«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2011-10-08 | #180, 2011-10-11 | #181, 2011-10-12


ԵԽԽՎ-Ն ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱ՞ՅՐ Է ԴԱՐՁԵԼ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները, վերադառնալով հոկտեմբերի 3-7-ը տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշրջանից, երեկ պատմեցին նիստի հայկական թեմաների մասին: Սակայն նախ պատմենք ԵԽԽՎ-ի պատվիրակության եւ ՀԱԿ-ի հետ երկխոսող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի անդրադարձի մասին` ՀԱԿ-իշխանություն երկխոսության վերաբերյալ լրագրողների (այդ թվում` «Ազգի») հարցերին: Ըստ նրա` երկխոսությունը հնարավոր կլինի շարունակել այն դեպքում, երբ ՀԱԿ-ը ողջամիտ կգնահատի իրավիճակը եւ պատրաստ կլինի երկխոսության, իսկ մոտակա օրերին երկխոսությունը շարունակել հնարավոր չէ: Նա նշեց, որ իշխանական կողմը պատրաստ է երկխոսության, բայց չի խնդրի ընդդիմությունից դրա վերսկսումը, եւ այն կսկվի միայն այն դեպքում, եթե ՀԱԿ-ը նույնպես պատրաստ լինի բովանդակային երկխոսության, նա է ընդհատել երկխոսությունը, ՀԱԿ-ի անդամներն էլ շեղվել են երկխոսության բուն բովանդակությունից` մի պահ փորձելով երկխոսությունն օգտագործել զուտ քաղաքակական, այժմեական եւ ընտրազանգվածի մոտ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակներով: Մինչդեռ, ըստ Հարությունյանի, երկխոսությունն ինքնանպատակ չէ, եւ ոչ թե պետք է ՀԱԿ-ին կամ իշխանությանը, այլ` երկրին:

Վերադառնալով բուն ասուլիսին, նշենք, որ անցած երկուշաբթի, ԵԽԽՎ նստաշրջանի առաջին օրը, տեղի է ունեցել 1416 բանաձեւի շրջանակում գործող ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նիստը, որը մերոնք բոյկոտել են, իսկ ադրբեջանական պատվիրակությունն այդ չմասնակցելը փորձել է ներկայացնել որպես բյուրոյի որոշումների չկատարում` հավասարության նշաններ փորձելով դնել բյուրոյի մեկ այլ որոշման հետ այն մասին, որ ԵԽԽՎ զեկուցողը պետք է Ադրբեջան ուղեւորվեր քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույց պատրաստելու համար: Ադրբեջանը, սակայն, մերժել էր զեկուցողի մուտքը: Դ. Հարությունյանը ելույթ է ունեցել եւ կրկին ներկայացրել ենթահանձնաժողովի վերաբերյալ հայկական դիրքորոշումը` այն երկու պատվիրակությունների միջեւ փոխադարձ վստահությանը չի կարող նպաստել եւ իր բուն առաքելությունը չի կարող կատարել:

Մյուս կարեւոր հարցը Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի զեկույցի հիմքով ընդունված բանաձեւն էր («Ազգը» մանրամասն գրել է ԵԽԽՎ-ի հայկական թեմաների մասին)` «Հայաստանում ժողովրդավարական զարգացումների մասին»: Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի, համեմատած նախորդ այդպիսի բանաձեւերի հետ, այս մեկն ընդհանուր առմամբ դրական է, Հայաստանի քաղաքական կյանքի ճշգրիտ գնահատականներով, ընդ որում` այնտեղ մտահոգություններ նույնպես կան: Ճիշտ է բանաձեւով մարտի 1-ի էջը փակված է համարվել (սա վատ արձագանք ունեցավ Հայաստանի ընդդիմադիրների կողմից), սակայն նաեւ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը մշտադիտարկման տակ պահելու անհրաժեշտության մասին եւս նշված է բանաձեւում: Ելույթ ունենալով նստաշրջանում` Ն. Զոհրաբյանը Հայաստանի առաջիկա երկու ընտրությունները ժողովրդավարության տեսակետից փորձաքար է անվանել, իսկ բարեփոխված ընտրական օրենսգրքի կիրառումն ապահովելը` քաղաքական կամքի դրսեւորում:

Երեկ առաջին անգամ վերջին շրջանում «Ժառանգությունից» ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը միասնական ասուլիսին մասնակցեց: Նա եւ Արմեն Ռուստամյանը 5 առաջարկ են ներկայացրել բանաձեւի վերաբերյալ, դրանցից երեքն են ընդունվել` բանաձեւի կետերն առավել փոխզիջումային դարձնելով: Մարտի 1-ի էջը փակված չհամարելու վերաբերյալ նրանց առաջարկը չի ընդունվել, բայց նրանց առաջարկի ազդեցությամբ է նշվել զոհերի մահվան հանգամանքների բացահայտման մոնիթորինգի կետը:

Հայաստանի (եւ այլ երկրների եւս) վերաբերյալ մի ուրիշ հարց է եղել Դորիս Ստամպի զեկույցով առաջարկվածը` մինչեւ երեխայի ծնունդը սեռը որոշելու վերաբերյալ, որի դեպքում ծնունդների հարաբերակցությունը հօգուտ արական սեռի է: Այդ առթիվ ԵԽԽՎ-ում ելույթ ունեցած Արմեն Մելիքյանը նշել է, թե խնդիրը սխալ է ձեւակերպվել, քանի որ այն ավելի շատ պետք է հղիության արհեստական ընդհատմանը վերաբերեր եւ ոչ թե սելեկցիային:

Դ. Հարությունյանի խոսքով` ԵԽԽՎ անլրջության մասին վկայող «Ազգային իշխանությունը եւ պետականությունը ժամանակակից իրավունքում, հստակեցում» զեկույցին Հայաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել` «ծույլ, թույլ, հակասական» զեկույց է եղել, մինչ այդ մերոնք այդ փաստաթղթի վերաբերյալ 16 առաջարկ էին ներկայացրել, բայց միայն երեքն են ընդունվել:

Զ. Փոստանջյանը ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրել ԼՂ անկախության 20-ամյակի վերաբերյալ մի փաստաթուղթ, որով փաստորեն ԼՂՀ անկախության ճանաչումն է փաստվում եւ Եվրոպային էլ կոչ է արվում կապեր հաստատել ԼՂՀ իշխանությունների հետ, այդ փաստաթղթի տակ 32 ԵԽԽՎ-ական է ստորագրել (7-ը հայ պատվիրակներն են): Մի ուրիշ փաստաթուղթ էլ մեր պատվիրակությունն է շրջանառություն մտցրել` ԵԽԽՎ բյուրոյի կանոնակարգը փոխելու եւ շահերի բախման բացահայտման մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ, այլապես` ԵԽԽՎ-ն ժողովրդավարական արժեքներ կրող կազմակերպությունից կամաց-կամաց դառնում է շահերի կազմակերպություն: Չնայած ԵԽԽՎ-ն նախագահելու Մեւլութ Չավուշօղլուի ժամկետն ավարտվում է. «Առնվազն զավեշտ է, որ ժողովրդավարության հարցերով զբաղվող կառույցում զբաղվում են լոբբիստական գործունեությամբ: ԵԽԽՎ-ում էլ զայրացած են նման վիճակից եւ բազմիցս բարձրաձայնել են լոբբիստական գործունեության անթույլատրելիության հարցը», ասաց Դ. Հարությունյանը:

Հունվարից ԵԽԽՎ նախագահությունը կստանձնի ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնը, որն, ի դեպ, Ն. Զոհրաբյանի հավաստմամբ, խոստացել է ընթացք չտալ ԼՂ հարցով ենթահանձնաժողովին. այդ մասին նա ակնարկել է Ստրասբուրգի «Ռից» հյուրանոցում, իր եւ Արմեն Ռուստամյանի հետ հանդիպման ընթացքում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4