«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2011-10-06 | #178, 2011-10-07 | #179, 2011-10-08


ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆ ԷԼ ԿՈՐԾԱՆՎԵՑ

Մնաց վերջինը` իռլանդականը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակեց իր հաղթարշավը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում` տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը, այն էլ խոշոր հաշվով, ինչն աննախադեպ արդյունք է մեր ընտրանու ողջ պատմությունում: Մեր ֆուտբոլիստները կրկին դրսեւորեցին հաղթանակի հասնելու անկոտրում կամք, տեխնիկական բարձր վարպետություն, աչքի ընկան գրագետ գործողություններով ու արդյունավետ խաղով եւ 4-1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեցին մակեդոնացիների նկատմամբ, որոնց հետ անցյալ տարի հյուրընկալվելիս կայացած խաղում վերջին վայրկյաններին ցավալիորեն ձեռքից բաց էին թողել հաղթանակը:

Խաղից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՈւԵՖԱ-ի հատուկ մրցանակը հանձնեց հավաքականում 124-րդ հանդիպումն անցկացնող Սարգիս Հովսեփյանին: Բավականին սուր մրցակցությունում արդեն առաջին խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը` լավ նախադրյալներ ստեղծելով հաղթանակի համար: 28-րդ րոպեին անհատական բարձր վարպետությամբ աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը, որն աջ եզրում մեկը մյուսի հետեւից խաբս տալով մրցակցի 3 պաշտպաններին, գնդակը փոխանցեց Մարկոսին, որը դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Պակաս տպավորիչ չէր 6 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի «թնդանոթային համազարկը», որից հետո գնդակը հայտնվեց դարպասի վերին անկյունում:

Հարկ է նշել, որ հյուրերը եւս ակտիվ հարձակողական խաղ էին ցուցադրում, որի արդյունքում մի քանի անգամ սպառնացին մեր դարպասին: Հատկապես վտանգավոր էր Նովեսկու հեռահար ուժգին հարվածը, որից հետո Բերեզովսկին գեղեցիկ ցատկով փրկեց դրությունը:

Գովելի է, որ ընդմիջումից հետո էլ մեր ֆուտբոլիստները շարունակեցին հարձակողական ակտիվ գործողությունները, որոնց արդյունքում Գեւորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը եւս երկու գոլ խփեցին: Հյուրերը դրանց պատասխանեցին Շիկովի գոլով: Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, եթե 2-րդ խաղակեսում գոլային պահերն օգտագործեին Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Սարկիսովը:

Եվ այսպես, եզրափակիչի ուղեգրի նվաճման ճանապարհին մնաց անկախ Հայաստանի պատմության մեջ ամենավճռորոշ հանդիպումն իռլանդացիների հետ, որը կայանալու է հոկտեմբերի 11-ին: Հուսանք, որ այն եւս հաջող ավարտ կունենա հայ ֆուտբոլիստների եւ բոլորիս համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4