Իմանալով, որ նա հայ է
Նախորդ օրը Ստամբուլի «Զինջիրլիքույու» գերեզմանոցի մոտակայքում դաժան ծեծի է ենթարկվել մի կին այն պատճառով, որ հայ է: Ծեծողը տաքսու վարորդ է: Համարելով այս միջադեպը ատելության դրսեւորում, «Կանգ առ, ռասիզմ» շարժումը միջադեպի վրա է հրավիրում վարչապետ Էրդողանի կառավարության ուշադրությունը, պահանջելով գործողությունների համապարփակ ծրագրի մշակում:
Այս ամենի մասին նշված է այս շարժման պաշտոնական durde.org կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ, որը վերարտադրել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Հաղորդագրությամբ միջադեպի քննությանը հետամուտ լինելու վճռականություն է հայտնվում, զգուշացվում են ոստիկանությունն ու դատախազությունը, ապա հրապարակվում է տուժածի հարազատից ստացած նամակը, իհարկե առանց անուն նշելու:
Ահա թե ինչ է գրված. «Երեկ (հոկտեմբերի 10-ին) ժամը 14.30-ին տաքսու վարորդը քրոջս բռունցքի հարվածներ հասցնելուց հետո մազերից բռնել եւ նրան դուրս է շպրտել մեքենայից... Ինչո՞ւ, որովհետեւ քույրս քրիստոնյա է... Սկզբում նա հարցրել է. «Առոգանությունդ ճիշտ չէ. հրեա՞ ես, թե՞ հայ»: Երբ քույրս պատասխանել է, որ ինքը հայ է, ապա վարորդը սկսել է անպատվել մեր կրոնը, լեզու է երկարացրել Աստվածաշնչին, այնուհետեւ բացականչել է. «Դու գյավուր ես... Դուք բոլորդ դատապարտված եք դժոխքում այրվելու»: Քույրս փորձել է հակադրվել, թե նա չի կարող իրեն գյավուր անվանել, որից հետո վարորդը շուռ է եկել, սկսել է բռունցքով հարվածել դեմքին, բացել է հոնքը, արյունլվիկ է արել դեմքը, ապա բռնելով մազերիցՙ նրան մեքենայից դուրս է շպրտել»:
Միջադեպը մեկնաբանության կարիք չի զգում: Պարզապես մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ այս թուրք վարորդըՙ իսլամական թե ծայրահեղ ազգայնական, միեւնույն տականքն է, իսկ նրա արարքըՙ ոչ մահմեդականների նկատմամբ թուրքական դարավոր ավանդական անհանդուրժողականության մեր օրերի արձագանքը: Պարզապես չգիտենք, հայ լինելու համար արյունլվիկ անելով անպաշտպան կնոջ դեմքըՙ մարդակերպ այս տականքը ո՞ւմ օրինակին է հետեւում, 1915-ի ցեղասպանությանն անմիջականորեն սիրահոժար մասնակցած մարդասպան պապերի՞, թե՞ 1955-ի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում պետականորեն կազմակերպված ջարդերի մասնակից թուրքական ընչաքաղց ոհմակի: Մնում է հուսալ, որ ծաղկող, բարգավաճող Թուրքիան կանդամակցի Եվրոմիությանը, որպեսզի այս վարորդի նման տականքներ փառաբանեն նրա ավանդակա՜ն հանդուրժողականությանը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ