Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը եւ ՌԴ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը 2-րդ տարին անընդմեջ Երեւանում անցկացրին ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշամրցաշարը: Այն նվիրված է ՀՀ անկախության հռչակման եւ ԱՊՀ կազմավորման 20-րդ տարեդարձերին:
Հուշամրցաշարին մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի եւ Արցախի շուրջ 100 սամբիստներ: Տղաները հաղթողի կոչումը վիճարկեցին քաշային 10 կարգերում, աղջիկները հանդես եկան քաշային 8 կարգերում:
Տղաների մրցաշարում քաշային 4 կարգերում հաղթողներ ճանաչվեցին հայաստանցի սամբիստներ Մաքսիմ Մանուկյանը (52 կգ), Էդգար Միքայելյանը (65 կգ), Կարեն Սիմոնյանը (81 կգ) եւ գերծանրքաշային Ժիրայր Վարդանյանը: Եվս 3 հայ սամբիստներ պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին ՌԴ հավաքականի կազմում: Ոսկե մեդալների ու գավաթների արժանացան Արթուր Դավթյանը (60 կգ), Արթուր Հակոբյանը (75 կգ) եւ Դավիթ Հովհաննիսյանը (81 կգ): ՌԴ սամբիստներից առաջին տեղը գրավեցին նաեւ Վլադիմիր Կրասնագորսկին (48 կգ), Միխայիլ Դիյանովը (56 կգ) եւ Դմիտրի Տարգաշովը (87 կգ):
Աղջիկների մրցապայքարում միայն Վիկտորիա Միսակյանին (60 կգ) եւ Նելլի Ավետիսյանին (65 կգ) հաջողվեց հաղթող ճանաչվել: Քաշային մյուս կարգերում ոսկե մեդալակիրներ դարձան ռուսաստանցիներ Ելիզավետա Կուլիկովան (44 կգ), Գալինա Պենկովան (48 կգ), Գուլֆիյա Մուխտարովան (52 կգ), Դարյա Սեդնովան (56 կգ), Նատալիա Կորոտկովան (70 կգ) եւ գերծանրքաշային Ալեսյա Կաշլեւան:
Թեեւ մրցումներին չէին մասնակցում հավաքականների ուժեղագույն մի քանի սամբիստներ, սակայն մրցաշարն անցավ դիտարժան ու համառ պայքարում: Այն սամբիստների համար ուժերի լավ ստուգատես էր հոկտեմբերի 13-17-ը Ռիգայում անցկացվելիք սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունից առաջ: Բացի իրենց ունակությունները դրսեւորելուց, Երեւան ժամանած սամբիստները հնարավորություն ունեցան նաեւ ծանոթանալու Հայաստանի տեսարժան վայրերինՙ այցելելով Էջմիածին, Գառնի, Գեղարդ: