Ինչպես ենք զարգացնելու ճշգրիտ ճարտարագիտությունը Հայաստանում
«Արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարությունը» արդեն շրջանառության մեջ է դրված: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս ռազմավարությունը ընդհանուր առմամբ, անդրադարձել ենք «Պետությունը կաջակցի արդյունաբերության 11 ճյուղերին» («Ազգ», 27.09.2011) հրապարակման մեջ: Այս ռազմավարությունը առանձնահատուկ է նրանով, որ անկախության 20 տարիների ընթացքում առաջին անգամ պետության կողմից մշակվել է արդյունաբերության զարգացմանն ուղղված համալիր ծրագիր: Ինչպես նշել էինք, ծրագրի առաջին փուլի համար առաջնահերթ են համարվել կոնյակագործությունը, դեղարտադրությունը եւ ճշգրիտ ճարտարագիտությունը: Այս երեք ճյուղերից թերեւս առավել մանրամասնելու կարիք ունի վերջինըՙ ճշգրիտ ճարտարագիտությունը:
Ճշգրիտ ճարտարագիտությունը օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական եւ մեքենաշինական արտադրանք թողարկող ճյուղն է: Ներկայումս Հայաստանում այս ճյուղի ձեռնարկություններն արտադրում են տարբեր տեսակի չափիչ, ստուգող, ջերմակարգավորիչ, օպտիկական, լազերային սարքեր, բժշկական եւ արդյունաբերական նշանակության գերկարծր եւ բարձր ճշգրտության գործիքներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, կապի միջոցներ եւ համակարգեր, աճեցնում բյուրեղներ: Խորհրդային տարիներին Հայաստանում գործում էին այս եւ ծանր մեքենաշինության ու հաստոցաշինության ավելի քան 150 ձեռնարկություներ: Ներկայումս, էկոնոմիկայի նախարարության տվյալներով, ճշգրիտ ճարտարագիտությունը ներկայացող ձեռնարկությունների թիվը 60-70 է, որտեղ աշխատում են մոտ 4000 մարդ: Այս ձեռնարկությունները թողարկում են 35 մլն դոլարի արտադրանք, որից 17 մլն դոլարն արտահանվում է (2010-ի տվյալներով):
Ի՞նչ վիճակում է այս ճյուղը ներկայումս: Հայաստանն այստեղ ունի խորհրդային գիտատեխնիկական հարուստ ժառանգություն, արտադրական կառույցներ, ԱՊՀ երկրների եւ Վրաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմ, ճարտարագիտական համալսարան, հաջողված կրթական ծրագրերի փորձ անդրազգային կորպորացաների հետ, այստեղ գործում են առաջատար մի շարք տեխնոլոգիական ընկերություններ («Սինոփսիս», «Նեյշնլ ինսթրումենտս» եւ այլն): Սակայն բացակայում են օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավման համար ենթակառուցվածքները, հետազոտությունների եւ մշակումների մակարդակը ցածր է, ֆինանսավորման գործիքները սահմանափակ եւ քիչ մատչելի են, ընկերություններում շուկայավարման եւ կառավարման մակարդակը ցածր է, համապատասխան գիտելիքներով եւ հմտություններով շրջանավարտների պակաս կա, իսկ կրթական համակարգում էլ բացակայում է լաբորատոր բազան, անհրաժեշտություն կա կրթական ծրագրերը համապատասխանեցնելու միջազգային պահանջներին:
Երկու փուլովՙ մինչեւ 2015-ը եւ մինչեւ 2020-ը, նախատեսվում է իրականացնել ոլորտի զարգացման աջակցութան ծրագիրը: Մասնավորապես, մինչեւ 2015-ը նախատեսվում է օտաերկրյա ուղղակի ներդրումների, այդ թվումՙ անդրազգային կորպորացիաների կողմից, ներգրավվում «Մարս» գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միջոցով, ֆինանսական աջակցություն նորարարական բիզնես նախագծերին, վենչուրային ֆինանսավորում, ներդրումային ծրագրերի եւ արտահանման ֆինանսավորում, կարողությունների զարգացումՙ ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծման, ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հիմքի վրա տեխնոպարկի հիմնման եւ միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտական համալսարանի վերածելով, շուկաներ մուտք գործելու աջակցությունՙ շուկաների մասին տեղեկացվածության եւ խորհրդատվության ապահովման, գործարար կապերի հաստատմանն աջակցելու միջոցներով:
2015-ին ակնակալում ենք այս ոլորտում ունենալ 2-4 առաջնակարգ անդրազգային կորպորացիաների արտադրություններ ազատ տնտեսական գոտում, 5-10 երկրորդ կարգի անդրազգային կորպորացիաների հետազոտությունների եւ մշակումների կենտրոններ, մոտ 10 ընկերությունների վենչուրային նախագծերի ֆինանսավորում: Այս պարագայում ոլորտի արտահանումը պետք է կազմի 50-95 մլն դոլար, աշխատողների քանակըՙ 5-6 հազար, կատարված ներդրումներըՙ 40-85 մլն դոլար: Այդ ժամկետում պետք է ստեղծված լինեն «Մարսի» ազատ տնտեսական գոտին, ճարտարագիտական համալսարանի հիմքի վրա տեխնոպարկը, լաբորատորիաներն ու կրթական կենտրոնները:
Երկորդՙ 2015-2020 թթ. փուլում պետության համար արդեն թիրախ է դառնում խոշորագույն անդրազգային կորպորացիաների հետազոտությունների եւ մշակումների կենտրոնների հիմնումը Հայաստանում, հայկական ճարտարագիտական համալսարանի տարածաշրջանային-միջազգային դարձնելը, ճարտարագիտական նոր ուղղությունների խրախուսումը, ոչ ԱՊՀ երկրներ արտահանման խրախուսումը, Հայաստանը որպես ճարտարագիտական երկիր աշխարհին ներկայացնելը եւ այլն: 2020-ին ակնկալվում է ճշգրիտ ճարտարագիտության ճյուղի արտահանումը հասցնել 165-300 մլն դոլարի, աշխատողների քանակըՙ 8-9 հազարի, ներդրումներըՙ 155-285 մլն դոլարի: Փաստորեն, ոլորտի արտահանման ծավալներն առաջիկա 9 տարիներին պետք է ավելանան 10-18 անգամ: Այդ ժամկետին արդեն առնվազն 5 առաջնակարգ եւ 10-15 երկրորդ կարգի անդրազգային կորպորացիաներ պետք է լինեն Հայաստանում եւ 20-35 տեղական ընկերություններ, որոնք մրցունակ են միջազգային շուկայում:
Ռազմավարության մեջ նշվում են նաեւ ծրագրի իրագործման ժամանակ հնարավոր ռիսկերը եւ դրանց մեղմացման ուղիները, ծրագրի ժամանակացույցը եւ ծախսերը: Նշված են ֆինանսական միջոցները, որոնք կուղղվեն ծրագրի իրագործմանը եւ դրանց ստացման աղբյուրները, այդ թվումՙ պետության եւ դոնորների մասնակցության բաժինները: Մինչեւ 2015-ն, օրինակ, նախատեսվում է ավելի քան 12 մլն դոլար ծախսել ոլորտի զարգացմանն աջակցելու համար:
Ամփոփելովՙ հարկ ենք համարում ընդգծել, որ այս ճյուղի զարգացումը, առանց թերագնահատելու արդյունաբերության մյուս ճյուղերը, Հայաստանի համար թերեւս ամենակարեւորն է: Առանց դրա մեր երկիրը չի կարող արդյունաբերական եւ բարձր տեխնոլոգիական դառնալ եւ աշխարհին ներկայանալ որպես այդպիսին: Միայն ծրագրային մշակումներով, առանց վերջնական արտադրանք ձեւավորելու, երկրի զարգացման լուրջ հեռնակարներ չենք կարող ակնկալել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ