«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2011-10-06 | #178, 2011-10-07 | #179, 2011-10-08


ՍԱՐԿՈԶԻԻ ԹԱՆԿԱԳԻՆ ՆՎԵՐԸ ԵՐԵՎԱՆԻՆ ԺՅՈՒԼ ԲԱՍՏԻԵՆ ԼԸՊԱԺԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱՆԸ, 1889 Թ.

Հուշարձանի հեղինակ Ռոդենը, որ ֆրանսիացի բնանկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժին հանդիպել էր դեռեւս 1881թ., ձուլեց այս ականավոր արվեստագետի բրոնզե արձանը 1889թ.` որպես հիմք օգտագործելով վերջինիս լուսանկարները: Ինչպես իր մյուս բրոնզե արձանների դեպքում, այս անգամ նույնպես Ռոդենը հերոսին ներկայացրել է շարժման մեջ` ներկապնակը եւ վրձինը ձեռքին: Ռոդենը ցանկանում էր, որպեսզի այն լիովին մարմնավորի Ժյուլ Բաստիեն Լըպաժ արվեստագետի կերպարը: 1889թ. մամուլում տեղ գտած մի հոդվածում ասվում է. «Սա ոգեշնչված մարդու մտքի իսկական թռիչք է, անհատի եւ նրա արվեստի մարմնավորում»: Նույն թվականին այս բրոնզաձույլ արձանն իր տեղը գտավ Փարիզում կայացած Մոնեի եւ Ռոդենի աշխատանքների` «Բաստիեն Լըպաժը բաց երկնքի տակ» խորագիրը կրող համատեղ ցուցահանդեսում: Հուշարձանը կանգնեցվել է 1889թ. սեպտեմբերի 29-ին Դամվիլիե քաղաքատիպ ավանից դուրս` դաշտամերձ մի վայրում: Արձանի տեղադրման այս ընտրությունը հանրային վայրերում կանգնեցվող նմանատիպ հուշարձանների նկատմամբ Ռոդենի նոր մոտեցման հավաստումն էր. այն է` ներկայացնել անհատի կերպարը ժեստերի, վերաբերմունքի եւ նույնիսկ տեղարդման վայրի միջոցով, ինչպես որ այս հուշարձանի դեպքում է:

Orange Armenia


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4