Այսօր ՀԱԿ-ը կանցկացնի հերթական հանրավաքը, որին, ինչպես նախորդում հանձնարարել էր Տեր-Պետրոսյանը, «ամեն մարդ պետք է իր հետ բերի եւս 5 հոգու»: Թերեւս ընդդիմության առաջնորդը հաշվարկն արել էր ի հաշիվ մայրաքաղաքում բացօդյա առեւտրով զբաղվողների կամ կրպակատերերի, որոնց խնդիրների լուծումը Տեր-Պետրոսյանը անցած հանրահավաքում առանձնահատուկ բարձրաձայնեց որպես` իշխանությանն ուղղված առաջարկություններ: Դժվար է հանրահավաքից ժամեր առաջ նշել, թե Ազատության հրապարակը կլինի՞ արդյոք բազմամարդ, սակայն, Երեւանում ԱՄՆ դեսպանատունը երեկ տարածեց հաղորդագրություն` ուղղված մեր երկրում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին. «Կոչ ենք անում հնարավորինս զերծ մնալ եւ զգույշ լինել այդ ժամերին քաղաքի այդ հատվածում գտնվելուց, քանի որ հնարավոր են տրանսպորտային խցանումներ: Հիշեցնում ենք նաեւ, որ նույնիսկ խաղաղ հանրահավաքը կարող է հանկարծակի վերածվել բախման, եւ հնարավոր է, որ բռնություն կիրառվի առանց զգուշացման: Զարգացումներին տեղեկացված լինելու համար խորհուրդ ենք տալիս հետեւել մամուլի հրապարակումներին»:
Եթե ԱՄՆ-ի համար սովորական ու լայն գործածություն ունեցող են նման բովանդակությամբ հայտարարությունները, ապա մեզ համար ամենեւին էլ չպետք է սովորական լինեն, ասենք, Իրաքի, Պակիստանի, նաեւ Ադրբեջանի հետ համեմատությունները: Քանի որ հենց նման երկրներում զանգվածային հանրահավաքներից առաջ` իր քաղաքացիներին նման տեքստով դիմում են ամերիկյան դեսպանատները: Այլ հարց է, թե ինչո՞ւ է ամերիկյան դեսպանատունն այսքան զգուշանում կոնկրետ այսօրվա հանրահավաքից: Մի՞թե Տեր-Պետրոսյանը կարողացել է համոզել վերջինիս, որ «ամեն ոք իրոք բերելու է իր հետ 5 հոգու», իսկ միգուցե առաջին նախագահը այս եւ այլ ապացույցներ ներկայացրել է ամերիկյան դեսպանատանը` առանձի՞ն զրույցի ընթացքում: Թե չէ որտեղի՞ց պիտի ԱՄՆ դեսպանատունն իմանա, որ «...հնարավոր է, որ բռնություն կիրառվի», այն էլ` «առանց զգուշացման»: Վարկածը, թե իշխանությունները կարո՞ղ են տեղեկացրած լինել ամերիկյան դեսպանատանը, թե «կարող են լինել առանց զգուշացման բռնություններ», չի կարող համապատասխանել իրականությանը` քանի որ դա զավեշտ կլիներ. լրիվ հակառակը` իշխանությունները նպատակ ունեն ապացուցելու երկրագնդի արեւմտյան մասին, որ Հայաստանում գործընթացներն ընթանում են առանց բռնությունների: Հետեւաբար մնում է երկու տարբերակ. կամ սա պարզապես ամերիկյան ենթադրություն է, եթե, իհարկե, «ամերիկյանը» կարող է ենթադրություն լինել, կամ պարզապես` Տեր-Պետրոսյան-ամերիկյան դեսպանատուն «անկեղծ զրույցի» արդյունք:
Ամեն դեպքում` այսօր ՀԱԿ-ի հերթական հանրահավաքն է. ՀՀ-ում ապրող ամերիկացիները արդեն իսկ զգուշացված են, հայրենական` բացօդյա առեւտրով զբաղվողները, կրպակատերերը, պարզապես հայաստանցիները` հրավիրված «5-ական խմբերով», առնվազն:
Հ. ԱՖՅԱՆ