Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Սուպերգավաթըՙ դառնալով պատվավոր մրցանակի ութակի դափնեկիր: Ինչպես եւ անցյալ տարի, այս անգամ էլ փյունիկցիները հաղթեցին «Բանանցին»: Եթե անցյալ տարի գրանցվել էր 2-0 հաշիվ, ապա այս անգամ փյունիկցիները մրցակցի դարպասը 3 անպատասխան գնդակ խփեցին:
Վերջին տարիներին Սուպերգավաթի մրցախաղերին «Փյունիկը» ներկայանում էր 2-րդ կազմով, քանի որ մի քանի օր անց թիմն առաջնությունում կարեւորագույն հանդիպում պետք է անցկացներ: Այս տարի ֆուտբոլի ֆեդերացիան այնպես էր կազմել առաջնության խաղացանկը, որ Սուպերգավաթի խաղից հետո հաջորդ տուրի հանդիպումը կայանալու էր միայն մեկ շաբաթ անց: Սակայն չնայած դրան, այս անգամ էլ «Փյունիկի» մարզիչները հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստների մրցասպարեզ դուրս չբերեցին: Թվում էր, թե «Բանանցին» հիանալի հնարավորություն է ընձեռվել վերջապես 4-րդ փորձից նվաճելու Սուպերգավաթը, մանավանդ որ թիմը վերջին շրջանում առաջնությունում վերելքով է հանդես գալիս: Սակայն «Բանանցի» մարզչական շտաբն էլ չգիտես ինչու ասպարեզ էր դուրս բերել մի խումբ երիտասարդ ֆուտբոլիստների:
Այս ամենի պատճառը կարծում ենք մեր թիմերի ոչ լուրջ վերաբերմունքն է Սուպերգավաթի հանդեպ, որի նվաճումը ֆուտբոլիստներին ոչինչ չի տալիս: Ֆեդերացիայի կողմից դրամական որեւէ պարգեւ նախատեսված չէ հաղթող թիմին: Ուստի մարզիչները չեն ցանկանում ավելորդ ծանրաբեռնել իրենց առաջատար ֆուտբոլիստներին:
Ինչեւէ, «Փյունիկն» այս անգամ էլ ապացուցեց, որ գրեթե որեւէ կազմով ունակ է հաջողության հասնել մրցակցի նկատմամբ: Արդեն 1-ին րոպեին «Փյունիկի» 16-ամյա հարձակվող Վարդան Բակալյանը կարող էր բացել հաշիվը, սակայն մենմենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, շեղ հարվածեց: Փյունիկցիներն իրենց երկրպագուներին երկար սպասեցնել չտվեցին: 18-րդ րոպեին Արամ Հովսեփյանը տեսնելով, որ «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը դուրս է եկել դարպասից, նրա գլխավերեւով գնդակն ուղարկեց ցանցը:
Առաջին խաղակեսի ավարտին «Փյունիկը» կրկնապատկեց հաշիվը: Վարդան Բակալյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից եւ վրա հասած Դավիթ Մինասյանը գրավեց դարպասը: Իսկ ընդմիջումից հետո աչքի ընկավ 16-ամյա Բակալյանըՙ դառնալով Սուպերգավաթի մրցաշարերում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
«Բանանցին» պարզապես կարելի է կարեկցել: Թիմը 4 անգամ վիճարկել է Սուպերգավաթը եւ բոլոր հանդիպումներում էլ «չոր» հաշիվներով պարտվել է «Փյունիկին»ՙ բաց թողնելով ընդհանուր առմամբ 7 գոլ: Նաեւ նշենք, որ Սուպերգավաթի 14 խաղարկություններում առաջին անգամ գրանցվեց խոշոր հաշիվ: Պատվավոր մրցանակը «Փյունիկի» ավագի պարտականությունները կատարած Արթուր Յուզբաշյանին հանձնեցին Հակոբ Տոնոյանի թոռներըՙ Արսենն ու Հակոբը: