«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2011-10-06 | #178, 2011-10-07 | #179, 2011-10-08


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՊԱՏՎԱԾ ՀՅՈՒՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»

Տրամաբանություն ակնհայտորեն չկա, եթե որեւէ այլ սկզբունք կամ գործոն տեղ ունի այն ամենում, ինչը կոչվում է Ադրբեջանի «սեւ ցուցակ»: Ինչպես գիտենք, ամեն ոք, որ «առանց Ադրբեջանի իմացության ու թույլտվության» համարձակվի այցելել Արցախ, անմիջապես կհայտնվի Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Հենց միայն սա արդեն անտրամաբանական է. եթե, ասենք, ոմն ֆինն պատմաբան կամ հետազոտող, լսելով հնամենի Արցախի մասին (որի այդպիսին լինելը չեն ժխտում անգամ ադրբեջանցիները - Հ. Ա.) ցանկանում է այցելել Արցախ, ապա, ըստ ադրբեջանական տրամաբանության, նա դա անել չի կարող, քանի որ այժմ Արցախ կարելի է մուտք գործել ոչ Ադրբեջանից: Բացի սրանից` ինչո՞ւ ՀՀ այն քաղաքացիները, որոնք անարգել մուտք են գործում ԼՂՀ, չեն հայտնվում ադրբեջանական «սեւ ցուցակում», միգուցե բոլոր ՀՀ քաղաքացիները արդեն այնտեղ ներառվա՞ծ են: Իսկ եթե այդպես է, ապա էլ ի՞նչ բարիդրացիություն, ասենք, հակամարտության լուծման պարագայում ի՞նչ պետք է լինի այդ «սեւ ցուցակի» հետ: Ինչպե՞ս պետք է Ադրբեջանը, իսկ որն ավելի կարեւոր է` ադրբեջանցի ժողովուրդը, ապրի փաստացի «անցանկալի հարեւանների հետ»:

Ինչեւէ, այժմ ադրբեջանական «Ազադլիգ»-ի հետ փոքր-ինչ ծիծաղենք Ադրբեջանի «սեւ ցուցակի» վրա: Ամերիկացի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանը հայտնվել է այդ ցուցակում Արցախ այցելելու համար: Այս մասին պաշտոնապես հաստատում է տվել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլմար Աբդուլաեւը: Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում: Մասնավորապես նույն Սիմիթյանն ընդամենը օրեր առաջ Բաքվում էր, ավելին, սենատորին ընդունել էր նախագահ Իլհամ Ալիեւը անձամբ: Ըստ «Ազադլիգ»-իՙ այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը իր գոհունակությունն է հայտնել սենատորին, որ «Բաքվի ու Վաշինգտոնի կապերը հաջողությամբ զարգանում են»: «Ալիեւը ընդգծել է երկկողմ հարաբերություների ընդլայնման գործում փոխադարձ այցերի կարեւորությունը: Ավելին, Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել անձամբ Սիմիթյանի գլխավորած պատվիրակությանը` Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ», հիշեցնում է «Ազադլիգը»: Սակայն, ինչպես վկայում է ադրբեջանական պարբերականը, «Ադրբեջանի ղեկավարությունը լավ գիտեր Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմինը ներկայացնող սենատորի ազգությամբ հայ լինելու եւ բազմիցս Արցախ կատարած նրա այցերի մասին: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ղեկավարությունը աշխատել է ամերիկացի սենատորի` Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից օգտվել քարոզչական նպատակներով, սակայն հետո սենատորի ԼՂ կատարած այցը նրանց փաստի առջեւ է կանգնեցրել, նրանց մեջ արթնացել է «հայրենասիրական զգացմունքը»: Եվ Ադրբեջանը հերթական անգամ հայտնվել է ծիծաղելի վիճակում», արձանագրում է «Ազադլիգը»: Թերեւս ոչինչ չկա ավելացնելու. ամեն ինչ ինքնին պարզաբանված է: Ամեն դեպքում մի հարց. եթե բոլոր նրանք, որ այցելում են ԼՂ առանց Բաքվի գիտակցության, «իրավունք չունեն մտնելու Ադրբեջան», ապա չի՞ նշանակում միայն այս փաստը, որ Բաքուն հստակ սահմանագիծ է դնում ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Երկրորդ` չի՞ նշանակում այս փաստը, որ եթե տան հյուրերը «անցանկալի են», որովհետեւ «այցելում են կոնկրետ այդ տուն», ուրեմն տունը նույնպես պետք է անցանկալի լինի իր բնակիչներով: Այսինքնՙ ԼՂՀ-ի այսօրվա քաղաքացիները նույնպես անցանկալի անձեր են Ադրբեջանում: Եթե այո, ապա էլ ի՞նչ են ուզում. տարա՞ծք, առանց այդ նույն տարածքի բնիկ ժողովրդի՞...:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4