Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ հանձնաժողովը, որ տարիներ առաջ ստեղծվեց զբաղվելու ղարաբաղյան խնդրին առնչվող հարցերով, հանձնաժողովում նախագահող լորդ Ռասսել Ջոնսոնից հետո դադարեց որեւէ կենդանություն դրսեւորել:
Իսկ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է հունվարին, այդպես էլ չցանկացավ ընդունել, որ հենց իր անձնական նախաձեռնությամբ ու, կարելի է ասել, նաեւ անձնական ցանկությամբ փորձեր արվեցին կենդանություն տալու իրական ոչ մի նպատակի ծառայելու հնարավորություն չունեցող հանձնաժողովին այնպիսի կազմով ու նախագահությամբ, ինչպիսին ունի հիմա:
Այդուհանդերձ, բոլոր հնարավորություններն օգտագործած ու այդպես էլ բավարարում չստացած Չավուշօղլուն կարծես վերջին փորձեր է անում ինչ-որ բան, ինչ-որ արդյունք, ինչ-որ ազդեցություն ստանալու հատուկ հանձնաժողովի չգոյությունից: Բաքվում տեղի ունեցած համաժողովներից մեկին օրերս մասնակցած ԵԽԽՎ թուրք նախագահը լրագրողներին հայտարարել է, թե հատուկ հանձնաժողովը շուտով զեկույց է ներկայացնելու, թե ինչպես նվազեցնել «մարդու իրավունքների ոտնահարումը ղարաբաղյան հիմնախնդրում»:
Ակնհայտորեն, այնպիսի հանձնաժողովի պարագայում, որի աշխատանքները բոյկոտել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը, չի կարող որեւէ զեկույց հրապարակել, որ ընդունելի լինի` թեկուզ հավասարակշռված ներկայացված կողմերի առումով: Այսինքն` հանձնաժողովի անունից պատրաստվելիք զեկույցը Չավուշօղլուի վերջին փորձն է հետք թողնելու մի հարցում, որ վերաբերում է ղարաբաղյան խնդրին ու կարող է ազդեցություն ունենալ խորհրդարանական վեհաժողովում հարցի որեւէ ձեւաչափով քննարկումներում:
Մյուս կողմից, խիստ կասկածելի է հանձնաժողովի շարունակականությունը, երբ ԵԽԽՎ-ում նոր նախագահ կընտրվիՙ ու թուրքական գերակայությունըՙ ի դեմս Չավուշօղլուի, այլեւս տեղ չի գտնի բարձր մակարդակով կայացվող որոշումներում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ