«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2011-10-01 | #175, 2011-10-04 | #176, 2011-10-05


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌՈՐՈՇ ՄՐՑԱԽԱՂԵՐԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 3-ից սկսել է նախապատրաստությունը Մակեդոնիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ կայանալիք առաջիկա ընտրական մրցախաղերին: Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի ավարտական այդ երկու հանդիպումները չափազանց կարեւոր նշանակություն ունեն եզրափակիչի ուղեգրի համար մղվող պայքարում: Մեր ֆուտբոլիստներին 2 հանդիպումներում էլ հաղթանակ է անհրաժեշտ 2-րդ տեղը գրավելու եւ անցումային խաղերում եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու համար: Խնդիրն իրոք դժվարին է, սակայն լրիվ իրագործելիՙ հաշվի առնելով վերջին շրջանում մեր հավաքականի ցուցադրած հոյակապ խաղը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ուսումնամարզական հավաքի է հրավիրել 21 ֆուտբոլիստի: Հոկտեմբերի 3-ին կայացած առաջին մարզմանը մասնակցել են 14 ֆուտբոլիստներ: Իսկ լեգեոնականները հավաքականին միացան երեկ:

Ի տարբերություն նախորդ հավաքի, այս անգամ ազգային հավաքականի կազմում ընդամենը երկու փոփոխություն է կատարվել: Բացի առաջին անգամ հավաքին հրավիրված Օզբիլիսից, մարզումներին մասնակցում է երիտասարդական հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հոկտեմբերի 7-ին Մակեդոնիայի ընտրանու հետ «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում որոշակի խնդիրներ են ծագել պաշտպանության կենտրոնում: Բանն այն է, որ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը որակազրկման պատճառով բաց կթողնի մակեդոնացիների հետ խաղը: Վալերի Ալեքսանյանը ներկայումս Իրանի «Սանատ նավթ» թիմում վերջին հանդիպումներին չի մասնակցել: Թեեւ հավաքին մասնակցում է նաեւ Ռոբերտ Արզումանյանը, որը վնասվածքից վերականգնվել է, սակայն նա էլ խաղային պրակտիկա չունի լեհական «Յագելոնիայում»: Բայց առաջին դեպքը չէ, որ մարզիչները վստահում են Ռոբերտին եւ ընդգրկում հավաքականի մեկնարկային կազմում: Հավանաբար, այս անգամ պաշտպանության կենտրոնում Ռոբերտը խաղա Վալերի Ալեքսանյանի հետ: Իսկ եզրերում հանդես կգան Լեւոն Հայրապետյանն ու հավաքականի փորձառու ավագ Սարգիս Հովսեփյանը, որի համար հերթական հանդիպումը կլինի 124-րդը: Պաշտպանական գծի խաղացողներից մարզումներին մասնակցում են նաեւ փյունիկցիներ Արտակ Եդիգարյանն ու Արթուր Յուզբաշյանը:

Կիսապաշտպանական գծում միակ նորեկն Արազ Օզբիլիսն է: Առաջիկա խաղերին են նախապատրաստվում վնասվածքից ապաքինված Էդգար Մալաքյանը, Արթուր Եդիգարյանը, Կառլեն Մկրտչյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Զավեն Բադոյանը:

Մակեդոնացիների հետ խաղում էլ իրենց վճռորոշ խոսքը պետք է ասեն մեր հարձակվողները, որոնք ընտրական մրցաշարում արդյունավետ խաղ են ցուցադրում: Դոնեցկի «Մետալուրգում» իրենց լավ են դրսեւորում Մարկոս Պիզելին եւ Գեւորգ Ղազարյանը: «Ուրալում» հանդես եկող Էդգար Մանուչարյանը վերջերս վնասվածք էր ստացել ու չմասնակցեց թիմի վերջին խաղերին, սակայն նա արդեն ապաքինվել է: Լավ մարզավիճակում են Յուրա Մովսիսյանն ու Արթուր Սարկիսովը, որը սլովակների հետ խաղում բացեց գոլերի հաշիվը ՀՀ հավաքականում:

Երեկ Հայաստանի ազգային հավաքականը լրիվ կազմով երկու ծանրաբեռնված մարզում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում: Այսօր եւ վաղը նախատեսված է մեկական մարզում: Իսկ հոկտեմբերի 7-ին ժամը 20-ին «Հանրապետական» մարզադաշտում կտրվի Հայաստան-Մակեդոնիա ընտրական մրցամարտի մեկնարկը: Այդ հանդիպումը չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլասերների շրջանում: Մարզադաշտի տոմսերը վաղուց են սպառվել: Հուսանք, որ այդ հանդիպումն էլ հաղթական կլինի մեր ընտրանու համար ու Հայաստանի հավաքականը բարձր տրամադրությամբ կմեկնի Դուբլին, որտեղ հոկտեմբերի 11-ին իր ամենավճռորոշ մրցախաղը կանցկացնի իռլանդացիների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4