Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրավիրել էր անդրանիկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր կրոնական անվտանգության ապահովման եւ քայքայիչ աղանդավորական շարժումներին հակազդեցության ռազմավարության մշակումը: «ՀՀ ազգային անվտանգության գերակայություններից է կրոնական անվտանգության ապահովումը, որը ներառում է հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային եւ բարոյական արժեքների դեմ կատարված ոտնձգությունների դեմ պայքարը, հոգեւոր մշակութային զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու որպես մեր ազգապահպանության հիմնական պատվարի դերի ամրապնդումը, մեր ժողովրդի հոգեւոր կրոնական կարիքների ու ազգային ինքնատիպության պահպանումը», ասաց պրն Բաղդասարյանըՙ բացելով միջգերատեսչական հանձնախմբի նիստը: Նիստին մասնակցում էին Մայր աթոռից Սեպուհ եպս. Չուլջյանը, պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱԱԽ քարտուղարն ասաց. «Հարկ եմ համարում նշել, որ կրոնական անվտանգության ապահովման կարեւորագույն սպառնալիքներից մեկը քայքայիչ աղանդավորական շարժումների գործունեությունն է, որի դեմ նաեւ այսօր համակարգված պայքար են մղում, այդ թվում` Եվրոպական միության առաջադեմ երկրները»: ԱԱԽ աշխատակազմը, տեղեկացրեց պրն Բաղդասարյանը, տեւական ժամանակ լուրջ ուսումնասիրություններ է կատարելՙ հասկանալու համար, թե ինչպիսին է քայքայիչ ամբողջատիրական աղանդների վնասակար ազդեցությունը ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում, պարզելու եւ հասկանալու համար նրանց վնասարար ազդեցության չափըՙ պետության ու հասարակության վրա: Եվրոպական առաջադեմ երկրները այսօր քայքայիչ աղանդների դեմ հակազդման բավականին համակարգված գործունեություն են իրականացնում: Դրանց թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ռումինիան, Լիտվան եւ այլն, որոնք տարբեր ծրագրեր են մշակել ու համակարգված պայքար են մղում քայքայիչ աղանդների դեմ:
Այնուհետեւ քարտուղարը հատուկ շեշտեց, որ մեր երկրում պաշտպանվում են, հարգվում են մարդու եւ քաղաքացու կրոնական, խղճի, դավանանքի ազատությունները ամենաբարձր մակարդակով: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «ԱԱԽ-ն հետեւողական է լինելու Հայաստանի Հանրապետությանը սպառնացող որեւիցե սպառնալիքի դեմ անզիջում պայքար մղելու հարցերում, որ ՀՀ ազգային անվտանգության գերակայություններից է: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ապակառուցողական պաշտամունքների մասին տեղեկացման հատուկ միջազգային հետազոտական կենտրոն է ստեղծվել Դանիայում, որի նպատակն է Եվրոպական համադաշնության միջոցով կարողանալ իրազեկել մարդկանցՙ անհրաժեշտության դեպքում պաշտպանել նրանց իրավունքները: Մեր նպատակն է քայքայիչ աղանդավորական շարժումներին հակազդեցության ռազմավարության այս մշակումը եւ հետագա գործողությունների ծրագրի մշակումը, միտված է կանխարգելելու եւ զսպելու բացառապես այն աղանդավորական շարժումներին, որոնք կրում են ապակառուցողական եւ քայքայիչ բնույթ եւ կարող են կործանարար ազդեցություն ունենալ հայ մարդու անձնական կյանքի, ընտանիքի, հասարակության, ժողովրդավարական ինստիտուտների վրա, խարխլելով պետության հիմքերը եւ խաթարելով մեր հասարակության համընթաց զարգացումը: Ես վստահ եմ, եթե մենք կարողանանք ընդունել մի փաստաթուղթ, որը համահունչ է առաջադեմ աշխարհի առաջ քաշած սկզբունքներին, եվրոպական չափանիշներին, ապա մենք կարող ենք բավականին արդյունավետ իրավական հիմք ստեղծել, ապահովելու հայ ժողովրդի կրոնական անվտանգությունը, ինչպես նաեւ արդյունավետ գործիքներ կիրառել սահմանափակելու քայքայիչ աղանդների գործունեությունը»:
ԱԱԽ-ի ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը ներկայացրեց կատարված աշխատանքները ու դրանց արդյունքում հանգած եզրակացությունը: Նիստի աշխատանքները այնուհետեւ ընթացան փակ քննարկմամբ, առանց լրագրողների մասնակցության:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ