«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2011-09-23 | #169, 2011-09-24 | #170, 2011-09-27


ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՎԵՐԱԽԱՂԱՐԿՎԻ

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի բողոքները մրցավարությունից, որոնց թույլ տված կոպիտ սխալներն ազդել են խաղերի ելքի վրա: Մասնավորապես, «Գանձասար»-«Բանանց», «Ուլիս»-«Բանանց», «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումներում մրցավարները չեն հաշվել «Գանձասարի», «Բանանցի» եւ «Իմպուլսի» խփած գոլերը, որոնք պարտավոր էին արձանագրել:

Եվ ահա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործկոմի նիստում առաջարկել էր վերախաղարկել «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը, որն ավարտվել էր փյունիկցիների 1-0 հաշվով հաղթանակով: Ընդհանրապես, ըստ գործող կանոնակարգի, մրցավարական սխալների պատճառով հանդիպումների վերախաղարկում նախատեսված չէ: Պարզապես պատժում են մրցավարներինՙ որակազրկելով տարբեր ժամկետներով:

Սակայն ՀՖՖ գործկոմի անդամները երկարատեւ քննարկումից հետո, հաշվի առնելով նախագահի առաջարկի դրական եւ բացասական կողմերը, բացառիկ որոշում կայացրին. չեղյալ համարել «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպման արդյունքը եւ խաղը վերախաղարկել:

Իհարկե, գործկոմն իրավասու է նման որոշումներ կայացնել, թեպետ դա հակասում է մրցումների անցկացման կանոնակարգին: Սակայն հարց է ծագում, թե ինչու ընտրությունը կանգ առավ հենց այդ խաղի վրա: Չէ՞ որ նմանատիպ պայմաններում մրցավարի սխալ վճիռներից տուժել էին նաեւ «Գանձասարն» ու «Բանանցը»:

Նշենք, որ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, որ հանդիպումը վերախաղարկվում է: Դեռեւս 1994-ին Էջմիածնում կայացած ԲՄԱ «Արայի»-«Արարատ» հանդիպման արդյունքը (1-0) չեղյալ էր համարվել ու խաղը վերախաղարկվել էր: Այդ խաղի ավարտից հետո ֆուտբոլասերները ներխուժել էին խաղադաշտ ու փորձել էին հաշվեհարդար տեսնել արարատցիների հետ: 1995-ին վերախաղարկվել է «Զանգեզուր»-«Ղարաբաղ» հանդիպումը, իսկ 1999-ինՙ «Ցեմենտ»-«Շիրակ» խաղը, որում վճռվելու էր երկրի չեմպիոնի հարցը: Արարատում կայացած այդ խաղում մրցավար Սլավա Ղազարյանը բավականին ուշ էր ազդարարել հանդիպման ավարտըՙ վերջին րոպեին անհիմն 11 մ հարված նշանակելով շիրակցիների դարպասին, ինչը հարուցել էր գյումրեցիների բուռն վրդովմունքը: Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում հենց «Ցեմենտի» նախագահ Աբրահամ Բաբայանն էր առաջարկել ՀՖՖ գործկոմին խաղը վերախաղարկելու որոշում կայացնել: Արդյունքում նոր հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (0-0), ինչը «Շիրակին» չեմպիոնի կոչմանն արժանացրեց: Իսկ «Ցեմենտը» ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4