«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2011-10-08 | #180, 2011-10-11 | #181, 2011-10-12


ՀԱՅ «ՈՍԿԵ ՔՍԱԿԸ»` «ՈՍԿԵ ԳՐԻՉԻ» ԿՈՂՔԻՆ

Ամեն տարի հոկտեմբերի առաջին կեսին Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը Երեւանում անցկացվող օրերի ընթացքում հրապարակում են այն մրցանակակիրների անունները, որոնք հաղթող են ճանաչվում հանրապետության, արդեն նաեւ` հայության գիտության, մշակույթի եւ լրագրության ոլորտներում Միության անցկացրած ավանդական ամենամյա մրցույթներում:

2011-ի մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, եւ որի գլխավոր հերոսը երիտասարդ գիտնականը, ստեղծագործողն է, տեղի ունեցավ երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում: Շեշտելով, որ «Հայերի համաշխարհային կոնգրեսը ոչ մի ձեռնարկ չի իրականացնում առանց սփյուռքի նախարարության հետ համագործակցության, ինչը պետություն-հասարակական կազմակերպություն գործակցության լավագույն օրինակն է, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես կարեւորեց ՀՀԿ-ի եւ ՌՀՄ-ի դերը հանրապետության գիտության ու ստեղծագործական կյանքում. «Միայն հայ գիտությանն ու ստեղծագործ մարդուն իրական նվիրյալը կարող է իրեն նման նախաձեռնություն թույլ տալ», շեշտեց նախարար Հակոբյանը: Իր հերթին Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, իր գլխավորած կազմակերպությունների համար մեծ պատիվ համարելով տասնամյա համագործակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, ասաց. «Գիտությունն այսօր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու լավագույն մեխանիզմն է»:

Այդ մեխանիզմի ներկայացուցիչ, 21-ամյա ֆիզիկոս Հայկ Իշխանյանը ստացավ առաջին մրցանակը` «Հատուկ մրցանակը», որպես գիտության ոլորտում մրցանակաբաշխության ամենակրտսեր մասնակից: Արդեն յոթ-ութ գիտական աշխատությունների հեղինակ 21-ամյա ֆիզիկոսի փոխարեն մրցանակը ստացավ եղբայրը, քանի որ նա այս պահին սեմինարների է: Արվեստ, լեզու եւ գրականություն ոլորտում մրցանակի արժանացավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ներկայացնող Տաթեւիկ Շախկուլյանը: Հայագիտություն եւ ազգագրություն ոլորտում մրցանակակիրը Անահիտ Մենեմշյանն է, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից: «Պատմության» մրցանակը բաժին հասավ կրկին ԵՊՀ-ից Արման Եղիազարյանին: Արեւելագիտության մրցանակը կիսվեց Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը եւ պաշտպանության նախարարությունը ներկայացնող Վահրամ Տեր-Մաթեւոսյանի եւ ԵՊՀ-ից թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի միջեւ: Սոցիոլոգիա ոլորտում ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտից Էմիլ Օրդուխանյանը մրցանակակիր դարձավ, իսկ տնտեսագիտության ոլորտում` Անահիտ Մանասյանը, Այ Էյ Բի Էյ հայ-բրիտանական կրթական կենտրոնից: Հայկ Սուքիասյանը` ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլագիայի եւ իրավունքի ինստիտուտից, ստացավ քաղաքագիտության եւ իրավագիտության ոլորտի մրցանակը, իսկ քիմիայի ոլորտում մրցանակակիրը` ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ներկայացնող Խաչատուր Մանուկյանն է:

Երկրաբանության ոլորտից` Ջոն Կարապետյանը` ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտից, արժանացավ մրցանակի, նմանատիպ պարգեւը կենսաբանություն ոլորտում կիսվեց Քրիստինե Փիրումյանի (ԵՊՀ, կնեսաֆիզիկայի բաժին) եւ Լիլիթ Գաբրիելյանի (ԵՊՀ) միջեւ: Տեխնիկական գիտությունների ոլորտում մրցանակակիրը կրկին մայր բուհից` Հայկ Խաչատրյանն է, իսկ ֆիզիկայից մրցանակ ստացավ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանը: Ինֆորմատիկայի մրցանակը նույնպես կիսվեց` ԵՊՀ-ից Հայկ Գրիգորյանի եւ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտից Հրաչյա Ասցատրյանի միջեւ: ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտից Սմբատ Գոգյանը մաթեմատիկա եւ մեխանիկա ոլորտում մրցանակակիր է:

Ժուռնալիստական մրցույթի հանձնաժողովը մրցութային ծրագրում ընդգրկել էր նաեւ սփյուռքը ներկայացնող ԶԼՄ-ներ ու լրագրողների: Պարբերական մամուլ անվանակարգում մրցանակակիր է դարձել «Ավանգարդ» թերթը` հայ երիտասարդության առաջնահերթություններին ու խնդիրներին, Հայաստանի կայացմանը նվիրված հրապարակումների համար: «Սնդավում», «Այսօրվա ու վաղվա քսան տարեկաններին» հոդվածաշարի համար մրցանակակիր դարձավ նաեւ Գրիգոր Ջանիկյանը: Կրթությանը, երիտասարդության հիմնախնդիրներին ու դաստիարակությանը միտված ձեռնարկների լուսաբանման համար մրցանակ ստացավ «Կրթություն» թերթի խմբագիր Գագիկ Մինասյանը: «Հեռուստահաղորդումներ» անվանակարգում մրցանակները շնորհվեցին` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հայ մայրիկ» ծրագրին, «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությանը` «Երիտասարդական հայացք» հաղորդման համար, եւ «Շանթ» հեռուստաընկերությունից Արտյոմ Երկանյանին` «Աշխարհի հայերը» հաղորդման համար: «Ռադիոհաղորդումներ» անվանակարգում մրցանակներ ստացան` «Իմպուլս» ռադիոկայանը` երիտասարդության հիմնահարցերին, գործունեությանը նվիրված հաղորդումների համար եւ Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագիրըՙ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդմանը, Ռուսաստանում ապրող հայերին հայրենիքի հետ կապելու կարեւոր գործում հայրենանվեր աշխատանքի համար: «Ինչ հրաշալի մարդ է Ագապին» եւ «Երկկենցաղ մարդը» հոդվածների համար «Մարզային ԶԼՄ-ներ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի «Սեւան» թերթը: Իսկ «Սփյուռքահայ մամուլ» անվանակարգում մրցանակակիրը «Օրեր» անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն է, որը նաեւ «Ազգ» օրաթեթրի Պրահայի թղթակիցն է: Ասատրյանը մրցանակ ստացավ` սփյուռքի ու հայրենիքի երիտասարդությանը հուզող խնդիրներին, նրանց համագործակցությանը նվիրված հրապարակումների համար:

Կերպարվեստի բնագավառում մրցանակաբաշխությունը երեք ոլորտ ուներ` գեղանկար, քանդակ եւ գրաֆիկա: Գեղանկարից մրցանակակիրներն են Արթուր Հովհաննիսյանը, Սուրեն Սաֆարյանը, Գարիկ Հարությունյանը եւ Արամազդ Պետրոսյանը: Քանդակից` Հարություն Կարապետյանը, Անդրանիկ Բաղդասարյանը, Հայկ Պետրոսյանը եւ Մելիք Շահնազարյանը, որը սեփական գործերից մեկը նվիրեց Արա Աբրահամյանին: Զառա Գասպարյանն ու Հասմիկ Մանուկյանը` գրաֆիկայի մրցանակակիրներն են:

ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ այս ավանդույթ դարձած նախաձեռնությունը անպայման շարունակական է լինելու` ներառելով ավելի ու ավելի շատ բնագավառներ` գիտության ու մշակույթի ոլորտներում: Շնորհակալական խոսքում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հիշեցնելով Նժդեհի հայտնի խոսքերըՙ դառնալով այսօրվա իրականություն, ասաց. «Այսօր պետք է տեսնենք, որ հայ «ոսկե քսակը» հայ «ոսկե գրիչի» կողքին է, շնորհակալություն»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4