Թե՞ թուրքական թերթերը նորից չափն անցնում են
Երեկ, ավարտելով Հայաստան կատարած երկօրյա պետական այցը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին Երեւանից ուղեւորվեց Բաքու, որտեղից անցավ Թբիլիսի եւ վերադարձավ հայրենիք: Այցի առաջին օրը նախագահ Սարկոզին եղավ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիպեց Վեհափառ հայրապետին, ապա Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի հուշարձանին, երեկոյան զբոսնեց Հանրապետության հրապարակում, իսկ հաջորդ օրը Ֆրանսիայի հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բացեց Ռոդենի արձանը:
Նիկոլա Սարկոզիի Հայաստան այցելությունը պատմական էր, լայն արձագանք գտավ նաեւ Թուրքիայում: Այցին անդրադարձան թուրքական հանրային հեռուստատեսությունը, այլ հեռուստաընկերություններ եւ լրատվական գործակալություններ, ինչպես նաեւ էլեկտրոնային ու տպագիր մամուլը: Դրանց խնդիրը, սակայն, ոչ թե այցելության բնույթն էր, այլ Ֆրանսիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Թուրքիային հասցեագրած հստակ ուղերձներն էին:
Թուրքական թերթերը, գրեթե առանց բացառության, նշել են, որ սա պատասխան այց է, որի ընթացքում «Ֆրանսիայի նախագահը այցելեց, այսպես կոչված, ցեղասպանության հուշարձան», «15-ի իրադարձությունները բնութագրեց որպես ցեղասպանություն, եւ Երեւանից դիմելով Թուրքիային` պահանջեց առերեսվել 1915-ի իրադարձությունների հետ եւ ունենալ այդ իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն բնութագրելու համարձակություն»:
Այս ամենի մասին գրելիս դրանք իրենց պարտքն են համարում թուրք ընթերցողին հիշեցնել, որ Ֆրանսիայում մոտենում են նախագահական ընտրությունները, երկրում Սարկոզին այլեւս ժողովրդականություն չի վայելում, հետեւաբար նրա Հայաստան այցելությունը, ցեղասպանության ճանաչման մասին արտահայտությունները պետք է վերագրել Ֆրանսիայի հայկական լոբբիին սիրաշահելու դրսեւորումներին, իհարկե, առանց նշելու թուրքական լոբբիի եւ ֆրանսաբնակ թուրքերի մասին, որոնք թվաքանակով գրեթե չեն զիջում ֆրանսահայերին:
Ի դեպ, հոկտեմբերի 6-ին, նախքան Ֆրանսիայի նախագահի ժամանումը Երեւան, նրա այցին թուրքական «Դունիա բյուլթենի» լրատվական գործակալությունը անդրադարձել էր «Սարկոզին դեսանտ է իջեցնում Հայաստան», իսկ «Աքշամ» թերթը` «Սարկոզին ասաց. սա ցեղասպանություն է» վերնագրերով: Մինչ այդ, հոկտեմբերի 4-ին այցին անդրադարձել էր գերմանական «Դոյչե վելլեն»:
Երեկվա համարներում արդեն թուրքական թերթերից «Սաբահը» Ֆրանսիայի նախագահի այցը լուսաբանեց «Սարկոզին մուտք է գործում մեր հետնաբակը», «Ենի շաֆաքը»ՙ «Սարկոն նորից գրավ է դնում Հայաստանի վրա», «Հյուրիեթը»ՙ «Սարկոզին Երեւանից դիմեց Թուրքիային», «Մուհալիֆ գազեթեն»ՙ «Սարկոզին սպառնաց Թուրքիային», «Գյունեշն» ու «Գերչեք գյոնդեմը»ՙ «Սա ցեղասպանություն է», «Իհլաս» հեռուստաալիքը կայքէջքումՙ «Սարկոզին նորից չափն անցավ», իսկ Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի կայքէջըՙ «Ոչ մի երկիր այնքան լավ չի կարող հասկանալ Լեռնային Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար, որքան Ֆրանսիան» վերնագրերով:
Կարծում ենք այս վերնագրերը հստակ պատկերացում են տալիս նախագահ Սարկոզիի Հայաստան այցելության թուրքական արձագանքների մասին, ուստի եւ ավելորդ են մանրամասները:
Հ. ՉԱՔՐՅԱՆ