Սիրո, կորստի եւ վերապրումի թովիչ մի պատմություն Հայոց ցեղասպանության հենքի վրա, կյանքի է կոչվում հյուսիսային Լոնդոնի արվարձաններում ապրող երկու կանանց շնորհիվ, կարդում ենք «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում:
Լոնդոնաբնակ գրող Աստրիդ Քաչարյանի «Գիշերային երկնքների նմանությամբ» գրքի հիման վրա անգլիացի ռեժիսոր Աթենա Մենդիսը գեղավեստական ֆիլմ է նկարահանում այն մասին, թե ինչպես մի կին կերտելով իր կյանքի պատմությունը փոխում է ապագա սերունդների կանանց կյանքը:
Այդ կինը սուֆրաժիզմիՙ կանանց ընտրական հավասար իրավունքների օգտին պայքարող շարժման ջատագով Աստրա Սաբոնջյանն է, որն իր ամուսնուն կախաղանից փրկելով կարողանում է ոչ միայն իր ընտանեկան երջանկությունը պահպանել, այլեւ դառնալ լրագրող, նորաձեւության սրահ եւ դպրոց հիմնել Աթենքում եւ դաստիարակել մի ամբողջ սերունդ:
Պատմությունն սկսվում է Էրզրումում, 1905 թվին, երբ Աստրան եւ ամուսինըՙ Սեդրակը (ազատական հայացքներով թերթի հրատարակիչ) փորձում են ողջ մնալ թուրքական կոտորածներից:
«Որպես Անգլիայում ապաստան գտած ալբանացի-հույն արհմիութենական աշխատակցի դուստր, շատ լավ հասկանում եմ ծավալվող հակամարտությունների եւ ստիպողաբար սփյուռքում ապրելու ալեծալ ազդեցություններն ու դառը հետեւանքները: Սա մի կնոջ հիացմունքի արժանի պատմությունն է, ով դուրս գալով իր սեփական, հայրիշխանական միջավայրից կերտում է նոր կյանք ամբողջովին նոր մի միջավայրում», նշում է Մենդիսը:
Հ. Ծ.