Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է «Տաշիր գրուպ» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող «Աշան գրուպ» հիպերմարկետների ցանցի, միջազգային ճանաչում ունեցող «Ալ Հոկայր» կորպորացիայի, մանրածախ առեւտրի ոլորտում առաջատար «Ինդիտեքս» իսպանական ընկերության ներկայացուցիչներին:
«Երեւանն այսօր ոչ միայն ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաք է ու Հայաստանի մայրաքաղաքը, այլեւ, նկատի առնելով զբոսաշրջային ոլորտում առաջընթացն ու զարգացումները, բավական գրավիչ միջավայր է ապահովում առեւտրային բիզնեսի համար», նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանըՙ ավելացնելով, որ Երեւանը իրական հնարավորություն ունի ամենամոտ ապագայում խոշոր առեւտրային կենտրոն դառնալու տարածաշրջանում:
«Աշան գրուպ» հիպերմարկետների ցանցի ֆրենչայզինգի միջազգային տնօրեն Ժան Պոլ Ֆիլյան նշել է, որ ընկերությունը պատրաստ է ներդրումային խոշոր ծրագիր իրականացնել Երեւանում:
«Ալ Հոկայր» ընկերության ներկայացուցիչները նշել են, որ «Տաշիր գրուպի» հետ համատեղ համալիր բիզնես ծրագիր են քննարկում մայրաքաղաքում, մասնավորապես «Դալմա գարդեն մոլ» առեւտրային կենտրոնում իրականացնելու նպատակով:
Ա. Մ.