«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2011-09-27 | #171, 2011-09-28 | #172, 2011-09-29


ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հայաստանում հաշմանդամային սպորտն աջակցության կարիք ունի

2012-ի Լոնդոնի պարալիմպիկ խաղերին ընդառաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ երեկ «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրում լուսանկարների ցուցահանդես եւ մարզաձեւերի ցուցադրություն էին կազմակերպել: «11 ամիս մինչեւ 2012-ի Լոնդոնի պարալիմպիկ խաղերը» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էին լուսանկարիչ Վիգեն Մնոյանի 22 լուսանկարները, որոնք պատկերում էին 11 հայ հաշմանդամ մարզիկներինՙ մարզումների ժամանակ: Լուսանկարներին կից ներկայացված էին հաշմանդամ մարզիկների համառոտ կենսագրություններն ու մարզական նվաճումները:

Բացման խոսքով ներկաներին ողջունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, որը մասնավորապես հետեւյալը նշեց. «Լոնդոնի պարալիմպիկ խաղերին քիչ ժամանակ է մնացել: Ամեն ինչ արդեն պատրաստ է խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ցանկանում ենք հրավիրել նաեւ հայ մարզիկներին Լոնդոնի օլիմպիադային եւ պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար: Հպարտությամբ եմ նշում, որ Մեծ Բրիտանիայի թագավորությունն իր ներդրումն է ունեցել պարալիմպիկ խաղերի զարգացման մեջ: Հենց Լոնդոնում, 1948-ի օլիմպիական խաղերի ժամանակ զուգահեռ անցկացված միջոցառումները սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: Առաջին պարալիմպիկ խաղերը կազմակերպվել են Հռոմում 1960-ին: Բրիտանական դեսպանատունն ու Բրիտանական խորհուրդն աջակցում են «Փյունիկ» հաշմանդամային միությանը, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին: Սակայն բարձր արդյունքների հասնելու համար ավելի մեծ աջակցություն է հարկավոր: Կոչ եմ անում հովանավորներին աջակցել հաշմանդամ մարզիկներին: Հաջողություն եմ մաղթում նրանց եւ խոստանում առաջիկայում եւս աջակցել»:

Այնուհետեւ խոսքը տրվեց Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բըրդին. «Մեր խորհուրդն աշխատում է աշխարհի 110 երկրներում, ինքս աշխատում եմ 16 երկրների, այդ թվում շուրջ 10 տարիՙ Հայաստանի հետ: Խորհուրդը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում նաեւ հաշմանդամների հետ տարվող աշխատանքներին: Համագործակցում ենք Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ եւ ողջունում եմ այս միջոցառումը: Շատ ուրախ եմ, բայց ավելի երջանիկ կլինեմ վաղը, երբ հաշմանդամ մարզիկների հետ կհայտնվեմ Արագածի հարավային գագաթին»:

Մասնակիցներին ողջունեց նաեւ «Գրանդ հոլդինգի» տնօրեն, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը. «Շատ ուրախ եմ, որ բոլորդ հավաքվել եք այստեղ, այսինքն մեծ կարեւորություն է տրվում նաեւ հաշմանդամային սպորտին: Շատ կարեւոր է ունենալ հոգեպես առողջ սերունդ: Մենք ամեն կերպ պետք է աջակցենք հաշմանդամներին, որպեսզի իրենց զգան ապահով, հոգեպես ու ֆիզիկապես ուժեղ: Կցանկանայի, որպեսզի մեր մարզիկները Լոնդոնում հաջող հանդես գան: Շնորհակալություն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը եւ Բրիտանական խորհրդին պարալիմպիկ մարզիկներին աջակցելու համար»:

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի հետ զրույցից պարզվեց, որ Լոնդոնի պարալիմպիկ խաղերին թերեւս կմասնակցեն 2 հայ մարզիկներ, որոնց միջազգային կոմիտեն «Սպիտակ քարտ» կհատկացնի: Մեր օլիմպիական թեկնածուներն են Սամվել Ասատրյանն ու Գրետա Վարդանյանը, որոնք զբաղվում են հաշմանդամային ծանրամարտով (պաուլիֆտինգ): Չնայած բացառված չէ, որ նշված մարզիկներն ինքնուրույն օլիմպիական ուղեգիր նվաճեն: Հաջորդ ամիս նրանք մասնակցելու են Դուբայում կայանալիք աշխարհի առաջնությանը եւ հաջողության դեպքում իրավունք կստանան մեկնելու Լոնդոն: Պարալիմպիկ կոմիտեին հաջողվել է լուծել մրցաշարի մեկնելու համար անհրաժեշտ գումարի հայթայթման հարցերը:

Ընդհանրապես ֆինանսական հարցը Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի ցավոտ կողմն է: Հակոբ Աբրահամյանը ցավով նշեց, որ ողջ աշխարհում հաշմանդամային սպորտը զարգացում է ապրում, իսկ մենք արդեն 20 տարի դոփում ենք նույն տեղում: Նա համոզված է, որ եթե լինի համապատասխան ֆինանսավորում, պատշաճ ուշադրություն հաշմանդամային սպորտի նկատմամբ, ապա մեր մարզիկներն ունակ են միջազգային մրցասպարեզներում մեդալներ նվաճել: Պետբյուջեով հաշմանդամային սպորտին ընդամենը 9 մլն դրամ է հատկացվել, ինչը բավարար չէ: Ճիշտ է, օգնություն կա որոշ հովանավորների կողմից, սակայն անհրաժեշտ է պետական հոգածություն: Հակոբ Աբրահամյանը նշեց, որ վերջերս Ծաղկաձորում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան հաշմանդամ մարզիկի հարցին խոստացել է շուտափույթ լուծել ֆինանսավորման հարցը: Ըստ պարալիմպիկ կոմիտեի նախագահի, այսօր մեր հաշմանդամ մարզիկները կարող են բարձր արդյունքների հասնել առագաստանավային սպորտում, ծանրամարտում, լեռնադահուկային սպորտում, սեղանի թենիսում, լողում եւ թեթեւ ատլետիկայում:

Հայաստանի հաշմանդամ մարզիկները պարալիմպիկ խաղերին մասնակցում են 1996-ից: Առայժմ լավագույն արդյունքը 4-րդ տեղն է: Գրետա Վարդանյանը, որ 2007-ին Հունաստանում կայացած ծանրամարտի Եվրոպայի բաց առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել, շատ է երազում իր առաջին օլիմպիական պարգեւին արժանանալ: Նա մասնակցել է Թուրինում եւ Պեկինում կայացած պարալիմպիկ խաղերին ու զգալի փորձ ունի: Գրետան 2 տարեկանում երկրաշարժի ժամանակ զրկվել էր ոտքերից, սակայն հետագայում իր մեջ ուժ էր գտել զբաղվել սպորտով: 25-ամյա Գրետան ամուսնացած է, ունի 2 տարեկան աղջիկ: Հովանավորների օգնությամբ նա արդեն սկսել է քրտնաջան մարզումները ու հույս ունի հաջողության հասնել Լոնդոնում: Մեզ մնում է հաջողություն մաղթել ու հուսալ, որ հաշմանդամային սպորտին եւս Հայաստանում պատշաճ ուշադրություն կդարձվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4