«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2011-10-06 | #178, 2011-10-07 | #179, 2011-10-08


ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՐԺԱՆԻ ԷՐ ԱՅԼ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ

Իրանահայ արվեստագետ, արվեստի մեծ գիտակ ու հավաքորդ Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական ուղուն «Ազգը» բազմիցս անդրադարձել է թե՛ իր կենդանության, թե՛ մահվանից հետո: Արվեստի նվիրյալ Մարկոս Գրիգորյանը չորս տարի առաջ իր տանը ենթարկվեց կողոպտիչների ծեծին, որի հետեւանքով էլ մահկանացուն կնքեց հիվանդանոցում: Չնայած որ նա իր հավաքածուն նվիրել էր Հայաստանին եւ ցուցադրվում էր Չարենցի անվ. գրականության թանգարանի երկու սրահներում ժամանակավորապես, առայսօր էլ չի լուծվել Մարկոսի թանգարանի հարցը, որը շուրջ 10 տարի է, ինչ ձգձգվում է:

Երբ «Ազգը» ստացավ հրավեր մասնակցելու Մ. Գրիգորյանին նվիրված «Որպեսզի չուշանանք...» տեսաֆիլմի շնորհանդեսին եւ ասուլիսին, սիրով մասնակցեցինք: Սակայն կազմակերպիչները 30 րոպե ուշացումով, եւ միայն լրագրողների պահանջով սկսեցին ասուլիսը: Ներկա արվեստագետներն ու Մ. Գրիգորյանին ճանաչողները մեկ անգամ եւս անդրադարձան նրա արժեքավոր ստեղծագործություններին ու նաեւ կարեւոր հավաքածուներին: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հուսադրեց, որ թանգարանի վերանորոգումը ավարտվելուց հետո «Միջին Արեւելքի թանգարանը» կգործի այնքան ժամանակ մինչեւ կլուծվի Մարկոս Գրիգորյանի առանձին թանգարանի հարցը:

Քիչ անց ներկաներին հրավիրեցին կինոսրահ մասնակցելու Մարկոս Գրիգորյանին նվիրված «Որպեսզի չուշանանք...» տեսաֆիլմի շնորհանդեսին: Ցավալի էր, որ ներկա տեխնիկայի դարում, երբ հնարավոր է մեկ կամ երկու կոճակ սեղմելով ֆիլմը նորմալ մատուցել, այդպես չեղավ: Չորս անգամ ֆիլմը սկսվեց, մի քանի րոպե անց, նորից ընդհատվեց, նորից սկսվեց: Նման անփույթ վերաբերմունք էր նաեւ ֆիլմումՙ տեխնիկական խոտանով, Մարկոսի մասին կցկտուր ինֆորմացիայով եւ էլի շատ թերություններով: Մի խոսքովՙ ոչ թե ուրախալի էր երիտասարդ աղջիկների նախաձեռնությունը, այլ շատ վիրավորական, քանզի հետագա սերունդներին այդ կերպ չէ, որ պետք է ներկայացնեն արվեստի նվիրյալ, Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկինՙ Մարկոս Գրիգորյանին:

Հուսանք, որ հետագայում, ովքեր փորձ կանեն տեսաֆիլմ նկարահանել որեւէ արվեստագետի մասին, լրջագույնս կուսումնասիրեն նյութը եւ մատուցման տեխնիկան, որպեսզի մարդիկ դահլիճից դուրս չգան վրդովված, ինչը եղավ այս դեպքում: Մարկոս Գրիգորյանը նման «գնահատանքի» արժանի չէր:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4