«Ազգը» անդրադարձել է սեպտեմբերի 23-ին Մյասնիկյան պողոտայում վնասազերծված բանդայի եւ բերման ենթարկված 13 անձանց, որոնք մի քանի ամիս շարունակ ահ ու սարսափի մեջ էին պահում հատկապես ունեւոր խավինՙ թալանելով նրանց բնակարանները, սպառնալով ու ծեծի ենթարկելով նրանց: Երեւան քաղաքում կատարված այդ բնակարանային գողություններն ու ավազակային հարձակումներն ունեին նույն ձեռագիրը, ուստի այդ բոլոր հանցագործությունները միացվեցին, ու որոնողական աշխատանքները կենտրոնացվեցին: Ի վերջո հնարավոր եղավ կանխել նոր ավազակային հարձակում, կա զոհ, եւ բանդայի հինգ անդամներ կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է:
Սեպտեմբերի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեցին բերման ենթարկվածներից չորսըՙ 31-ամյա Արամ Հայրապետյանը, 30-ամյա Դավիթ Գալստյանը, 43-ամյա Սամվել Դավթյանը եւ 21-ամյա Արթուր Մանուկյանը: Նրանք կասկածվում են վերջին ժամանակներում հանրապետությունում կատարված աղմկահարույց մի քանի ծանր (ավազակային հարձակում, բանդիտիզմ, թմրամիջոցների շրջանառություն) հանցագործություններ կատարելու մեջ: Իսկ նախորդ օրը, նույն դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ, այս բանդայի գործի շրջանակներում բավարարվել է քննիչի միջնորդությունը, եւ երկամսյա կալանքի որոշում է կայացվել Հայկ Հակոբյանի նկատմամբ: Ի դեպ, հայտնի գործարար Հայկ Հակոբյանը «Գառնի-Սուրիկ» լավաշի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատերն է:
Ինչպես տեղեկացանք ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանից , «հանցախումբը, կարելի է ասել, զինաթափված է, 16 հոգի ձերբակալված են, խուզարկությունները ավարտված են, բանդան հայտնաբերված է»: Օրվա վերջին տեղեկացանք, որ մեղադրանք է առաջադրվել եւս երկու կասկածյալի, որոնցից մեկը բանդայի պարագլուխներից է: Արդեն տեղեկացրել ենք, որ բանդայի 49-ամյա պարագլուխ Գուրգեն Հայրապետյանը փախուստի պահին ընկել է ժայռից ու տեղում մահացել:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ