«Վրաց իշխանությունները, կոպտորեն ոտնահարելով մարդու եւ ազգային փոքրամասնությունների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները, նորանոր քայլեր են ձեռնարկում ջավախահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների սահմանափակման ուղղությամբ», Հարավային Կովկաս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցելությունից առաջ այսպիսի նամակով նրան է դիմել Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը:
Սարկոզիի ուշադրությունը հրավիրվել է Վրաստանի հարավարեւմտյան հայաբնակ այս երկրամասում հետզհետե սրվող հումանիտար իրավիճակին: «Հետզհետե խստացվում է Ջավախքի հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ վրաց ուժային կառույցների վերահսկողությունը, սահմանափակվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կեղծվում են ընտրությունները»:
Խորհուրդը գտնում է, որ սահմանափակվում է նաեւ հանրային կյանքում մայրենի լեզուն օգտագործելու հայ բնակչության իրավունքը, իսկ վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, անօրինական կերպով աշխատանքից են ազատվում հայ ուսուցիչները:
Նամակում հիշատակվում է նաեւ, որ Ջավախքի բնակչության արդարացի եւ խաղաղ բողոքի դրսեւորումները արձագանքվում են ձերբակալություններով ու ճնշումներով, ինչպես դա տեղի ունեցավ Վահագն Չախալյանի հետ: Արդյունքում, ըստ խորհրդի, ավելանում են վրաց իշխանությունների նկատմամբ Ջավախքի բնակչության հիասթափությունն ու դժգոհության տրամադրությունները, ինչը մեծացնում է տարածաշրջանի կոնֆլիկտային պոտենցիալը:
Նամակում Սարկոզիին են դիմում ԵՄ մտնելու ցանկությամբ առաջնորդվող «վրաց պաշտոնակցի առջեւ Վրաստանի հայ համայնքի խնդիրները բարձրացնելու խնդրանքով»: «Վրաստանի իշխանությունները պետք է ստանան հստակ ուղերձ առ այն, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ձգտումներն անհամատեղելի են իրենց երկրի հայազգի քաղաքացիների օրինական իրավունքների կոպիտ ոտնահարման քաղաքականության հետ եւ հակառակը, հայ փոքրամասնության խնդիրների լուծումը միմիայն նպաստելու է Վրաստանի հետագա կայացմանն ու զարգացմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը», ասվում է Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ