Նոյեմբերի 26-ին «Յունիվերսալ Շերաթոն» հյուրանոցի դահլիճում կայանալիք տարեկան ճաշկերույթի ժամանակ «Տարվա մարդ» տիտղոսին է արժանանալու Մ. Նահանգների Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Էդ Ռոյսը Հայ դատի հանդեպ ունեցած իր անսասան դիրքորոշման համար, տեղեկացնում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի արեւմտյան շրջանի մասնաճյուղից ստացված հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ Էդ Ռոյսը դեմոկրատ Հովարդ Բերմանի հետ համահեղինակն էր անցյալ հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը ներկայացված Թուրքիայում կրոնական ազատությունների վերաբերյալ թիվ 306 բանաձեւի, որն ընդունվեց ձայների 43-1 հարաբերությամբ: Բանաձեւով Թուրքիայից պահանջվում էր ազգային եւ կրոնական փոքրամասնություններին (այդ թվումՙ հայերին) պատկանող եկեղեցիների եւ եկեղեցական կալվածքների վերադարձՙ իսկական տերերին եւ իրենց իրավունքներից ազատորեն օգտվելու հնարավորություն:
Էդ Ռոյսը 2010-ի փետրվարից համանախագահն է 140 ամերիկացի օրենսդիրներ ընդգրկող հայ-ամերիկյան հարցերով զբաղվող կոնգրեսական խմբակցության:
Հ. Ծ.