Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1931-ին Յանովսկու «Ցասում» բեմադրությամբ, որի բեմադրիչ Աշոտ Մաթեւոսյանի ջանքերի ու մի խումբ արվեստի նվիրյալների համագործակցությամբ: Թատրոնի առաջին քսանամյակը կարեւորվել է մի շարք բեմադրություններով եւ անվանի դերասաններ Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Արուս Ոսկանյանի, Ժասմենի հյուրախաղերով: Մինչեւ մահըՙ 1936 թիվը, Հովհաննես Աբելյանը գրեթե ամեն տարի թատրոնում խաղացել է բոլոր լավագույն դերերըՙ Շեքսպիրյան ու Շիրվանզադեի խաղացանկերում եւ հանդիսացել ուսուցիչ երիտասարդ դերասանների համար: Ի հարգանս, նրա մահից հետո Վանաձորի թատրոնը անվանվել է Հովհաննես Աբելյանի անունով, իսկ հետո արժանացել նաեւ պետական թատրոնի պատվավոր կոչման: Թատրոնի կենսագրական էջերից է եղել առաջին 20-ամյակըՙ առաջին հյուրախաղերը Մոսկվա երկու ներկայացումներով: Միքայելյանի «Գոշ» եւ «Ֆրոնտից եկածը», որոնք անցել են շռնդալից հաջողությամբ: Ի դեպ «Գոշի» բեմադրիչը եղել է Վարդան Աճեմյանը: Թատրոնի հաջորդ վերելքի տարիները եղել են 50-ական թվականների սկզբները, երբ թատրոնը ղեկավարել է բեմադրիչ Հովհաննես Կարապետյանը, առաջին անգամ բեմադրելով Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» ներկայացումը, որը մնացել է թատրոնի պատմության մեջ: 1972-1996 թթ. եւ նաեւ 2008-ից առ այսօր թատրոնը ղեկավարել եւ ղեկավարում է ճանաչված բեմադրիչ Վահե Շահվերդյանը (որը ոտքի կանգնացրեց նաեւ Սունդուկյանի մայր թատրոնը 13 տարի շարունակ, որի գնալուց հետո այսօր մայր թատրոնը կարծես անգործության է մատնված): Շահվերդյանի շնորհիվ Աբելյանի թատրոնի խաղացանկում տեղ գտավ Չեխովի «Երեք քույր» (միջազգային ճանաչում բերեց այս գործը եւ արժանացավ բազմաթիվ փառատոների մրցանակներին), Շեքսպիրի «Ռիչարդ 2-րդ», Լերմոնտովի «Դիմակահանդես», Շիրվանզադեի «Քաոս» եւ այլն: Թատրոնը լինելով ոչ մայրաքաղաքային թատրոն բեմադրել է Շեքսպիրի «Օթելլո», «Ձմեռային հեքիաթ», «Մակբեթ», «Լիր Արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ» գործերը եւ բարձր գնահատանքի արժանացել: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հովհ. Աբելյանի անվ. պետթատրոնի նախաձեռնությամբ մշակվել ու անցկացվելու են բազմաթիվ հոբելյանական միջոցառումներ: Սեպտեմբերի 18-ին Ս. Խալաթյանի «Հրադադար» պիեսի առաջնախաղով բացվել է թատրոնի հոբելյանական թատերաշրջանը եւ թատրոնի պատմությանը նվիրված ֆոտոցուցահանդես: Իսկ սեպտեմբերի 26-ից հայտարարվել է թատերական տասնօրյակ:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Աբելյանի թատրոնի ղեկավարությունը, գլխավորությամբ թատրոնի գեղղեկ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի, ներկայացրին 80-ամյա թատրոնի անցած ուղին, նշեցին ձեռքբերումներն ու արժանացած բազմաթիվ միջազգային մրցանակները ու պարգեւներն եւ շռնդալից հաջողությունները ոչ միայն Հայաստանի մարզերում, Արցախում, այլ նաեւ Մոսկվայում, Ռիգայում, Լիսաբոնում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Վրաստանում, Կիեւում, Մինսկում եւ այլուր: Պրն Պողոսյանը տեղակացրեց, որ նախարարության ֆինանսավորմամբ մասնակի հիմնանորոգվում է թատրոնի շենքը, կհրատարակվի թատրոնի 80-ամյա պատմությանը նվիրված գիրք-ալբոմ եւ շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Շիլլերի «Խարդավանք եւ սեր» ներկայացումըՙ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ: Հոկտեմբերի 9-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում տեղի կունենա թատրոնի հիմնադրման 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որի ընթացքում մի շարք պետական կառույցների կողմից թատրոնի նվիրյալները կպարգեւատրվենՙ հոբելյանի առիթով:
Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էին թատրոնի դերասան, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանը, երիտասարդ դերասան, բան. գիտ. թեկնածու Էֆրիկ Զոհրաբյանը, թատրոնի գեղխորհրդի անդամ, լրագրող Ջանիբեկ Ղուկասյանը եւ գրական մասի վարիչ Լեւոն Մութաֆյանը: Պրն Շահվերդյանն ասաց, որ 1974-ից սկսած երկու տարին մեկ աբելյանցիները հանդես էին գալիս Արցախում, «քանզի հրաշալի հանդիսատես կար, որոնց ընկալմամբ մենք ստուգում էինք մեր մակարդակը եւ որակը»: Թատրոնում մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդներին: Ստեղծվել է երիտասարդական ստուդիա, որի պատասխանատուն է Էֆրիկ Զոհրաբյանը: Թատերագետ Լեւոն Մութաֆյանը ներկայացրեց թատրոնի անցած 80 տարիների գործունեությունը, չմոռանալով ասել նաեւ, որ եղել է մի շրջան, որ թատրոնը անկում է ապրել: Իսկ այժմ թատրոնը կրկին վերելքի ուղին է բռնել ու իր խաղացանկում ընդգրկել է շուրջ 19 ներկայացումներ ժամանակակից, եվրոպական, ռուսական, հայկական գործերով: Չեն մոռացվել նաեւ նախկինում հաջողված ներկայացումները եւ դրանք կրկին նորովի մատուցվում են: Այս տարի խաղացանկը կհամալրվի Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսների բեմադրություններով, որոնց զուգահեռ կգործի նաեւ մոնո ներկայացումների համար նախատեսված փոքր բեմը, որտեղ իրենց առաջին քայլերը կանեն երիտասարդ ռեժիսորները, նկարիչները, դերասանները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ