Բնակարան ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է, իսկ 1400 ընտանիք դեռ նման խնդիր ունի
Աղետի գոտում պետական բնակարանաշինական ծրագրի շրջանակներում բնակարան ստանալու հավակնող անօթեւան ընտանիքները դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնեն մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը: ՀՀ կառավարությունը նման վերջնաժամկետ է սահմանել իր սեպտեմբերի 15-ի որոշմամբ: Փաստորեն մեկ ամիս ժամանակ է մնում, մինչդեռ Գյումրիում ներկա պահին կան բնակբաշխման հանձնաժողովին պահանջվող փաստաթղթեր ընդհանրապես չներկայացրած ավելի քան 300 եւ փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ ներկայացրած 1100 նման ընտանիքներ: Եթե նրանք մինչեւ սահմանված օրը չկարողանան փաստաթղթերը համալրել եւ ներկայացնել, կարող են կորցնել պետության կողմից բնակարանային փոխհատուցման իրենց իրավունքը:
Նման իրավիճակից անհանգստացած, երկրաշարժից անօթեւանների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը կլոր սեղան-հանդիպում էր կազմակերպել քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաեւ քաղաքապետարանի համապատասխան բաժնի պատասխանատուները: Կենտրոնի դիտարկումներով` մինչեւ օրս փաստաթղթեր չներկայացրածների թվում կան այնպիսի ընտանիքներ, որոնք գտնվելով ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, պահանջվող փաստաթղթերը ֆինանսական եւ ֆիզիկական դժվարությունների պատճառով չեն կարողանում տարբեր ծառայություններից ձեռք բերել: Տասնյակ բազմանդամ ընտանիքների ներսում էլ ստանալիք բնակարանի պատկանելիության վերաբերյալ չի կայանում համաձայնություն, իսկ կան ընտանիքներ էլ, որոնք պարզապես իրազեկված չեն:
Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց «Շիրակ կենտրոնի» կոչը քաղաքում գործող լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակության կառույցներին` առաջիկա հոկտեմբերը դարձնել գյումրեցի անօթեւան ընտանիքների իրազեկման եւ նրանց աջակցման ամիս, համատեղ ուժերով օգնել, որ «նեղության ու կարիքի մեջ գտնվող համաքաղաքացիներն օր առաջ կարողանան ազատվել ցուրտ եւ խոնավ տնակներից»:
Գ. Մ.