«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2011-09-28 | #172, 2011-09-29 | #173, 2011-09-30


ՀՀ-ՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորին գերազան-ցություն Աչալ Կումար Մալհոթրան առաջին անգամ այցելեց Կալկաթայում (Հնդկաստան) Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող 190-ամյա Հայոց մարդասիրական ճեմարան, որը առհավատչյան է հայ-հնդկական դարավոր բարեկամության:

Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ուրախությամբ ընդունեց բարձրաստիճան հյուրին, որի հետ հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում:

Ի պատիվ մեծարգո հյուրի, ճեմարանում կազմակերպվել էր մշակութային ձեռնարկ: Ճեմարանի երգչախումբը հնչեցրեց երկու երկրների օրհներգերը, այնուհետեւ կատարեց հայ եւ հնդիկ նշանավոր կոմպոզիտորների հայտնի երգեր, իսկ պարախումբն էլ ներկայացրեց հնդկական ժողովրդական պար: Համերգային ծրագրից հետո ցուցադրվեց «Հայերը Հնդկաստանում» տեսանյութը:

Բարեգալստյան իր խոսքում հայր Խորենը խոսեց հայ-հնդկական վաղեմի բարեկամության մասին, ի մասնավորի ասելով` «Ձերդ գերազանցություն, ամեն կիրակի եկեղեցու զանգերի ղողանջի ներքո մենք պատարագ ենք մատուցում ի փառս Աստծո եւ աղոթում Հայաստանի եւ Հնդկաստանի խաղաղության եւ բարգավաճման համար: Թող Ամենազորը անխախտ պահի մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը»: Այնուհետեւ հայր սուրբը համայնքի եւ Մարդասիրականի անունից, հնդկական հյուրամեծար ավանդույթի համաձայն, մեծարգո դեսպանին նվիրեց մի շալ` ի նշան հարգանքի, սիրո եւ ջերմության:

Ձեռնարկն ավարտվեց պատվարժան Աչալ Կումար Մալհոթրայի ոգեշունչ ելույթով: Նա իր խոսքում նշեց, որ Հայոց մարդասիրական ճեմարանը շատ կարեւոր կառույց է, նշանակալից դերակատարություն ունի եւ ամենատարբեր առումներով կամրջող օղակ է երկու մշակույթների միջեւ: Նա հորդորեց աշակերտներինՙ կրթվել եւ դառնալ միջազգային հանրության քաղաքացիներ` չկորցնելով իրենց հայկական ինքնությունը եւ ամուր կառչել երկու հնագույն քաղաքակրթությունների բարեկամության ակունքից:

Հանդիպմանը ներկա էին Եկեղեցու վարչության ավագ անդամ տիկին Սյուզան Ռուբենը, Մարդասիրականի ուսոուցիչները, սաները, աշխատակիցները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4