Գենադի Մարտիրոսյանին չհաջողվեց նվաճել միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Կրասնոդարում կայացած մենամարտում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պարտվեց չեմպիոնական գոտու տեր Դմիտրի Պիրոգին: Ստացած վնասվածքի պատճառով 10-րդ ռաունդից հետո Մարտիրոսյանը չկարողացավ շարունակել մենամարտը ու նրան պարտություն գրանցվեց:
31-ամյա Դմիտրի Պիրոգն իրեն հարազատ Կրասնոդարում մարզական կարիերայում 2-րդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Առաջին անգամ նա չեմպիոնի տիտղոսը նվաճել էր անցյալ տարվա օգոստոսին:
Առաջին ռաունդում մրցակիցները կարծես հետախուզում էին միմյանց, իսկ հետագայում անցան ակտիվ գործողությունների: Արդեն 3-րդ ռաունդում Մարտիրոսյանի աջ աչքի տակ մեծ կապտուկ առաջացավ, ինչը խանգարում էր նրան մենամարտի ընթացքում: Ուստի երբ 10-րդ ռաունդն ավարտվեց, Մարտիրոսյանի մարտավկաները որոշեցին հրաժարվել մենամարտի շարունակությունից:
Մենամարտից հետո Գենադի Մարտիրոսյանին տեղափոխել են հիվանդանոցՙ հետազոտության: Բժիշկները հուսով են, որ ամեն ինչ կարգին կլինի եւ վնասվածքը լուրջ հետեւանքներ չի առաջացնի:
Կրասնոդարում մենամարտը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Բոլոր տոմսերը վաղուց էին սպառվել: Վերջին մեկ տարում նման հետաքրքրություն էր առաջացրել միայն Մոսկվայում կայացած Դենիս Լեբեդեւ-Ռոյ Ջոնս մենամարտը:
Գենադի Մարտիրոսյանի համար այդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում 25-րդն էր: Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ բռնցքամարտիկը 3-րդ պարտությունը կրեց: Իսկ ահա Դմիտրի Պիրոգն առայժմ անպարտելի է: Նա հաղթել է բոլոր 19 մենամարտերում: