ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում` ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ, առողջապահության եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ: ԱԱԽ աշխատակազմում համատեղ ջանքերով մշակվել է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ազգային ծրագիրը, որը հավանության է արժանացել ԱԱԽ-ի կողմից եւ հաստատվել ՀՀ նախագահի հրամանագրով: Արդյունքում ստեղծված հանձնաժողովն այսօր քննարկել է կատարված աշխատանքները եւ նախանշել ապագա ծրագրերը:
Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը ՀՀ ազգային անվտանգության գերակայություններից է: Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2011թ. առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի գրանցվել է այս ոլորտի իրավախախտումների շուրջ 7,4% աճ, սակայն առկա է նաեւ հանցագործությունների բացահայտման դրական միտում` շուրջ 10%-ով: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս ոլորտում Հայաստանը արդյունավետորեն համագործակցում է ՀԱՊԿ շրջանակներում եւ ընդգծել է այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Եվրոմիությունը նույնպես շահագրգիռ է այս ոլորտում խորացնել համագործակցությունը Հայաստանի եւ Արեւելյան գործընկերության անդամ մյուս երկրների հետ: ԱԱԽ քարտուղարի համոզմամբ` այս հանցատեսակի դեմ պայքարը պետք է ընթանա երեք հիմնական ուղղություններով` կանխարգելում, պատժի անխուսափելիություն նման հանցագործություն կատարողի համար եւ բուժման կարիք ունեցող անձանց արդյունավետ վերականգնում:
ԱԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ ավարտին է մոտենում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը: Այս ուղղությամբ համակարգված փաստաթուղթ ստեղծելու նպատակով ԵՄ-ի հատուկ փորձագետը արդյունավետորեն համագործակցում է մեր իրավապահ մարմինների հետ:
Նիստի ընթացքում ամփոփվել են 2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված 2011թթ. առաջին կիսամյակի աշխատանքների իրականացման արդյունքները: Քննարկումների արդյունքում հաստատվել են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օգտագործվող նյութատեխնիկական բազայի վիճակի ուսումնասիրության եւ թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական փորձնական ծրագիր մշակող աշխատանքային խմբերի կազմերը եւ ծրագրերը, ինչպես նաեւ իրականացման հստակ ժամանակացույցը: Հանձնաժողովի նիստում վերը նշված հարցերի շուրջը հաղորդումներով հանդես են եկել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջ. Բաղդասարյանը:
ԱԱԽ մամուլի գրասենյակ