստով զբաղվող գերդաստանները քիչ չեն հայ իրականության մեջ: Սակայն դրանցում առանձնակի տեղ ունեն Բաժբեուկ-Մելիքյանների եւ Էլիբեկյանների գերդաստանները, որոնց անդամներից յուրաքանչյուրը, ով ձեռքն է առել վրձինը, խիստ ինքնատիպ ու միանգամայն հաստատուն ձեռագրով, գեղարվեստական ընկալումների սեփական հայեցակարգով, կերպավորման ու արտահայտչամիջոցների որոնման ինքնուրույն ճանապարհի շնորհիվ է հասել ճանաչման ու փառքիՙ չփորձելով դույզն-ինչ կրկնել տաղանդաշատ իր նախորդին:

Այս օրերին Գեղագիտության ազգային կենտրոնում գործում է մի ցուցահանդես, որն իրավամբ հաճելի անակնկալ է: Երբ գնում էի ծանոթանալու Արեգ Էլիբեկյանի գործերին, փոքր-ինչ վախ ունեի, վախ, որ նա կարող էր զերծ չլինել իր մեծանուն հորՙ Ռոբերտ Էլիբեկյանի ազդեցությունից: Սակայն իմ տեսադաշտում հայտնված առաջին իսկ գործերն անմիջապես ցրեցին մտահոգությունս: Իմ առջեւ միանգամայն ինքնատիպ, սեփական ոճ ու մտածելակերպ ունեցող մի նկարիչ է, որ անկեղծորեն ու անմիջականորեն փորձում է իր տեսածն ու ընկալածը կտավին հանձնելՙ առանց ավելորդ ու անհարկի էֆեկտների, պինդ ու ամուր ձեռագրով, գույն ու գծի խիստ ներդաշն ու հասուն լուծումներով:

Ծնվել է Երեւանում 1970 թվականին, 1992-ին ավարտել Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Դեռեւս ուսանողական տարիներից մասնակցել է սկզբում երիտասարդական, ապա նաեւ հանրապետական ցուցահանդեսներին:

Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է Կանադա, այժմ ապրում, աշխատում եւ ստեղծագործում է Մոնրեալ քաղաքում: Ունի անհատական նկարչական ստուդիա, դասավանդում է նաեւ Մոնրեալի Գեղեցիկ արվեստների թանգարանում: 2004 թվականից պարբերաբար մասնակցել է Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Երեւանում կազմակերպված խմբակային ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Մոնրեալում, Բեյրութում, Փարիզում, Անվերում (Բելգիա), Բրյուսելում, Երեւանում եւ այլ քաղաքներում:

Ասելիքը կենտրոնացնելով հիմնականում քաղաքային տեսարաններիՙ իր գեղարվեստական ընկալումներին հարազատ դրվագներիՙ մարդաշատ փողոցների, սրճարանների, բակերի, պուրակների վրաՙ նկարիչը ե՛ւ ընդհանրացնում է պատկերվածն ու երեւույթը, ե՛ւ անհատականացնումՙ երկու դեպքում էլ մնալով միանգամայն համոզիչ ու անկեղծ: Նրա այս կարգի գործերում ֆիգուրները, մեկտեղվելով հանդերձ« ունեն միանգամայն ինքնուրույն հնչեղություն. յուրաքանչյուրն իր ներսում ընդգծված անհատականության կրող էՙ իր հոգս ու ապրումի մեջ, առօրյա եռուզեռում վաղվա իր տեսլականին փարված: Մեծ քաղաքներին բնորոշ օտարոտի մթնոլորտը, մարդաշատությունն ու ուրբանիզացիան, շնորհիվ սառը ու տաք գույների ճշգրիտ ու ներդաշն համադրությունների, շնորհիվ ռիթմի հավասարակշիռ, բայց եւ ներքին լարվածությամբ շնչող հագեցվածության, նկարչի կտավներում դարձել են խիստ առինքնողՙ պահի ու ժամանակի դիպուկ արտահայտչական կնիքով, գեղարվեստական ինքնատիպ մեկնաբանությամբ, ճշգրիտ գտնված արտահայտչամիջոցների նուրբ ու հատու խաղերով, թանձր, բայց ամենեւին չճնշող, օդառատ գունային լուծումներով:

Արեգ Էլիբեկյանի արվեստում առանձնակի տեղ ունեն ջրային տարածքների վրա ձգվող քաղաքային կամուրջները: Այս գործերում գիծը, գույնը, երանգը չեն ճչում, չեն աղմկում, այլ հանդարտ ու մեղմաշրշյուն սահում են կտավի մակերեսով եւ դիտողին ստիպում ընկղմվել խոհականի ու բանաստեղծականիՙ ներքին լույսով հագեցված հարուստ աշխարհըՙ հակադրության մեջ դնելով հոսող ջրի վայրկենական գուներանգները կամրջի վրայով անցնող մարդկանց պլաստիկական ձեւերի, հեռվից երեւացող շենքերի ու շինությունների հակադարձումների հետ: Գունախաղերի համադրումներով ստեղծված վաղանցիկության ու մշտակայության այդ հոգեբանական շղթան Արեգի նախասիրած թեմաներից մեկինՙ կամուրջներին հաղորդում է զարմանալի հնչեղություն, ինչ-որ տեղ այլաբանական ու խորհրդանշական լիցքավորում: Չէ՞ որ կամուրջ հասկացությունը մի վիճակից մյուսին անցնելու փորձություն է, որտեղ գտածն ու կորցրածը որոշվում են այդ անցումն իրականացնելուց հետո: Այս փորձությունն Արեգը սքանչելիորեն հաղթահարել է ձեւերի էքսպրեսիվ լուծումներով, մարդու ու բնության արարչական քանքարի զուգորդումի միանգամայն յուրօրինակ մեկնաբանությամբ:

Նկարչի գործերն ամբողջությամբ առաջին հայացքից դիտողին գերում են իրենց զարմանալի խաղաղությամբ, զարմանալի այն անդորրով, որ հաճախ ստիպում է մարդուն կտրվել դարի, ժամանակի ու քաղաքների աղմկոտ ռիթմից եւ ըմբոշխնել մենության փիլիսոփայական ենթատեքստերի խոհն ու ապրումը, մարդու եւ բնության չմիջնորդավորված երկխոսությունն անցավորի ու անանցի մշտնջենական գոյակցության մտորումներում: Նրա պատկերներն ու կերպարներն ասես խոսում են իրենք իրենց հետՙ լուռ ու անհաղորդ: Բայց սա միայն առաջին հայացքից: Խորքում չափազանց խոսուն ենՙ միայն առանց արտաքին ճնշման: Սա հոգեբանական մի մեթոդ է, երբ նկարիչը փորձում է դիտողին դարձնել պատկերի, տեսարանի գործող անձըՙ փոխանցելով նրան իր մտահղացման ներքին լարվածության նրբությունները, հույզերի ներքին, հոգեբանական տարանցումների ելեւէջները: Այս առումով խիստ շահեկան են նկարչի առավելապես ձմեռային եւ աշնանային բնապատկերները, որոնք կատարված են անմիջական տպավորության տակ: Այստեղ հետաքրքիր են այն զուգորդումներն ու հակադրությունները, որոնք առկա են կանադական, փարիզյան ու երեւանյան բնապատկերներում: Վերցնենք «Ձմեռը Մոնրեալում» եւ «Ձմեռը Երեւանում» կտավները: Եթե առաջինում սպիտակ թույրերի կողքին գերիշխող են շագանակագույնի եւ վարդագույնի բաց ու մուգ տարանցումները, որոնք ստվերվում են բաց դեղնավուն երանգներով, ապա երկրորդում դրանք թանձրանալով ընդգրկում են վառ նարնջագույնն ու կարմիրըՙ ասես շեշտելով արեւի դեռեւս պահպանված շունչը: Նույն նրբերանգների շերտավորումներով են առանձնանում նաեւ աշնանային բնանկարներըՙ դեղնակարմրավունը հասցնելով կարմրանարնջագույնիՙ կրկին շեշտելով արեւի ազդեցության պարագան գուներանգների ու թույրերի հարափոխության տիրույթում: Անշուշտ դժվար է թերթային այս փոքրիկ հոդվածում մանրազնին վերլուծել Արեգ Էլիբեկյանի արվեստի ողջ հենքն ու առանձնահատկությունները, ազդեցություններն ու նորամուծությունները, սակայն այն, ինչ կարող է տեսնել անզեն աչքը, այն է, որ Էլիբեկյան գերդաստանը շարունակում է կերպարվեստում թողնել նոր ու վառ անուններ:

ԱՍՏՂԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Նկար 1. Ձմեռ Երեւանում 2011

Նկար 2. Բիստրո Սեն Լուի կղզում 1999


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4