Երեկ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի համանախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի յոթերորդ նիստը, որի ընթացքում ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է իր հերթական եռամսյակային զեկույցը, ինչպես նաեւ մինչեւ այս տարվա վերջ նախատեսված աշխատանքների ծրագիրը:
Ողջունելով ներկաներինՙ Արթուր Բաղդասարյանը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին զարգացումների կապակցությամբ: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ առաջընթաց է գրանցվել ասոցացման համաձայնագրի բանակցությունների գործընթացում, եւ այս համատեքստում կարեւորել է վիզաների դյուրացման գործընթացին վերաբերող` Եվրոհանձնաժողովի սեպտեմբերի 19-ի որոշումը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները մոտ ապագայում շատ ավելի սահուն ընթացակարգերով կարող են մեկնել ԵՄ անդամ երկրներ, ինչն ունի կարեւոր քաղաքական եւ հանրային նշանակություն:
ԱԱԽ քարտուղարը գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ արդեն պատրաստ է ՀՀ սահմանային երեք անցակետերի նախագծահաշվային աշխատանքների փաթեթը, եւ առաջիկա երկու տարիների ընթացքում եվրոպացի գործընկերների աջակցությամբ կյանքի կկոչվի սահուն անցում անվտանգ սահմանով կարգախոսը, ինչը նշանակում է ապահով սահմանային ենթակառուցվածքներ եւ տարաբնույթ բյուրոկրատական քաշքշուկներից զերծ սահմանանցում` ԵՄ չափանիշներին համապատասխան:
Արթուր Բաղդասարյանը ողջունել է Եվրոմիության հռչակած` «առավել մեծ աջակցություն, ավելի շատ բարեփոխումներ» կարգախոսը եւ նշել, որ Եվրոմիության կողմից հավանության է արժանացել ՀՀ-ում Արեւելյան գործընկերության շրջանակներում բարեփոխումների խթանման ռազմավարությունը, ինչը կարեւոր նշանակություն կունենա բարեփոխումների իրականացման հետագա գործընթացում:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը բարձր է գնահատել Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ համագործակցության ներկայիս ընթացքը եւ հետագա զարգացման հեռանկարները:
Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ իր առաքելության ընթացքում կարողացել է իր ներդրումն ունենալ` լայնորեն ներգրավելով բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչը հնարավոր է դարձել Հայաստանի ղեկավարության բարի կամքի եւ պատրաստակամության շնորհիվ: