«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2011-09-29 | #173, 2011-09-30 | #174, 2011-10-01


ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՖՐԱՆՍԵՐԵՆ

Թումանյանի թանգարանում կայացավ ֆրանսահայ գրող եւ թարգմանիչ Ալիս Վառվառյան-Սաբունջյանի «Իմ ընկեր Թումանյան» գրքի շնորհանդեսը: Տարիներ առաջ Փարիզի հրատարակչություններից մեկը որոշեց հայկական գրականության լավագույն նմուշներից ֆրանսերենով հրատարակել ու դրանք սփռել ֆրանսախոս երկրներում: Եվ այդ ծրագրի առաջին գիրքը եղավ «Հայաստանի հրաշալիքները»: Այդ գրքի պահանջարկը այնքան մեծացավ, որ հրատարակչությունը որոշեց այս անգամ ընթերցասերների հետաքրքրությունը բավարարելՙ հրատարակելով Հովհ. Թումանյանի 24 ստեղծագործությունները մեկ ժողովածուում եւ այն վերնագրվեց «Իմ ընկեր Թումանյան»: Հենց այդ ժողովածուն ապրիլ ամսին ներկայացվեց Ժնեւի միջազգային գրքի ցուցահանդեսին ու մեծ հետաքրքրություն, արձագանք եւ պահանջարկ ունեցավ: Եվ Ֆրանսիայում, եւ Երեւանում այդ ժողվածուն այժմ վաճառվում է ու մեծ արձագանք ունի:

Շնորհանդեսն ընթանում էր ճիշտ այն օրը, երբ Փարիզում հանդիպում էին Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները, ուստի շնորհանդեսին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ողջույնն ու շնորհավորական ուղերձն ընթերցեց դեսպանության ներկայացուցիչ Ժան Պոլ Մատյեն: «Այս նախագծի կողքին եմ եղել հենց առաջին օրվանից եւ տեսել Թոփալյանի նկարազարդումները ու հետեւել եմ ընթացքին: Շատ ուրախացա, երբ տեղեկացա, որ Փարիզում գիրքը հաջողություն է ունեցել: Գրքի ազգային կենտրոնն աջակիցն է այս ծրագրի իրականացմանը: Ուրախությամբ ասեմ, որ հոկտեմբերի 17-21-ը կկազմակերպվի մեծ միջոցառում «Հայաստան, Հայաստան» խորագրով, որն ուղղված է ներկայացնելու հայ գրողների գործերըՙ սփյուռքահայերին», ասաց պրն Մատյեն:

Շնորհանդեսին ներկայացված էին նաեւ գրքի ձեւավորող Լորեն Թոփալյանի մի քանի տասնյակ նկարազարդումները: «Ազգ»-ի հետ զրույցում նա ասաց. «Թումանյանի ստեղծագործություններից ծանոթ էի «Անուշ»-ին, «Մի կաթիլ մեղր»-ին, որ կարդացել եմ ֆրանսերենով: Ես կարողացա ծանոթանալ Թումանյանի շատ գործերին ու սիրով կատարեցի նկարազարդումները բնօրինակի տեքստերով: Աշխատել եմ ամբողջ հոգով եւ փորձել եմ հաղորդել հայկական տարրերՙ ձեռարվեստի, մանրանկարչության հայկական զարդանախշերով»:

Թումանյանի ստեղծագործությունների թարգմանիչ տկն Ալիս Վառվառյանը շնորհակալություն հայտնեց Վարուժան Սիրաբյանին (հրատարակչության տնօրեն), Տիգրան Եկավյանին, Գյլուբենկյան հաստատությանը եւ բոլոր նրանց, ովքեր օգնել եւ աջակցել են գրքի հրատարակությանը: Նա պատմեց, թե ինչպիսի ոգեւորությամբ ու հիացմունքով է թարգմանել Թումանյանի 12 հեքիաթները, 5 բալլադները եւ 7 պոեմները ու դրանք զետեղել մեկ գրքում: Մինչ այդ նա առանձին գրքերովՙ արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ ֆրանսերեն լեզուներով ներկայացրել է Հովհ. Թումանյանի հեքիաթները, որպեսզի սփյուռքահայերը հեշտությամբ ծանոթանան մեծ գրողի գործերին:

Շնորհանդեսին ներկա էր Փարիզի l'Europe et l'Orient հանդեսի տնօրեն, Փարիզի Չոբանյան հիմնարկի հիմնադիր, ՌԱԿ գործիչ Վարուժան Սիրաբյանը: Նա ներկայացրեց գրքի թարգմանիչին ու մանրամասներ պատմեց գրքի ստեղծման հետ կապված: «Ազգ»-ի հետ զրույցում պրն Սիրաբյանն ասաց. «Ալիս Վառվառյանը տարիներ առաջ շատ հաջող թարգմանել է «Սասունի հերոսները» երկհատորյակը, որն ամբողջությամբ Սասունցի Դավթին էր վերաբերում, բայց այլ վերնագրով ներկայացրեց: Թումանյանը տկն Ալիսի ամենասիրված գրողն է: Նա դիմել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը եւ առաջարկել, որ ՀՀ անկախության 20-ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկեն ու օգնեն տպագրելու Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն: Դեսպանությունն այդ մասին հայտնում է հրատարակչությանը եւ վերջինս սկսում է գտնել ֆինանսավորողներ: Դիմում են Գյուլբենկյան հիմնարկին, Ֆրանսիայի մշակույթի նախարարության գրքերի կենտրոնին եւ նրանց աջակցությամբ շատ արագ հրաշալի տպագրությամբ հրատարակվեց 1000 օրինակով»:

Ժողովածուից մեկական օրինակ նվիրվել է Խնկո Ապոր գրադարանին, Հովհ. Թումանյանի թանգարանին եւ կիրակի օրը գրքի հեղինակները, կազմակերպմամբ Արմենական-ՌԱԿ-ի, կայցելեն Լոռու մարզի Դսեղ գյուղ, Հովհ. Թումանյանի տուն-թանգարան:

Կլինի նաեւ հանդիպում ու դասախոսություն թարգմանական մասնագիտության շուրջըՙ Երեւանի եվրոպական համալսարանի դասախոսական եւ ուսանողական կազմի հետ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4