«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2011-10-08 | #180, 2011-10-11 | #181, 2011-10-12


ՌՀՄ-ՕԵԿ ՀԱՄԱՏԵՂ ՔՆՆԱՐԿՈՒՄ

1912 թվականի մարտի 4-ին տեղի ունենալիք ՌԴ նախագահական ընտրություններին 640 քաղաքում մասնաճյուղ ունեցող Ռուսաստանի հայերի միությունը պաշտպանելու է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը` կոչ անելով հայ համայնքներին իրենց քվեն տալ նրա օգտին: Այս մասին երեկ ասաց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը Մոսկվայի տանը տեղի ունեցած Ռուսաստանի հայերի միության եւ ՕԵԿ-ի նախաձեռնած «Հայ-ռուսական ռազմավարական համագործակցություն» թեմայով համատեղ քննարկման ժամանակ: ՌՀՄ-ի եւ ՕԵԿ-ի նախագահներ Արա Աբրահամյանը եւ Արթուր Բաղդասարյանն իրենց ելույթներում ներկայացրին իրենց ղեկավարած կառույցների մոտեցումներն հայ-ռուսական համագործակցության թեմայով, ինչպես նաեւ արածն ու անելիքը` ուրվագծելով զույգ կառույցների ծրագրերը եւ միանման մոտեցումները հարցերին:

«Հայաստանի անկախության 20 տարում հայ-ռուսական համագործակցությունն ավելի է ամրապնդվել, բոլոր ուղղություններով համարյա Հայաստանը կարողացել է աշխատել Ռուսաստանի հետ», այս գնահատականը հնչեցնելով` ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանը նաեւ բացատրեց, թե ինչո՞ւ է այս կարգի քննարկումը հատկապես ՌՀՄ-ի հետ կազմակերպվել. որովհետեւ ՌՀՄ-ն Ռուսաստանում ամենակարեւոր, ամենաազդեցիկ, մեծ հարգանք վայելող հանրային միությունն է` ներկայացված բոլոր մարզերում, բացի այդՙ արդյունավետ գործունեություն է ծավալում նաեւ Հայաստանում, աջակցում գիտությանը, մշակույթին, կրթությանը, եւ անձամբ Արա Աբրահամյանը մեծ ներդրում է արել հայ-ռուսական գործակցությունը իրականացնելու գործընթացում: Ա. Բաղդասարյանը հիշեց 2010 թվականին կնքված հայ-ռուսական ռազմաքաղաքական 10 պայմանագրերը` նշելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանի սահմանապահ ծառայություն է գործում: Ապա նա նշեց Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համագործակցությունը հատկապես վերջին այցի շրջանակում, որտեղ շատ կարեւոր համաձայնագրեր կնքվեցին ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարացման, ինչպես նաեւ այս ուղղությամբ գործակցության առաջնահերթությունների վերաբերյալ, որոնցով երկկողմանի ռազմական գործակցությունն, ըստ ԱԱԽ քարտուղարի, նոր մակարդակի է բարձրացվել: Նա հատկապես կարեւորեց Հայաստանում 7 համատեղ ռազմական ձեռնարկություններ ստեղծելու համաձայնագիրը: Բացի համաձայնագրերից` Հայաստանում ամեն տարի աշխատանքային պլաններ են կազմվում` տարվա կտրվածքով նախանշելով հայ-ռուսական համագործակցության աշխատանքները: Շուտով Հայաստանում ռուսական կապիտալ ներդրումները կգերազանցեն 1 մլրդ դոլարը, մեր երկրի գերակա ճյուղերում ներկայացված են այնպիսի ձեռնարկություններ, որոնց կապիտալի զգալի մասը ռուսական է: Մի խոսքով, ըստ Ա. Բաղդասարյանի, Հայաստանի քաղաքական ապագան սերտորեն կապվում է Ռուսաստանի հետ, մեր կապերն առավել պետք է խորացնենք` առանց հակադրելու այլ երկրների հետ հարաբերություններին, քանի որ 2,5 մլն հայ է ապրում Ռուսաստանում, այնպես որ այլ ճանապարհ չկա, քան կապերի ամրապնդումը:

Նա ներկայացրեց ՕԵԿ-ի պատկերացումները Ռուսաստանի հետ կապերի խորացման վերաբերյալ. նախ տնտեսական ոլորտում կապերը խորացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, Հայաստանի անվտանգության տեսակետից` ԵՄ, այլ երկրների հետ համագործակցությանը զուգահեռ` Ռուսաստանի հետ գործակցությունը պետք է ընդլայնել, երրորդ համագործակցության դաշտը մշակութայինն է, եւ ՌՀՄ-ի ջանքերին զուգահեռ այս բոլոր ոլորտներում պետության գործադրած ջանքերը եւս պետք է բազմապատկել:

Պատմելով Ռուսաստանի հայերի միության ծավալած աշխատանքների մասին` Արա Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի ամենամոտիկ բարեկամն է, բայց տնտեսական համագործակցության ողջ ներուժը չի գործադրված: Հիշեց, թե ինչու ստեղծվեց ՌՀՄ-ն, քանի որ 1500 հայկական տարբեր կազմակերպությունները անուժ էին, հաճախ 2-3 մարդով, չէին կարողանում ազդեցություններ գործադրել, հայանպաստ պատգամավորների ընտրությանը նպաստել: ՌՀՄ-ն երբ ստեղծվեց, այդ կազմակերպություններից ով ասելիք ուներ` ընդգրկվեց նրա մեջ: Հիմա ՌՀՄ-ն մի այնպիսի կառույց է, որ բարձր գնահատանքի է արժանացել ՌԴ-ում, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն են գալիս ու ելույթ ունենում ՌՀՄ լսարանի առջեւ` նրա կարծիքն այդ մարդկանց համար կարեւոր է. «Առանց չափազանցության մենք առաջին շարքում ենք, ՌՀՄ-ն կայացած կառույց է», ասաց Ա. Աբրահամյանը` ՌՀՄ-ի խնդիրների մեջ նշելով հայ-ռուսական բարեկամությանը, երկու երկրների նախագահների ձեռնարկների իրականացմանը նպաստելը, Հայաստանի սոցիալ- մշակութային կյանքին մասնակցելը` անելով հնարավորություններին համապատասխան ամեն ինչ: Նա առանձնացրեց Հայաստանի ազգային ակադեմիայի, Գրողների միությանը նպաստող ծրագրերը, ասաց ՌՀՄ այն առաջարկի մասին, որով նախատեսվում է մշտական գործող տնտեսական ֆորում հիմնադրել Հայաստանում: Այս վերջինը պետք է նպաստի միջին բիզնեսի զարգացմանը` ուսումնասիրելով մարզերի հնարավորությունները: Նա դժգոհեց Ռուսաստանի կայքեր Հայաստանից թափանցող այն նյութերից, որոնք սեւացնում են պետությունը, իշխանություններին ու եկեղեցուն, առաջարկեց նաեւ Մտավորականների ակումբ ստեղծել` մտավորականները պետք է գաղափարներ տան պետությանը:

Ի դեպ, ե՛ւ Արա Աբրահամյանը, ե՛ւ Արթուր Բաղդասարյանը նշում էին իրենց ղեկավարած կառույցների միանման մոտեցումների մասին եւ հայ-ռուսական հարաբերությունների, եւ մի խումբ այլ հարցերի վերաբերյալ:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Սերգեյ Օվերչենկոն նույնպես բարձր գնահատեց ՌՀՄ-ի դերը ինչպես Ռուսաստանի հայ համայնքի շրջանում, այնպես էլ ռուսական կյանքի տարբեր ոլորտներում ունեցած ազդեցության առումով, հայ-ռուսական համագործակցությունը բարձր մակարդակի անվանեց, հիշեց տնտեսական ճգնաժամի պիկին Ռուսաստանի ֆինանսական աջակցությունը Հայաստանին, գիտության ոլորտում համագործակցության մասին խոսեց ու մի քիչ էլ դժգոհեց մամուլից, որը, նրա կարծիքով, Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման դեմ ավելի շատ է գրել, քան` կողմ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4