«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2011-09-27 | #171, 2011-09-28 | #172, 2011-09-29


«ԱԶԳ»-Ի ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

«Ազգի» ընթերցողներից նամակներ են ստացվել, որոնցում արտահայտված են դժգոհություններ, առնչված արդարադատության նախարարության ենթակա կառույցներին: Բարձրացված այդ հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ արդարադատության նախարար պրն Հրայր Թովմասյանից ու նաեւ տեղեկանալ, թե համակարգում ինչ փոփոխություններ են տեղի ունենում:

Նախարար Հրայր Թովմասյանը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում եւ ստացել իրավաբանի որակավորում: Ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության բաժինը, որտեղ եւ պատրաստել է թեկնածուական ատենախոսությունը: Այնուհետեւ ԵՊՀ-ի իրավաբանական գիտությունների գիտական աստիճան շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունըՙ ստանալով իրավաբանական գիտ. թեկնածուի գիտական աստիճան: Հրայր Թովմասյանը 1996-ից աշխատել է ՀՀ ՍԴ-ում, դասավանդել է բուհերում, զբաղեցրել կարեւոր պաշտոններ: 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է արդարադատության նախարար:


- Բարեփոխումներ բառը երեւի թե շատ է չարաշահվում: Նախարարը գալուց հետո իր տեսլականն ունի համակարգում առկա խնդիրների լուծման ու փոփոխությունների ուղղությամբ եւ փորձում է որոշակի քայլեր կատարել: Բնականաբար, ես եւս բացառություն չեմ, որովհետեւ ոլորտն ինձ համար նոր չէր, եթե ոչՙ այս կարգավիճակում, նախորդ աշխատանքները եւս կապված են եղել այն բոլոր ոլորտներին, որոնք այսօր այս կամ այլ կերպ առնչվում են արդարադատությանը: Լինի օրենսդրությունը, լինի ոլորտի դատական իշխանությունը, զագսերը, նոտարիատը եւ այլն:

Ուստի, նախարարն ասաց, որ ստանձնելով այդ պաշտոնը, բնականաբար, փորձում է այն պատկերացումներին կամ այն խնդիրներին, որոնք դրսում տեսնում էր, որոշակի լուծումներ տալ: Իսկ թե ո՞րն էր առաջին աչքի զարնող խնդիրըՙ ասաց.

- Առաջին աչքի զարնող խնդիրը, որ կար եւ անհրաժեշտ էր արագ փոփոխել, որը միայն արդարադատության նախարարության խնդիրը չէ, այլ ամբողջ կառավարության ռազմավարությունն էր, քաղաքացիներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելն էր: Այսինքնՙ բոլոր այն օղակներում, որոնք առնչություն ունեն քաղաքացիների հետ, պետք են այնպիսի մեխանիզմներ, այնպիսի կանոնակարգումներ, որոնք շատ պարզ, հստակ ու որոշակի լինեին եւ երկրորդՙ իրենց մեջ չպարունակեին կոռուպցիոն ռիսկեր: Սրանք մի դեպքում վերաբերում էին ավելորդ թղթաբանությանը, ավելորդ տեղեկանքներին, մյուս դեպքումՙ ժամկետներին, երրորդումՙ ինչ-որ հիմնավորումներին, որոնք միշտ մեծ հայեցողություն էին թողնում, հետեւաբար իրենց հետեւից բերում էին կոռուպցիոն ռիսկեր: Եվ առաջին խումբ փոփոխությունները թերեւս պայմանավորված էին հենց այս համակարգով: Դրանք քաղաքացիական կացության ակտերի գրանցումն էին, դա նոտարիատն էր, որտեղ փոփոխությունները կատարվել են եւ իրենց արդյունքները կարծես թե տալիս են: Մորգանն ասում էր. «Աշխարհի ամենամեծ չարիքը մանրուքներն են եւ դրանց վրա ուշադրություն չդարձնելը»: Այդ փոքրիկ մանրուքները, որոնք քաղաքացու հենց այդ դժգոհություններն են առաջացնում, դրանք են բյուրոկրատական քաշքշուկները, ոչ պատշաճ վերաբերմունքը, միգուցե մի քիչ արհամարհական վերաբերմունքը եւ այլն: Ընդունվել են համապատասխան օրենքներ, կրճատվել են ժամկետները, պարզեցվել են ընթացակարգերը, որոնցով էլ այսօր աշխատում ենք:

- Իսկ ո՞ր ոլորտն էր հաջորդը:

- Քրեակատարողական հաստատությունը, որը ոչ միայն իմ, այլ նաեւ ԱՊՀ, մեր կարգի նոր անկախ պետությունների բոլոր արդարադատության նախարարների համար էլ շարունակելու է որոշակի ժամանակահատված մնալ որպես աքիլլեսյան գարշապար: Եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունը, նոտարիատը կամ իրավաբանական անձանց գրանցումը, գործակալության արագ փոփոխությունները հնարավոր են, ապա այստեղ կառավարման մոդելները, խնդիրները շատ ավելի բարդ են, շատ ավելի ժամանակատար ու նուրբ աշխատանքի անհրաժեշտություն ունեն, որովհետեւ գործ ունես մի կոնտիգենտի հետ, որը պարզապես հանցագործ է:

Համենայն դեպս, այդպես է հաստատված օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով: Այստեղ մի դեպքում դեր են կատարում, իրենց նշանակությունն ունեն դեռ ստալինյան ժամանակահատվածում հիմնադրված եւ դեռեւս ամբողջությամբ չձերբազատված քրեակատարողական հիմնարկների տիպերը, մյուս կողմից մենք ունենք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են պատշաճ ֆինանսավորումը, քրեական օրենսգրքի ինչպիսությունը, կամ ազատազրկման հետ չկապված պատիժների բավականին մեծ շրջանակները եւ այլն, որոնք այսօր ամբողջությամբ դրված են արդարադատության նախարարի ու ամբողջ կառավարության առջեւ:

- Ինչպիսի՞ն են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները եւ շարունակվո՞ւմ են դրանց վերանորոգումն ու արդիականացումը:

- 12 քրեակատարողական հիմնարկներից հիմնովին վերանորոգված են ընդամենը երեքըՙ Հրազդանինը, Վանաձորինը եւ Արթիկինը, մյուսներում ընթացիկ աշխատանքները շարունակվում են: Դրանք բնականաբար չեն կարող առկա այդ խնդիրները լուծել: Թեպետ 2008-ին կառավարությունը հաստատել է բարեփոխումների համալիր ծրագիր, որով նախատեսվում էին 42 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, բայց 2009 եւ 2010 թվականներին համապատասխան ֆինանսավորման բացակայության պարագայում, ըստ էության, դադարեցվել են այդ աշխատանքները: Սակայն այժմ լայն թափով ընթանում է Արմավիր ՔԿ նոր հիմնարկի կառուցումը, որը կլինի առաջինը եւ նոր տիպի ՔԿՀ-ների փիլիսոփայության, բովանդակության պատկերացումները այս հիմնարկում հնարավոր կլինի կիրառել, որովհետեւ այստեղ թե՛ անվտանգության համակարգերը, թե՛ վերահսկողության համակարգերը, թե՛ կազարմային տիպերից դեպի մենախցերի անցումը, ամբողջը կլինի ժամանակակից եվրոպական չափանիշներին համապատասխան: Եվ հույս ունենք, որ այնուհետեւ բոլոր ՔԿՀ-ները որոշակիորեն կկենտրոնանանՙ մեծ ՔԿՀ-ներ կունենանք, բնականաբար, թվերը այդ պարագայում կփոքրանան ու հնարավոր կլինի այդ ամենը իրականացնել:

- Այսօր ՔԿՀ-ներում մոտ 4513 պատիժ կրող անձինք կան, որոնցից մոտ 100-ըՙ ցմահ ազատազրկվածներն են (3-ի դատավճիռըՙ օրինական ուժ չի կիրառել), 138 կին դատապարտված է (54-ը նախնական կալանված), 14 անչափահաս դատապարտված է (18-ի կալանքը օրինական ուժ չի կիրառել): 3312 տղամարդ դատապարտված է, որոնցից 1202-ըՙ կալանավորված: Պրն նախարար, դուք հաճախ նշել եք, որ դեռ չի լուծվել ազատազրկման վայրերում պատիժը կրելուց հետո այդ անձանց վերականգնողական ծրագրերի հարցը, այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում:

- Այդ հարցը ամբողջ խորությամբ ու սրությամբ է կանգնած: Մենք ցարդ հետեւյալ կեցվածքն ենք ընդունել, որ պատիժը կրելուց հետո այդ մարդկանց հետ կարծեք թե որեւէ գործ չունենք: Այդ պարագայում մենք հետեւյալ իրավիճակի հետ ենք բախվում, որ եթե մարդը 5-6 տարի ազատազրկման վայրում է, որպես կանոն կորցրել է իր մասնագիտական ունակությունները, որոշակի խնդիրներ ունի արդեն ընտանիքում, որոշ դեպքերում հասարակության կողմից մերժված է ու շատ դժվարությամբ է աշխատանք գտնում: Թերեւս այս է պատճառը, որ մենք կրկնահանցագործության բավականին մեծ տոկոս ենք ունենում: Այսինքնՙ մենք վերականգնողական որոշակի մեխանիզմների մասին պետք է մտածենք, ինչպիսին է նրանց աշխատանքի տեղավորման հարցը, նոր մասնագիտացումը եւ այլն:

- Պրն Թովմասյան, արդեն նման փորձ ունեք, եւ վերջերս բացվեց ՔԿՀ-ում կերպարվեստով զբաղվողների միասնական ցուցահանդեսը, որին «Ազգը» անդրադարձել է: Շարունակվելո՞ւ է այդ բարի ու կարեւոր գործընթացը:

- Այո, անցած ժամանակահատվածում փոքրիկ քայլեր կատարվել են: Մենք ունենք արդեն 10 անձ, որ արդեն ստացել են խոհարարի մասնագիտություն եւ նույնքան էլՙ վարսավիրիՙ պատիժը կրելու ժամանակահատվածում, եւ պետք է հուսալ, որ նրանք պատիժը կրելուց հետո իրենք իրենց մասնագիտությամբ կարող են աշխատել ու հոգալ առօրյա հոգսերը: Դրական որոշակի քայլեր կան այս ոլորտում: «Աբովյան ՔԿ» հիմնարկում գործում է մշակույթի նախարարության մի ՊՈԱԿ, որը խեցեգործություն է սովորեցնում պատիժը կրող անձանց եւ այստեղ էլ ունենք փոքրիկ հաջողություններ. արդեն 6-7 անձ, որոնք այդ մասնագիտությունը ձեռք են բերել այնտեղ, այսօր մեր Վերնիսաժում իրենց ձեռքի աշխատանքներն են վաճառում: Այլընտրանքային այնպիսի պատժատեսակներ, ինչպիսիք են պրովոկացիան, ինչպիսին է տնային կալանքը, ընդհանրապես ամբողջ քրեական օրենսգրքի վերանայումը, կրկնում եմ, այսօր իր սրությամբ կանգնած է մեր առաջ եւ այս ուղղությամբ մենք որոշակի աշխատանքներ կատարում ենք:

- Բազմաթիվ են բողոքներն ու դժգոհությունները դատական մարմիններից, այդ ուղղությամբ ի՞նչ է արվում:

- Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա այստեղ, որպես այդ ոլորտի քաղաքականություն մշակող մարմնի, պատասխանատուՙ ասեմ, որ օրակարգում է «Քրեական դատավարության օրենսգրքի» մշակումը, աշխատանքային խումբը ձեւավորված է, աշխատանքներն ընթանում են, հաստատված է հայեցակարգ: Շուտով կներկայացվի արդարադատության ակադեմիայի մասին օրենքը ԱԺ-ին, Դատական օրենսգրքում բավական լայնածավալ փոփոխություններ են նախատեսված: Վարչական օրենսգրքում կրկին մեծածավալ փոփոխությունների նախագիծ կա, բայց դրանցով չի ավարտվում հարցը եւ մշակվում է 2012-2014 թթ. դատաիրավական ծրագիրը, որտեղ, կարծում եմ, իրենց տեղը կգտնեն Քրեական օրենսգրքի, Քաղաքացիական օրենսգրքի եւ Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքերի մշակումները եւս: Սրանք են կարծեք թե մեր առաջիկա ծրագրերը, մեր առաջիկա խնդիրները եւ ընդհանուր գծերով կատարվածները:

- Քիչ չեն բնակչության դժգոհությունները ԴԱՀԿ-ի գործելաոճից, այդ ոլորտում ի՞նչ է արվում:

- ԴԱՀԿ-ն օրենսդրության առումով, տեխնիկական հագեցվածության առումով կայացած մի համակարգ է: Բնականաբար դժգոհություններն այս կառույցից լինելու են, որովհետեւ ոչ միշտ է հնարավոր լինում օբյեկտիվ պատճառներով, տվյալ վճիռը տրամաբանական ավարտին հասցնել, կատարել: Խոսքը հատկապես վերաբերում է բռնագանձումներին: Դատարանը թերեւս սահմանում է, որ X-ից պետք է բռնագանձել գումար ու տալ Y-ին, բայց այն պարագայում, երբ որ X-ը չունի այդ գումարները, կամ դատական պրոցեսների ձգձգման պատճառով ժամանակին գույքի վրա արգելանք չդնելու պատճառով, այդ գույքը այլեւս չկա, այդ դժգոհության ալիքը գալիս է դեպի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վրա, որը շատ դեպքերում անզոր է: Չկան պարզապես այդ միջոցները, որպեսզի դրանք արդյունավետ իրականացվեն: Այստեղ էլ օրենսդրական որոշակի փոփոխություններ են կատարվել: Վաղուց ներդրված է էլեկտրոնային աճուրդների համակարգը, բայց երեւի մենք քարոզչության պակաս ունենք եւ հասարակության մեջ անվստահություն է նկատվում այս էլեկտրոնային աճուրդների նկատմամբ, ուստի պետք է փորձել քարոզչական մեխանիզմներով ավելի հրապարակային դարձնել դրանք, որպեսզի գնորդների փոքր թվի պատճառով ապրանքը շուկայական գնից էժան չվաճառվի եւ օբյեկտիվ դժգոհություններ չառաջացնի: Այստեղ էլ որոշակի խնդիրներ ունենք մեխանիզմների առումով:

- Բազմաթիվ են բողոքներն ու դժգոհություննեը դատավորներից. նախարարությունը ի՞նչ լծակներ ունի դատարանների վերահսկողության խնդրում:

- Միգուցե մարդկանց մեջ արդարադատության նախարարություն անվանումն է շփոթ ստեղծում: Նախարարությունը կոնկրետ դատական պրոցեսների հետ եւ նրանց նկատմամբ վերահսկողության առումով այդքան լայն լիազորություններ չունի: Միակ լիազորությունը սահմանվում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով, ինչը իրականացնում է արդարադատության նախարարությունը: Այդ դժգոհությունների մեծ ալիքը կա, նաեւ պետք է թացը չորից կարողանալ տարբերակել, որովհետեւ դրանց մի մասը պարտված կողմի դժգոհությունն է, որ հենց դատարանի դահլիճից դուրս է գալիս ու իր դժգոհությունը բարձրացնում: Խնդիր կա դատական իշխանությունում ինչպե՞ս անել, որպեսզի դա նվազագույնի հասցվի, պրոցեսները ինչպե՞ս կազմակերպել, որպեսզի պարտվող կողմի մոտ այդ հարցերը հնարավորինս քիչ լինեն: Եվ կարծում եմ, որ դատավարական օրենսգրքերի, որոնց մասին խոսում էինք, հիմնական միտումըՙ շեշտադրումը պետք է լինի այս հարցերի վրա, ինչպես նաեւ դատական ավելի պարզ, հստակ, որոշակի պրոցեսներ ունենալու կարճ ժամկետներում, իրականում ողջամիտ ժամկետներում գործերը քննելու եւ հետեւաբար արդար դատական ակտեր կայացնելու, ինչը պետք է բերի վստահության բարձրացմանը: Նախարարությունն այդ զսպումների, հակակշիռների մեխանիզմի մի էլեմենտ է, որն ունի կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն, բայց վերջնական որոշումը Արդարադատության խորհրդինն էՙ համապատասխան պատասխանատվության ենթարկելու առումով, եւՙ հանրապետության նախագահինը: Այս առումով նախարարության ուշադրության կենտրոնում է առանձին տեսչությունում գործող բաժինը, որը բացառապես զբաղվում է այդ հարցերով: Արդարադատության նախարարության հիմնական անելիքը պայմանավորված է պատշաճ օրենսդրության մշակմամբ, այլ ոչ թե ամենօրյա վերահսկողություն իրականացնելով:

Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4