Լուրջ երկրի համար ի՞նչ արժեք կունենա գործից կատարելապես անտեղյակ մարդու կարծիքը: Պատկերացնելի՞ է, որ ասենք, «Վաշինգտոն փոստ»-ն ադրբեջանցի շոումեն Նամիկ Գարաչուխուրլուին հարցնի, թե ի՞նչ է վերջինս մտածում Իրան- ԱՄՆ հարաբերությունների մասին: Իհարկե` ոչ:
Այդ դեպքում ինչո՞ւ ադրբեջանական մամուլում ղարաբաղյան թեմայով «փորձագիտական» կարծիքներ են հայտնում ռուսաստանցի շոումեն Շեւչենկոն կամ կինոռեժիսոր Գուսմանը: «Դե, տարբերությունը մեծ է»,- կասեն: Անշուշտ, Գուսմանը Գարաչուխուրլու չէ: Ոչ էլ` Շեւչենկոն: Բայց չէ՞ որ 1news.az-ն էլ ամենեւին «Վաշինգտոն փոստ» չէ, իսկ Ադրբեջանը` «գերտերություն»: Եվ, ամենակարեւորը, որ ոչ Գուսմանը, ոչ Շեւչենկոն չեն կարող տեղյակ լինել, թե իրականում ո՞րն է ԼՂ հարցում Ռուսաստանի իրական դիրքորոշումը: Քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը քաղաքական, առավել եւս` պետական գործիչ չեն:
Ասել, թե Բաքվում այդ պարզ ճշմարտությունը չեն գիտակցում, չափազանցություն կլինի: Այդուհանդերձ, դժվար է հասկանալ այդ մղումը` որքան հնարավոր է` շատ մարդկանց «ներգրավել»: Մեկ ենթադրություն է մնում անել. լրատվամիջոցներն իշխանություններից այդպիսի հստակ հանձնարական են ստացել: Որպեսզի հասարակության մեջ տպավորություն ձեւավորվի, թե «աշխարհում ինչքան շատ մարդիկ են պաշտպանում Ադրբեջանի արդար դատը»: Կարեւոր չէ` ով, երբ, ինչ առարկայական շարժառիթներից դրդված է ասում: Միայն թե «տեղեկատվական ճաշացանկն առատ լինի»:
Այդ ամենը հիշեցնում է խորհրդային տարիների անեկդոտը «կոմունիզմի գնացքի» մասին. երբ ամեն հնարավորություն սպառվում է, եւ դիմում են Բրեժնեւին, թե էլ ի՞նչ կարելի է անել, որ մարդիկ հավատան, թե երկիրն «անշեղորեն դեպի պայծառ ապագա է գնում», գլխավոր քարտուղարն առանց երկմտելու կարգադրում է. «Չի-կի, չի-կի ասեք, թող թվա, թե գնացքը սլանում է»:
Հիմա Իլհամ Ալիեւն է. ԼՂ հարցում բոլոր ռեսուրսներն սպառել է եւ լրատվամիջոցներին հանձնարարել «չի-կի, չի-կի» ասել: Որպեսզի հանրությանը թվա, թե «ղարաբաղյան հարցի կարգավորումը մոտ է»:
Վ. Ա.